Երեկ վերջապես գաղտնազերծվեց ՀՀ կառավարության` ԱԺ ներկայացրած հարկային փաթեթը։ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Վերջինս լրագրողներին ասել է, որ կառավարությունն առաջին հերթին այդ փաթեթով եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում` խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր պետք է գանձվեն: «Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք, որը նշանակում է` ավելի շատ եկամուտ ստացողը պետք է վճարի ավելի շատ հարկ: Մենք մտցնում ենք պրոգրեսիվ եկամտային հարկային համակարգ»,- ասել է փոխնախարարը։
Լրագրողները երեկ, բնականաբար, փորձել են ճշտել տարբեր քաղաքական ուժերի կարծիքը բյուջեի եւ արդեն իսկ հրապարակված հարկային փաթեթի վերաբերյալ։
«Բարգավաճ Հայաստանի» տեսակետը ներկայացրել է պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը կպաշտպանի Հայաստանի 2012 թվականի բյուջեի նախագիծը, եւ կարծիք է հայտնել, որ այս բյուջեն լավագույնն է վերջին մի քանի տարիների բյուջեների շարքում: «Պետական բյուջեի նախագծով նախատեսված է տարբեր տեսակի դեֆիցիտների կրճատում, որոնք եղել են նախորդ տարիներին: Սոցիալական առումով, բյուջեի նախագիծը նախատեսում է ավելի շատ սոցիալական ծախսեր, քան նախորդ տարիներին: Սա խոսում է այն մասին, որ փաստաթուղթն ուղղված է առավել սուր եւ անհետաձգելի սոցիալական խնդիրների լուծմանը` ներկա հնարավորությունների սահմաններում»,- ընդգծել է Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա կուսակցությունը 2012թ. պետբյուջեի քվեարկության հարցում դեռեւս վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` միաժամանակ ավելացնելով, որ տվյալ պահին կուսակցությունն ընդհանուր առմամբ բացասաբար է տրամադրված նախագծի նկատմամբ: «2011թ. բյուջեի հետ առանձնահատուկ տարբերություններ չկան, եթե չհաշվենք ծախսային մասին 41 մլրդ դրամի ավելացումը, որը կուղղվի կենսաթոշակների խղճուկ չափով ավելացմանը, իսկ 18 մլրդ դրամը, այսպես կոչված, սոցիալական փաթեթին»,- նշել է Մինասյանը` ավելացնելով, որ նախագիծն ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական ոլորտում էական առաջընթաց չի ենթադրում: «Կարելի է ասել, որ այսօր բյուջեն ծառայում է որպես յուրօրինակ նպատակ, ոչ թե նոր նպատակների հասնելու միջոց»,- ասել է նա` շեշտելով, որ ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ, բյուջեին բացասաբար է վերաբերվում, իսկ սոցիալական փաթեթին` դրական: «Այդ հասկացություններն անհրաժեշտ է սահմանազատել»,- նշել է պատգամավորը։
Բյուջեի, եւ, մասնավորապես, հարկային փաթեթի գնահատման հարցում բոլորովին այլ տեսակետ ունի ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Երեկ նա համոզմունք հայտնեց, որ հարկային փաթեթն ընդամենը աչքակապություն է։ Նախկին վարչապետի խոսքերով, հարկային փաթեթում հիմնական փոփոխություններն արվել են ՀԱԿ-ի հոկտեմբերի 28-ի հանրահավաքում իր իսկ ելույթից հետո։ Մասնավորապես, պրոգրեսիվ եկամտահարկի սահմանումը, ըստ նրա, միանշանակ կատարվել է իր ելույթից հետո։ Նույնը կարելի է ասել նաեւ շքեղության հարկի, հանքարդյունաբերության եւ օղու ակցիզային հարկի մասին։ «Ինչ-որ առումով սա նշանակում է, որ ընդդիմությունը (մասնավորապես` ես) կառավարությանը թելադրում է տնտեսական քաղաքականության օրակարգը»,- ասաց Բագրատյանը՝ ավելացնելով, որ կառավարությունն իրենց նշած քայլերը հաշվի է առնում՝ պարզապես ընդդիմության ձայնը խլացնելու համար։ Սակայն ամեն ինչ անում է աղավաղված։ Օրինակ՝ պրոգրեսիվ եկամտահարկի գաղափարը լավն է, սակայն, ըստ Բագրատյանի, սանդղակը (ամսական 2 միլիոն) եւ դրույքաչափը ծիծաղելի են։ Նույնը կարելի է ասել շքեղության հարկի մասին. ընդդիմությունն առաջարկել է մտցնել շքեղության հարկ` առաջին հերթին անշարժ գույքի մասով, եւ ոչ թե միայն 90 հազար դոլարը գերազանցող մեքենաների։ «Անունը կա, ամանում չկա»,- հարկային փաթեթի մասին ասում է Հ. Բագրատյանը եւ հարցնում՝ եթե պիտի աղավաղված անեն ամեն ինչ, ավելի լավ չէ՞ չանեն։ Ի դեպ, երեկ Սուրեն Կարայանը հայտարարել է, որ մյուս տարի կքննարկեն շքեղության հարկը նաեւ անշարժ գույքի վրա տարածելու նախագիծը։ Հ. Բագրատյանը համոզված է, որ դա պատասխան է՝ ուղղված իրեն։ «Չլինելով խորհրդարանում՝ ՀԱԿ-ի ճնշումից դողում են»,- ասաց նախկին վարչապետը։
Ինչ վերաբերում է հարկային մուտքերը 101 միլիարդով ավելացնելուն, ապա նախկին վարչապետը համոզված է, որ կարելի էր ավելի շատ հավաքել։ Պատճառն այն է, որ այդ գումարի մեծ մասը ստացվելու է տնտեսական աճի եւ գնաճի հաշվին։ Այսինքն՝ հարկային մուտքերը կարող էին մի քանի տասնյակ միլիարդով ավելացնել՝ առանց վարչարարության եւ հարկային օրենսդրության որեւէ փոփոխության։ Իսկ մամուլը, ըստ Բագրատյանի, հիմնականում կենտրոնացավ այն հարցի շուրջ, թե ինչպես է հավաքվելու այդ գումարը, եւ «ոչ ոք չասաց, որ 101 միլիարդը պարզապես նշանակում է, որ հարկերը չեն աճում»։ Այս առումով Բագրատյանը «բռավո» է ասում կառավարությանը, որ կարողացան ճարպկորեն հանրության ուշադրությունը շեղել գլխավոր հարցից։
Ինչ վերաբերում է բյուջեին եւ դրա հետեւանքներին, ապա Հ. Բագրատյանը համոզված է, որ այն ոչ մի լավ բանի չի բերելու եւ ընդունակ չի լինելու կանխել տնտեսական անկումը։ Հարկային բեռն էլ ծանրանալու է հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ուսերին։ «Տեսեք, բյուջեում աշխատավարձի բարձրացում չկա, բայց կա 5.5% գնաճ։ Այսինքն՝ բյուջեն ինքը խոստովանում է, որ ավելի վատ ենք ապրելու»,- ասում է նախկին վարչապետը։
Մենք փորձեցինք բյուջեի եւ հարկային փաթեթի վերաբերյալ տեսակետներ ստանալ նաեւ դրսում ապրող փորձագետներից։ Մեր զրուցակիցը (որն առաժմ գերադասեց չներկայանալ) աշխատում է ԱՄՆ-ում, բավականին հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցում։ Հարցին, թե ինչպես է գնահատում հարկային բեռի բարձրացումը, նա պատասխանեց. «Հարկային բեռի ավելացումը դասական պրո-ցիկլիկային ֆիսկալ քաղաքականության օրինակ է, որից ամբողջ աշխարհը զերծ մնաց ճգնաժամի ժամանակ, եւ որը սարսափելի մեծ սխալ է լինելու Հայաստանի դեպքում։ Այո, հարկային հավաքելիության խնդիր կա, բայց ավելի մեծ խնդիր կա՝ այս ճգնաժամային իրավիճակում տնտեսությանը չվնասել եւ միջին եւ փոքր ձեռնարկություններին ինչ-որ կերպ հաղթահարել ճգնաժամի նոր ալիքը։ Սակայն, ինչպես միշտ, անում ենք ճիշտ հակառակը»։ Կառավարությունը նշում է, որ հարկային բեռը կարելի է բարձրացնել ստվերի կրճատման հաշվին։ Սակայն մեր զրուցակիցը համոզված է, որ ստվերի հետ պայքարողը դրույքաչափ չի բարձրացնում։ «Դրույքաչափ բարձրացնողն արդեն իսկ պարտվել է ստվերի դեմ պայքարում։ Չնայած, երեւի ավելի տեղին կլինի ասել, որ այդ պայքարը երբեւիցե չի էլ եղել։ Այսօր կառավարությունը չունի մանդատ՝ ստվերի դեմ պայքարելու համար…»,- ասում է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում կա իշխանությունների հետ սերտաճած խոշոր բիզնես, որին թույլ է տրվում մնալ ստվերում՝ հարկ չվճարելու առումով։ Պարզապես հույսն այն է, որ բյուջեի ճեղքվածքը ֆինանսավորելու համար` այլ միջոցների իսպառ բացակայության դեպքում, կառավարությունը ստիպված է լինելու որոշ քայլերի դիմել՝ ստվերային որոշ հոսքեր հարկային դաշտ բերելու համար, գոնե ժամանակավորապես։ Ամեն դեպքում՝ կառավարության գործունեության հիմքում նա ավելի շատ տեսնում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնը. «Կարծում եմ՝ այս հարցում որոշիչը կլինի այն, թե գալիք ընտրությունների համար իշխանությունների համար ի՞նչն է ավելի կարեւոր՝ ունենալ ժողովրդի քվե՞ն (այդ դեպքում` հավանական է, որ ստվերի դեմ ինչ-որ քայլեր կարվեն), թե՞ օլիգարխների բարյացակամությունը։ Վերջին դեպքում բյուջեն կհամալրվի այլ կերպ. ասենք՝ դրամ տպելու միջոցով, որն, իհարկե, հղի է այլ վտանգներով»։ Ավելացնենք, որ փորձագետի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում։