Մեր երկրում առաջնահերթությունը տրված է ինտրիգներին, խարդավանքներին: Քաղաքական բոլոր ուժերն իրենց մտավոր (համեստ) եւ ֆիզիկական (հզոր) ներուժը օգտագործում են վերարտադրվելու նպատակով: Բնության մեջ, որպես կանոն, վերարտադրվում են լավագույնները, քաղաքական կյանքում` հակառակը: Եվ քանի որ Բնության եւ քաղաքականության սկզբունքները միմյանց ակնհայտորեն հակասում են, բնապահպանության խնդիրները հայտնվում են լուսանցքում: Դրանցով հիմնականում մտահոգված են հասարակական կազմակերպությունները, անհատները: Նրանցից մեկն է երգասաց, գրող Վահրամ Թաթիկյանը, ով տարվա զգալի մասն անց է կացնում գյուղում, մշակում իր այգին, վերհիշում Բնությանը նվիրած իր 400 երգերը:
– Պարո՛ն Թաթիկյան, էկոլոգիական խնդիրներն ա՛յս սրությունը պիտի որ չստանային: Ի վերջո, Ղարաբաղյան շարժումը սկսվեց էկոլոգիական շարժումից: Այսինքն` Հայաստանի էկոլոգիական խնդիրները նույն հարթության վրա են, ինչ Ղարաբաղն ու այդ տարածքում ապրող բնակչության կենսունակությունը:
– Նախ` ես այլեւս Վահրամ Թաթիկյան չեմ: Ամեն մարդ մանկուց իրեն ինչ-որ անունով է պատկերացնում: Ես իմ անունից երբեք չեմ կարող հրաժարվել (մեծն Վահրամ Փափազյանն է այն որոշել), սակայն ինձ զգացել եմ Ատոմ եւ ցանկացել եմ ունենալ հենց ա՛յդ անունը: Որոշեցի ամփոփել իմ ապրածը եւ անվանս ավելացնել նաեւ Ատոմը: Դիմեցի իմ շատ լավ բարեկամին` Հունաստանի թեմի առաջնորդ հայր Խորեն Առաքելյանին, Շողակաթ եկեղեցում նորից կնքվեցի եւ պիտի պնդեմ, որ այսուհետ ինձ կոչեն Վահրամ Ատոմ Թաթիկյան:
– Ինչո՞ւ հենց Ատոմ:
– Ատոմ Գնունին իմ սիրելի հերոսն է «Վարդանանքից»: Խորենացին բացատրում է նախարարական յուրաքանչյուր տոհմի անվան առաջացումը: Ըստ այդմ` նրանք կոչվեցին Գնունի, քանի որ միայն նրանց էր արտոնված լինել արքաների մատռվակ: Իսկ գիտե՞ք` ինչ է նշանակում դա. որքա՜ն հավատարիմ պիտի լինես արքայիդ, որ քեզ վստահվի թագավորների գինին լցնելու գործը: Գիտենք, որ գինու միջոցով կարելի է արքաներին թունավորել: Այնպես որ, խնդրում եմ սա ընդունել` որպես պաշտոնական հայտարարություն:
– Հետայսու անպատճառ հաշվի կառնենք: Վերադառնանք զրույցի ելակետին:
– Ինչպես գիտենք` 50 հասարակական կազմակերպություններ զբաղվում են բնապահպանության գրանտների հայթայթմամբ: Եվ ուրեմն, երբ ասում են` 50, ես ավելացնում եմ` «եւ գումարած մեկ»: Ես` որպես անհատ: Կասկածներ են հնչում` ի՞նչ կարող է անել մեկ անհատը: Անհատը կարող է անել ավելին, քան հասարակությունը: Հայերը սիրում են` «հասարակական կյանք», «հասարակություն», «հասարակական կազմակերպություններ» եզրերը: Ի՞նչ բան է հասարակությունը…
– Սրամիտ մեկն ասում է, որ «հասարակություն» բառի արմատը «հասարակն» է:
– Նա ճիշտ է: Այսինքն` եթե ճիշտ թարգմանենք, հասարակությունը պլեբսն է, հասարակ մարդը` պլեբեյը կամ, ինչպես Գրիգոր Մագիստրոսը կասեր, գռեհիկ մարդը: Հիմա` ինչո՞ւ ընտրեցինք «հասարակության» նման հոմանիշ: Որովհետեւ, երբ որոշում ես բառը, նա տանում է իր ետեւից:
– Բառի ձեւը պայմանավորում է նաեւ բառի բովանդակությո՞ւնը:
– Անշո՛ւշտ: Մեր պատմությունն այնպես է ընթացել, որ այն կերտել են զորեղ անհատները: Ընդունված է այն կարծիքը, որ մենք անհատների ազգ ենք: Ունենալով 60-ից ավելի տարիների փորձ` պետք է իսպառ հերքեմ այդ տեսակետը. մեր ժողովրդի 99,98 տոկոսին առհասարակ բնորոշ չէ անհատականությունը: Ինչո՞ւ: Ես չեմ մեղադրում ժողովրդին: Մենք ունեցել ենք մի քանի տասնյակ անհատներ, ովքեր իրենց տաղանդով ցույց են տվել` ինչի է ընդունակ մեր ժողովուրդը: Մեզ մոտ, հատկապես 1920-ից մինչ օրերս, հասարակությանը հանում են անհատի դեմ: Այսինքն` պլեբսին հանում են անհատի դեմ: Եվ տարբեր ժամանակներում անհատին տարբեր ձեւով են ոչնչացրել: Անհատ Աբովյանը, 19-րդ դարի սկզբի միակ ուսուցիչն ու մտավորականը, ոչնչացվեց հենց ռուսների ու ազերիների ձեռքով: Չարենցը, ով եկել էր լավագույն մղումներով, կիրթ եւ ինտելիգենտ մարդ, նրա դեմ ո՞վ հանդես եկավ` իր մերձավոր շրջապատը, հասարակությունը: Չարենցին ոչնչացնելը դարձրին հասարակական պահանջ: Չշարունակեմ: Պլեբսը դառնում է զենք` անհատներին ճնշելու: Առաջ գնդակահարում էին, հիմա այլ ձեւ են գտել` անհատը տրորվում է այնպես, որ չկայանա, եւ ստիպված չլինեն հետագայում նրան ճնշել, աքսորել:
– Արդյունավետ միջոց է երեւում. այսօր անհատների չես գտնի անգամ ճրագով:
– Անհատականությունը փրկելու թերեւս մեկ միջոց կա` հեռանալ: Մեր երկրում ճնշվում է մարդու` իրավունք ունենալու իրավունքը: Մեզ մնացել է միայն մեկ իրավունք` Հայաստանից գնալու իրավունքը, ինչից էլ օգտվում ենք: Եվ ի՞նչ. մնացինք առանց ստեղծագործող անհատների, գիտնականների: Գրողները մնացին, որովհետեւ դրսում իրենց կարդացող չկա: Սա 90-ականներից անգամ խրախուսվում էր: Գնացե՛ք, կպակասեն ուտող, մտածող, դժգոհող մարդիկ: Բնական հարստությունները, հանքերը լավ շահագործելուց հետո օլիգարխներն էլ են գնալու: Նրանք Հայաստանը չեն դիտում` իբրեւ հայրենիք, ընկալում են` իբրեւ անշարժ գույք:
– Մենք գործ ունենք երկու տարբե՞ր հասարակությունների հետ` ներկայիս եւ 20 տարի առաջվա հասարակությունը:
– Նշեցիք, որ Ղարաբաղյան շարժումը սկսվեց էկոլոգիական շարժումից: Պետք է ասեմ, որ էկոլոգիական շարժում` որպես այդպիսին, Հայաստանում երբեւիցե գոյություն չի ունեցել: Պարզապես Խորհրդային կայսրության մի մասն էինք, եւ մտավորականներից ոմանք` առաջադեմ երեւալու համար, ուսումնասիրում էին այդ խնդիրները: Ղարաբաղյան շարժումը չի եղել համազգային: Հաղթել է, որովհետեւ այն ժամանակ կար կազմակերպված հասարակություն: Հասարակությունն ուներ կառուցվածք` գիտահետազոտական ինստիտուտներ, գործարաններ, փողոցներ, փողոցի տղաներ: Այն ժամանակվա փողոցն այսօրվա փողոցը չէ: Փողոցի տղաները մեծ հեղինակություն ունեին եւ պատվախնդիր էին: Ղարաբաղի պատերազմի ժամանակ հենց այդ տղաները` կռվարար, հայհոյանք տվող, անգամ` դատված, բոլորը զենք վերցրեցին, ու շատերը գնացին նրանց հետեւից: Բոլոր կոլեկտիվներում ստեղծվեցին «Ղարաբաղ» կոմիտեի բաժանմունքներ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամները միտինգավարներ էին, այն ժամանակվա շոումեններն էին, ովքեր պարզապես անհրաժեշտ մթնոլորտ էին ստեղծում: Այսօր չունենք գյուղ, գործարան, փողոց: Հասարակությունը` ամբոխի, ամբոխը` խալխի է վերածվել:
– «Խալխն» էլ` պլեբսի: Եվ այդ պլեբսը կարող է գնել, օրինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունն, ու այն հողին հավասարեցնել: Կարող է ուղղաթիռներով որսի գնալ արգելոցներ, առանձնատան բակում գիշատիչ կենդանիներ պահել, կատաղած ավանակին գցել առյուծի վանդակ… Սա արդեն «էլիտար» պլեբսն է:
– Ցավալի բաներ եք ասում: Երկար ժամանակ պետություն չունենալով` մեր ժողովրդին հաղթել են նյութական մոտեցումները: Յուրաքանչյուր հայ, կուսակցություն ձգտում է գնալ վերեւ, որպեսզի անի այն, ինչ հիմա անում են նրանք, ովքեր վերեւում են: Օրինակ` խորշելի, այպանելի մի բան. երբ վերջին հանրահավաքների ժամանակ բանը հասավ զուգարաններին, իրեն ընդդիմադիր շարժման առաջնորդ հռչակողն ասում է. «Այսօր Հայաստանն ունի բնապահպանական կարեւոր խնդիր»: Մտածեցի` կարո՞ղ է նա լինի քաղաքական առաջին լիդերը, ով կխոսի բնապահպանությունից: Ի դեպ, մեր երեք նախագահների նախընտրական ծրագրերից իսպառ բացակայում է «բնապահպանություն» բառը: Պարզվեց, որ մեր բնապահպանական հարցն այն է, որ պետք է բացվեն զուգարանները: Այդպիսի՜ լպիրշություն: Դրանով նա նախ` հեգնեց այն բնապահպանական շարժումը, որի շնորհիվ եկել է իշխանության: Ինչպե՞ս կարելի է բնապահպանությունն իջեցնել արտաքնոցների աստիճանի:
– Կարծում եմ` գույները խտացնում եք: Զուգարանների խնդիր իրո՛ք կար, եւ այդ մասին լռելով` խնդիրը չէր վերանա: Զուգարանների անհրաժեշտության մասին լուրջ տոնով խոսելն անլրջություն կլիներ, եւ հավանաբար փորձ է արվել հումորի ոլորտ տեղափոխել դրա լուծումը:
– Չէ՜, նա շատ էլ ճիշտ բառերն օգտագործում է: Ասաց` «հիգիենիկ-բնապահպանական հարց»: Ինչ վերաբերում է բնապահպանությանը, եկեք բառը ճիշտ գործածենք. մեր երկրում չկա «Բնապահպանության նախարարություն»: Կա «Բնաշահագործման նախարարություն»: Այն մարդը, ով հարբած կրակում է ճայերի վրա, ստանում է «Մխիթար Գոշ» շքանշան: Խոսքը Վարդան Այվազյանի մասին է, ում օրոք բնապահպանությունն արդեն խայտառակ վիճակի մեջ էր: Ես ինձ` որպես քաղաքացի, վիրավորված եմ զգում: Այսօր կա խորհրդականների ինստիտուտ. նրանք են նախագահին ներկայացնում շքանշանների հավակնորդներին, նրանք էլ ունեն իրենց շահագրգռությունը: Յակով Զարոբյանն ուներ միայն երեք խորհրդական: Երկրի առաջին դեմքն այս խճողված քաղաքական իրադրության մեջ ակամայից ստանձնել է արտգործնախարարի դերը: Մյուսներն էլ ձգտում են դեպի խորհրդարան: Գաղափարները չէ, որ մարդկանց առաջնորդում են այնտեղ: Միմիայն նյութականը: Ես հասկացա` ինչպես կարելի է Հայաստանը հանել այն ճգնաժամից, որը պատճառ է մյուս ճգնաժամերի: Հայաստանն այսօր անհատի բարոյական անկման խնդիր ունի: Իսկ ճգնաժամից դուրս գալու իմ մանրակերտի հիմքում Բնությունն է:
– Մեր հավաքական բանականությունը գահավիժել է այնքան, որ բնությունն ընկալում ենք բացառապես որպես սպառման, շահույթ ստանալու միջոց: Թեեւ կարելի է մխիթարվել` կան երիտասարդները, ովքեր գիշեր-ցերեկ, հետեւողականորեն պայքարում են` բնության հանդեպ իշխանությունների եւ հասարակության վերաբերմունքը փոխելու ուղղությամբ:
– Հասարակական-բնապահպանական 50 կազմակերպության մեջ մոտ 1000 մարդ կա: Դա ուժ եւ քանակ չէ: Օրինակ` Սթինգն իր համերգների հասույթը նվիրում է Ամազոնի ջունգլիներին: Դա ողջ երկրագնդի թոքերն են: Երբ ինձ առաջարկեցին Կոնսերվատորիայի մոտ մասնակցել նման էկոլոգիական համերգի, տեսա` ովքեր են կազմակերպել այդ քաղաքական եւ ջղագրգիռ միջոցառումն, ու մերժեցի: Ելույթ ունեցողների մեծ մասը գրում են քաղաքական դժգույն երգեր: Գիտեք, առաջ անտառի համար էին պայքարում, այսօր` ամեն ծառի: Սա ուժերի վատնում է: Թեեւ պետք է արձանագրեմ` երբեք ավելի լավ սերունդ չենք ունեցել: Նայում եմ մեր հայուհիներին` ազատ, պայքարող: Հայ կինը ազատագրվում է, իսկ տղամարդը, զարմանալի է, չի կարողանում. նա ավելի է նյութից կախված: Օրերս ես սքանչանում էի. ամբողջ գիշեր չեմ քնել. համացանցում հայտնաբերեցի մի չքնաղ պատկեր, որ կոչեցի «Երկրածագ»: Տիեզերանավից լուսանկարված էր, թե ինչպես է ծագում Երկիրը Լուսնից: Պարզվում է` Տիեզերքում Երկիրը երեւում է կապույտ պղպջակի նման: Հանկարծ հասկացա, թե ինչու է Աստված իր նմանությամբ արարածներին բնակեցրել հատկապես այս մոլորակում: Իսկ ի՞նչ ենք մենք անում մեր ծովերի, օվկիանոսների հետ: Վերեւից մեր Երկիրը կապույտ է, բայց բավական է նայենք ներքեւից, կտեսնենք, որ տիղմի մեջ է: Մարդկության միակ խնդիրը պետք է լինի` պահպանել այդ կապտությունը, արարչագործությունը: Եվ արդարացնել իր գոյությունը: Համոզել, որ ինքն ավելի բարձր է, քան անասունը: Թեեւ ես ամբողջ ժամանակ գյուղում եմ լինում, առավոտյան սքանչանում եմ` ինչպես են երգում թռչունները: Անգամ գյուղի ագռավներն ու կաչաղակներն են երգում: Քաղաքում Մատենադարանի մոտ եմ ապրում: Այնտեղի ագռավներն այնքան են միտինգներ լսել (ի դեպ, ագռավները յուրացնելու սոսկալի հատկություն ունեն), ելույթ ունեցողների նման են կռկռում: Առավոտվա մեջ այնքան գեղեցկություն, փառաբանում կա: Կովի բառաչը կամ ծաղիկների բացվելը, բուրալը: Երվանդ Քոչարը մի անգամ ասաց.« Հապա մի նայիր այս բացված եւ բուրող խնձորենուն: Տեսնո՞ւմ ես` ծառերն ինչպես են արտահայտում իրենց ուրախությունը` բուրում են: Ի՜նչ ողորմելի են մարդիկ: Հավատացած եմ, որ Աֆրիկայում կա մի անարատ ժողովուրդ, որը այդ ծաղկի նման բուրում է»: