«Ոմանք կարծում են, թե Ադրբեջանը` դառնալով ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, կարողանալու է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, սակայն դա սխալ պատկերացում է»,- «SalamNews»-ին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նաեւ հավելել է. «Սակայն դա սխալ պատկերացում է: Դիմենք պատմությանը: Թուրքիան, որն ունի կիպրական հիմնախնդիրը, մի քանի անգամ եղել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Արդյո՞ք կարողացել է նա լուծել այդ խնդիրը` օգտվելով իր կարգավիճակից: Կամ, օրինակ, Պակիստանը, որը 50 տարի շարունակ չի կարողանում կարգավորել Քաշմիրի խնդիրը: Եթե չեմ սխալվում, Պակիստանը 7 անգամ եղել է ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, եւ ինչի՞ է նա հասել: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս ինքնախաբեությամբ չզբաղվել: Այսինքն` պետք չէ մտածել, թե դրանով մենք լուծելու ենք մեր բոլոր խնդիրները»: Նրա խոսքով` Ադրբեջանի համար իրականում հեշտ չի լինելու ղարաբաղյան հիմնախնդիրը մտցնել ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ` ասելով. «Նախ` Ադրբեջանը մուտք է գործում համաշխարհային քաղաքականության խոհանոց: Բնականաբար, դա նոր հնարավորություններ է ստեղծում: Այսինքն` տարբեր որոշումների ընդունման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները, որոնք պետք է համոզեն Ադրբեջանին, ստիպված են լինելու սերտ համագործակցել մեր դիվանագետների հետ: Ստեղծվում է հնարավորություն փոխադարձը պահանջելու համար»: Մուսաբեկովը նաեւ հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են` ընդգծելով, որ դա Ադրբեջանի համար նույնպես շահեկան է: «Ենթադրենք` հայերը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ դեպքում խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու եւ ԱԽ-ի միջոցով հայերին հարված հասցնելու հնարավորություն կստեղծվի»,- ասել է Մուսաբեկովը` հավելելով, որ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները չցանկանան, ապա ոչ մի հարց էլ քննարկման չի դրվի: