1988թ. երկրաշարժից առաջ Վանաձորի (նախկին Կիրովականի) բնակչության թիվը եղել է 172,5 հազար մարդ: Այն ժամանակ քաղաքային ժողդատարանում կային 4 դատավորներ (գումարած եւս 1-ը՝ Գուգարքի տարածքի համար): Ներկայումս, երբ բնակչության թիվն, արդեն մի քանի տարի է, 95-100 հազարի շրջանակներում տեղապտույտ է տալիս, դատավորների թիվը Վանաձորի նստավայրում դարձել է 7 (շուրջ մեկ տարի է, դատավորների թվին ավելացել է եւս 2-ը): Ըստ տեղեկությունների, դատավորների թիվը նախատեսվում է նույնիսկ 8 դարձնել, եւ սա` այն դեպքում, երբ կա եւս մեկ՝ տնտեսական գործերով դատավոր (այս կարգի դատավորը, եւ, առհասարակ, «տնտեսական դատարան» հասկացությունը նախկինում չկար): Հետաքրքիր է, ո՞րն է դատավորների թվի ավելանալու իմաստը, եթե բնակչության թիվը պակասում է: Ի դեպ, վերջերս ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից, ինչպես նաեւ` Գլխավոր դատախազությունից Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանում ստուգումներ են անցկացվել, ինչի արդյունքում դատավորներից մեկը խիստ նկատողություն է ստացել (եւ այժմ գտնվում է արձակուրդում), մյուսը՝ սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Հետեւաբար, այստեղ կրկին նոր նշանակումներ են սպասվում: