«Շատ հավանական է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատումը պահպանվի. եթե իշխանությանը հաջողվի մինչեւ հունվար չեզոքացնել նախկին իշխանությանը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին, ապա մի կողմից` հնարավոր է, որ Մոսկվան ցանկանա ընդդիմությանը դարձնել իր ուժը, իսկ Արեւմուտքը ցանկանա ամեն ինչ անել` համաձայնության բերելու երկուսին, որպեսզի Մոսկվան դա չանի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների, քաղաքական ուժերի հնարավոր դասավորության մասին` նա ասել է, որ անկախ նրանից` ովքեր կհայտնվեն Ազգային ժողովում, Հայաստանի վիճակը մնալու է նույնը:
«Խնդիրներ կան, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն: Իրոք, երկիրը կանգնած է դժվարությունների շեմին: Ընդդիմադիր հատվածը պետք է կառավարման ղեկը վերցնելու փորձ կատարի: Միաժամանակ` Հայաստանում հնարավոր են կարծր զարգացումներ: Հայաստանը պետք է փոխի իր որակները: Դրա համար մենք պետք է կարողանանք բյուրեղացնել առկա իրավիճակը. դրանից է կախված մեր հետագա ճակատագիրը, միաժամանակ մեզ այժմ դինամիկ վիճակ է անհրաժեշտ: Եթե որակներս բարձր լինի, շատ ավելի հեշտ կանցնենք մեզ սպասվող դժվարությունները»,- նշել է Աշոտ Մանուչարյանը: Խոսելով Հայ ազգային կոնգրեսի մասին, նա ասել է, որ ՀԱԿ-ը շատ բան պետք է անի իր ներկա կարգավիճակը պահպանելու համար: «Նա պետք է ամրապնդի իր դիրքերը, հակառակ դեպքում` իրավիճակի տերն ամբողջությամբ մյուս կողմն է դառնալու: Ընդդիմությունը շատ հետաքրքիր դիրքում է հայտնվել. յուրաքանչյուր կողմ աշխատելու է նրա հետ ունենալ ինչ-ինչ հարաբերություններ: Հայաստանում բոլորը իշխանություն, փող եւ փառք են ուզում»,- ասել է նա: Անդրադառնալով վերջին կադրային փոփոխություններին` Մանուչարյանը նշել է, որ դրանցով իշխանությունը փորձում է աշխարհի իր ավագ գործընկերներին եւ սեփական ժողովրդին ցույց տալ, որ անհրաժեշտ փոփոխություններ ունակ է կատարել սեփական ուժերով: «Իրականում այդ փոփոխությունները ավելի շատ խորամանկություններ են պարունակում, քան կարող ենք պատկերացնել: Հաստավիզ օլիգարխներին գալու են փոխարինելու, այսպես կոչված, հարվարդյան երիտասարդները, որոնք ավելի վտանգավոր կլինեն, քան օլիգարխները»,- ասել է Մանուչարյանը: