«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (Steve Wozniak), 30 տարի շարունակ համարվելով Սիլիկոնային հովտի լեգենդ եւ բարերար, մեծ դերակատարում է ունեցել համակարգչային արտադրության կայացման գործում` նախագծելով Apple-ի առաջին հոսքագծի` Apple I եւ Apple II համակարգիչները եւ մասնակցելով նշանավոր Macintosh-ի ստեղծմանը:
1976թ.-ին Վոզնյակը Սթիվ Ջոբսի հետ հիմնել է Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի նախագծած Apple I անձնական համակարգիչը: Հաջորդ տարի նա ներկայացրել է Apple II անձնական համակարգիչն առանձին կենտրոնական ղեկավարող միավորով, ստեղնաշարով, գունավոր գրաֆիկայով եւ ճկուն սկավառակատարով: Apple II-ը հիմնարար դերակատարություն ունեցավ անձնական համակարգիչների արտադրության գործընթացում: 1981թ.-ին նա վերադառնում է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարան եւ ավարտում ուսուցումը` ստանալով էլեկտրական ճարտարագիտության/համակարգչային գիտության մասնագետի որակավորում: 1985թ.-ին Apple Computer-ում կատարված նվաճումների համար ԱՄՆ նախագահը Վոզնյակին է հանձնում Ամերիկայի առաջատար նորարարների համար նախատեսված բարձրագույն պարգեւը` Տեխնոլոգիայի Ազգային Մեդալը: Ս. Վոզնյակը մասնակցել է գործարար եւ բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունների` նպաստելով դպրոցներում համակարգչային հնարավորությունների ընդլայնմանը եւ խրախուսելով ուսանողների առձեռն ուսուցման եւ ստեղծարար մոտեցման ձեւաչափը: Ներդնելով իր ժամանակն ու ռեսուրսները կրթության մեջ` նա իր հովանավորության տակ է վերցրել Լոս Գաթոս դպրոցական թաղամասը` տրամադրելով ուսանողներին եւ ուսուցիչներին առձեռն ուսուցման նյութեր եւ գերժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Նա Էլեկտրոնային Սահմանների Հիմնադրամի հիմնադիրն է, ինչպես նաեւ` Տեխնոլոգիաների թանգարանի, Սիլիկոնային հովտի բալետի եւ Սան Խոսեի Մանկական հայտնագործությունների թանգարանի հիմնադիր հովանավորը: Այժմ Վոզնյակը Fusion-IO-ում զբաղեցնում է Գլխավոր Գիտնականի պաշտոնը: 2006թ. սեպտեմբերին Նորթոն Փաբլիշինգ հրատարակչությունում լույս տեսավ նրա հեղինակած «iWoz: From Computer Geek to Cult Icon» ինքնակենսագրությունը, որը «Նյու Յորք Թայմսի» կողմից ճանաչվեց բեսթսելլեր:
Ս. Վոզնյակը Հայաստան է այցելել` ստանալու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2011թ. մրցանակը: Այն մրցանակն ամեն տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատին: Մրցանակը հիմնադրվել է 2009թ., ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի հիման վրա: Հիշեցնենք, որ 1-ին դափնեկիրը՝ «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետն էր:
«Զվարթնոց» օդանավակայանում Ս. Վոզնյակին հայ երկրպագուները դիմավորեցին դրոշով, որի վրա պատկերված էր Հայաստանի դրոշի գույներով Apple-ի հայտնի խնձոր-լոգոտիպը: Ոմանք էլ Apple-ի լոգոտիպով շապիկներ էին հագել: Նրանցից մեկը Սթիվին խնձոր նվիրեց:
Ս. Վոզնյակն այցելեց «Սինոփսիս Արմենիայի» Գիտաարտադրական Կենտրոն եւ ուսումնական դեպարտամենտ, հանդիպեց ուսանողների հետ: «Տեխնոլոգիաները փոքր բաներից մեծ բաներ են ստեղծում: Ամեն ինչ կախված է փոքր միկրոսխեմաներից, որոնք մեծ բաներ են աշխատացնում: Ես ու Սթիվ Ջոբսը սկսել ենք ամեն ինչ առանց փողի: Մտածում էինք` ի՞նչ կարելի է ստեղծել առանց գումարներ ծախսելու: Երբ նոր էինք սկսում, չէինք էլ մտածում, որ մեր արածը մեզ գումար կբերի: Պետք է մեծ ուժ եւ խիզախություն ունենալ աշխարհում փոփոխություն անելու համար»,- հանդիպման ժամանակ պատմել է նա:
Երեկ նա այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), ուր նրան շնորհվել է Պատվավոր դոկտորի կոչում: «Այս կոչմանն արժանանալը մեծ պատիվ է ինձ համար: Հայաստանն արդեն ընդմիշտ իմ հոգու եւ սրտի մի մասն է, եւ այս համալսարանն արդեն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի: Այս կոչումը նշանակում է, որ ես դեռ կարող եմ ոգեկոչել երիտասարդներին նոր բաներ ստեղծելու»,- ասել է Ս. Վոզնյակը: Հանդիպման ժամանակ նա պատմել է, թե ինչպես եւ ինչու է որոշել դառնալ ճարտարագետ: «Ես սիրահարվեցի համակարգչին, որովհետեւ այն մարդուն հնարավորություն է տալիս ծրագրել այն, ինչ նա ուզում է անել: Դեռ վաղ տարիքից երազում էի անհատական համակարգիչ ունենալու մասին, եւ իմ լավ բարեկամ Սթիվ Ջոբսը, ով գնահատում էր գերազանցությունը կյանքում, հասկացավ սա, եւ մենք լծվեցինք այս գործին»: Վոզնյակը նաեւ պատմել է, թե ինչ ներդրում է ունեցել ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հաղորդակցության ապահովման մեջ Սառը պատերազմի շրջանում: «Մտածեք` ինչպե՞ս կցանկանայիք փոխել, կատարելագործել այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է: … Երբեմն թվում է, որ համակարգչային հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, սակայն նոր հայտնագործությունները ստիպում են մտածել, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»: Վոզնյակը խոստովանել է, որ ողջ կյանքի ընթացքում ինքն անկախ գյուտարար է եղել եւ չի կարող աշխատել մեծ կորպորացիայում. «Ես չեմ կարող ղեկավարել մեկ մարդու, ուր մնաց` կառավարեմ մի քանի հազար հոգի: Ինձ համար ավելի հոգեհարազատ են փոքր խմբերի ձեւավորումը եւ նոր ընկերությունների հիմնումը, որոնք գնում են միտումներին դեմ»:
Երեկ Սթիվ Վոզնյակը նաեւ հանդես է եկել մամլո ասուլիսով: Ապագայի տեխնոլոգիաների մասին խոսելով` նա ասել է. «Պետք է միշտ մտածել, թե ինչ նոր բան կարելի է ստեղծել, պետք է ներհայեցողական լինել, պատկերացնել, թե ինչպիսին կուզենայիր տեսնել սարքերն ապագայում: Օրինակ, պետք է նայել սարքին եւ հասկանալ` ի՞նչը դուր չի գալիս, կամ ի՞նչն ես հավանում: Հետո փորձում ես տեսնել, թե ինչը քեզ համար ցանկալի կլիներ ավելացնել: Ո՞րն է կարեւոր` մա՞րդը, թե՞ տեխնոլոգիան: Եթե մարդն է կարեւոր, ապա տեխնոլոգները պետք է մտածեն` ինչպես անել, որ մարդ ավելի մարդկային ապրի: Տեխնոլոգիաների աշխարհում մեծ հայտնագործությունները մարդու եւ սարքի շփման միջոցով են տեղի ունեցել եւ տեղի են ունենում: Մեր բջջային հեռախոսները հիմա ունեն թե՛ աչքեր (տեսախցիկ), թե՛ զգալու զգայարան (հպվում ես` զգում են), թե՛ լսողություն, թե՛ խոսք: Ամեն ինչ մարդկանց պես է: Անգամ բջջայինը մեր գտնվելու վայրն է կարողանում ճշտել: Մարդ գնում է դեպի իրական բանականության ստեղծում, մենք ամեն օր մոտենում ենք դրան, որ մի օր տեխնոլոգիաները մեր ընկերը դառնան: Այսօր ոչ թե մենք ենք հարմարվում համակարգչին, այլ համակարգիչը` մեզ»: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ամպային տեխնոլոգիաներն ապագա ունե՞ն, Վոզնյակը պատասխանել է. «Հիմա ամպային տեխնոլոգիաները համարվում են վերջին միտումը: Մարդիկ մտածում են, որ դրանց վստահելով` չեն կորցնի իրենց ինֆորմացիան, որ կարիք չի լինի թարմացնել ծրագրերը, եւ ավելի մատչելի կլինի օգտագործողի համար: Ճիշտ է, պահեստավորելու համար դրանք լավ են, սակայն, եթե հիմա ես հեռախոսիս ասում եմ` զանգիր այսինչ ընկերոջս` հեռախոսը մուտք է գործում ամպային սերվերներ, վերցնում ընկերոջս ինֆորմացիան եւ ապա զանգ կատարում: Սակայն, ինձ համար դա հիասթափեցնող է: Ես, հնարավոր է, չունեմ այդ լայնաշերտ կապը, որ մի սերվերից մյուս սերվերի հետ միանամ, կամ, օրինակ, եթե ես այսօր իմ ֆեյսբուքի ինֆորմացիան վստահում եմ ամպային տեխնոլոգիաներին, ստացվում է` ե՞ս եմ տնօրինում իմ ինֆորմացիան, թե՞ ուրիշի սերվերը: Կարծում եմ` ամպային տեխնոլոգիաները դեռ զարգանալու մեծ ճանապարհ ունեն անցնելու: Լավ կլիներ, որ մեր սարքերն առանց «ամպերի» կարողանային մեզ սպասարկել»: Ս. Վոզնյակն ասել է, որ լեհական եւ գերմանական արմատներ ունի: Խոստացել է` վերադառնալով տուն` Սիլիկոնյան հովտում պատմել Հայաստանի մասին, Հայաստանի պոտենցիալի մասին եւ կոչ անել ՀՀ-ում «Սինոփսիսի» պես հիմնել ուսումնական կենտրոններ:
Ի դեպ, այս օրերին երեւանցիներին զարմացրել էր այն փաստը, որ Apple computer կորպորացիայի համահիմնադիրը զբոսնում էր ոչ թե շքեղ մեքենաներով, այլ ինքնագլորով: Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում` ԱԳՆ եւ կառավարության շենքերի մոտակայքում անցորդներն առաջին անգամ էին տեսնում թանկարժեք կոտյումով ու հագուկապով մարդու` ինքնագլորով զբոսնելիս:
«Դուք չեք կարող նորարարություն գնել, որովհետեւ նորարարությունը սկսվում է դպրոցից»
Սթիվ Վոզնյակը խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել կրթական համակարգում եւ խրախուսել նորարարության ջիղը երիտասարդների մոտ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացում ապահովելու համար: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Վոզնյակն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տեխնոլոգիական նորարարության դարբնոցի` Սիլիկոնային հովտի հաջողությունների հիմքում ընկած են լավ դպրոցները եւ ճարտարագետները: Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտում զարգացում ապահովելու համար, Վոզնյակն ասել է` դժվար է պատասխանել, որովհետեւ հնարավոր չէ, ասենք, դրամ հայթայթել եւ նորարարություն գնել: «Դուք չեք կարող նորարարություն գնել, որովհետեւ նորարարությունը սկսվում է դպրոցից,- նշել է նա` հավելելով, թե ժամանակակից կրթական համակարգը, թերեւս, նորարարական ոգի ներշնչելու տեսակետից այնքան էլ լավը չէ: -Մենք դասավանդում ենք նույն առարկաները` նույն ձեւով, նույնատիպ դասարաններում, նույն ժամաքանակով, եւ այնուհետեւ` մենք ստուգում ենք երեխաներին տրված գիտելիքները, իսկ սա խնդիր է: Կապ չունի, թե ինչ եք անում, եթե շարունակում եք շարժվել նույն այդ բանաձեւով, դուք շատ առաջընթաց չեք ունենա»: «Ինտերնետի դարաշրջանում շատ դյուրին է աշխարհի ցանկացած կետում հանդես գալ նոր գաղափարներով, որոնք միանգամից կգրավեն մարդկանց ուշադրությունը: Դա այդքան էլ հաճախ չի լինում, սակայն, երբ դա տեղի է ունենում, սովորաբար արվում է երիտասարդ մարդկանց կողմից, որովհետեւ նրանց մոտ բացակայում են կարծրատիպերը, եւ նրանք կաշկանդված չեն դոգմաներով այն մասին, թե ինչպես է կառուցված աշխարհը»,- ասել է Վոզնյակը: Աշխարհի առաջին անձնական համակարգիչը ստեղծած նորարար ճարտարագետը հստակորեն տարբերակում է ճարտարագետներին եւ նորարարներին. «Կան ճարտարագետներ, որոնք կարող են ստեղծել ինչ-որ բաներ, օրինակ` ինտեգրացված շղթաներ միկրոսխեմաների վրա, եւ կան նորարարներ, ովքեր ստեղծում են այն, ինչ դուք դեռ չեք տեսել»:
«Ինչ վերաբերում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ ընկերությունների խրախուսմանը, ապա կարող եմ ասել, որ ոլորտն` ընդհանրապես, արդեն իսկ ունի պատմություն եւ մի շարք լավ տեխնիկական համալսարաններ, եւ դրանից պետք է սկսել,- ասել է Apple-ի համահիմնադիրը: -Բայց մի կաշկանդեք երիտասարդ մարդկանց գիտական աստիճաններով` կարեւորելով գիտական ինչ-ինչ աստիճան ունենալու փաստը: Դա այդքան էլ լավ չէ, երբ ընկերությունները այս ոլորտում աշխատանք փնտրողներից պահանջում են միայն դիպլոմներ: Պետք է նկատել երիտասարդներին, ովքեր ինքնուրույն են մտածում եւ ունեն նոր, լավ գաղափարներ` իսկական նորարարներին: Շատ լավ է, եթե դուք բազմաթիվ երիտասարդներ ունեք համալսարաններում, եւ այդ համալսարաններն ունեն հնարավորություններ` միգուցե տրամադրված մասնավոր ընկերությունների կողմից: Լավ կլինի, որ բուհերում ուսանող ու ընկերություններում աշխատող երիտասարդներն ունենան ստեղծագործելու ազատություն: Ընդ որում, այդ երիտասարդների աշխատանքը չպետք է ունենա միայն կոմերցիոն նպատակներ, այլ կարող է ծառայել հենց իրենց գիտելիքների զարգացմանը: Եվ երբեմն դա կբերի մի ցնցող արդյունքի, որից կարող է օգտվել նաեւ այդ արդյունքին մոտ կանգնած ընկերությունը, որը ստեղծել էր վերոհիշյալ հնարավորությունը»: Հարցին, թե ի՞նչն է երկիրը դարձնում մրցունակ այս թվային դարաշրջանում, Վոզնյակը պատասխանել է. «Ես չեմ սիրում դատողություններ անել, թե տվյալ երկիրը մյուս երկրի նկատմամբ որքանով է մրցունակ: Որոշ առումներով` ինչպես, օրինակ, աշխատավարձերի, Հայաստանում բիզնեսի համար գործունեություն ծավալելը ավելի բարենպաստ է, քան, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ արդյունք ստանալն ավելի ծախսատար է»:
ՏՏ ոլորտում զարգացումն ու մրցունակությունը սկսվում է «համապատասխան մարդկանցով, համապատասխան մշակույթ ձեւավորելով»` ասել է նա: «Ես կասեի, որ մի երկրում, որն ունի լավագույն շախմատիստներ… շախմատային մտածելակերպը համահունչ է ճարտարագիտության եւ համակարգիչների արտադրության մեջ կիրառվող աշխատանքին, որտեղ պետք է մտապահես բազմաթիվ սխեմաներ, իրարից անկախ ուղիներ, արդյունքներ: Բայց պետք է քաջալերել մարդկանց, որ նրանք սովորեն լինել աշխարհում լավագույնը եւ լինեն լավագույնը»,- ասել է Վոզնյակը:
Շատերին հուզող հարցին` ի՞նչ կլինի Apple ընկերության հետ Սթիվ Ջոբսից հետո, Վոզնյակը պատասխանել է. «Այն մշակույթը եւ սիմվոլները, որ Apple ընկերությունը ստեղծել է, հավանաբար, ավելի շատ կպահպանվեն Apple-ում, քան իրենց ազդեցությունը կունենան աշխարհի այլ ընկերությունների վրա: Այնպես որ, կարճատեւ հեռանկարում Apple-ն ունի նոր արտադրանք տալու մեծ ներուժ: Հաճախորդները ցանկանում են ապրանքը տեսնել գեղեցիկ, գրավիչ, շատ պարզ ու օգտագործման համար դյուրին: Եվ Apple-ի հաճախորդները շատ բացասաբար կարձագանքեն, եթե ընկերությունը սկսի ետ մնալ Սթիվ Ջոբսի օրոք լույս աշխարհ եկած արտադրանքների որակից: Կան ընկերություններ, որոնք ժամանակի ընթացքում ստեղծել են հոյակապ ապրանքներ: Օրինակ` Leica լուսանկարչական սարքերը… եւ հարյուր տարի այս ընկերությունները շարունակում են արտադրանք տալ նույն` բարձր որակով: Դա գրեթե պարտադիր է»:
Իսկ ինչ վերաբերում է իր կողմից Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությանը` Վոզնյակը միայն նշել է, թե չունի սեփական ներդրումային հիմնադրամ: