Նամակ Քլինթոնին

12/11/2011

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կապված վերջինիս հայտարարության հետ, որում անհանգստություն է հայտնվում Թուրքիայում կրոնական սեփականության բռնագրավման վերաբերյալ: «Կիլիկիայի Սուրբ աթոռը մնում է բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հիվանդանոցների, ծերանոցների, դպրոցների, մանկապարտեզների, հուշարձանների, գերեզմանոցների եւ այլ կրոնական օբյեկտների օրինական սեփականատերը, որոնք ներկայումս գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ սեփականությունը, ինչպես նաեւ անհամար շարժական գույք Օսմանյան կայսրությունը անօրինականորեն բռնագրավել է Հայ եկեղեցուց, սկսած 1890-ական թվականներից` մինչեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Իրականում, Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների մասին ողբերգական պատմության, ինչպես նաեւ` կրոնական օբյեկտների բռնագրավման ու ոչնչացման մասին փաստաթղթերը պահպանվում են տարբեր երկրների կառավարությունների, եկեղեցիների ու ուսումնական հաստատությունների կողմից, այդ թվում` ԱՄՆ Պետքարտուղարության արխիվային հիմնադրամներում»,- ասված է նամակում: