Ցավամոքիչ կաղամախին
Կաղամախին կամ բարդի անտառայինը (POPULUS TREMULA) անվանում են նաեւ «դողդոջուն բարդի»։ Բույսի տերեւների խտությունը, ի տարբերություն այլ ծառերի, ավելի մեծ է, դրանք նաեւ նվազ ճկուն են։ Տերեւակոթունները երկար են եւ բարակ, որի պատճառով օդի թեթեւակի տատանումից անգամ տերեւները շարժվում են եւ արձակում նուրբ, մեղմիկ սոսափյուն, կարծես «զրուցելով» միմյանց հետ։ Հեթանոսական ժամանակներում կաղամախին համարվել է կյանքով լի բույս։
«Աղի» բառը ունի ուրարտական ծագում, հայերեն լեզվում օգտագործվում է շատ հնուց` «լսել», «ձայն տալ» իմաստով բառը ստուգաբանված է ուրարտագետների կողմից։
Կաղամախի բառի մեջ «աղի» արմատը ընկալվել է նույնիսկ երկու անգամ կ-աղ-մ-ախի, հնարավոր է` «ձայն կա լսի» իմաստով։
Հեթանոսական ժամանակներից պահպանվել են բազմաթիվ հավատալիքներ, երբ կաղամախու միջոցով գուշակում են, թե որ հասկը լավ բերք կտա` գարի, ցորեն, հնդկացորեն, վարսակ, սիսեռ։
Աշնանային վարակներից պաշտպանվելու համար կրել են բույսի կեղեւը, բնափայտի մշակված կտորը ամրացրել են ցավոտ տեղին, դրել գլխատեղի տակ` գլխացավի դեմ։
Քրիստոնեական մշակույթում համարվում է, որ փրկիչը խաչվել է կաղամախու բնափայտից պատրաստված խաչի վրա, եւ այդ պատճառով Աստվածամայրը անիծել է բույսը, իսկ դավաճան Հուդան կախվել է կաղամախու ծառու ճյուղի վրա։ Սակայն կա նաեւ տարակուսանք, թե բույսը երբեւիցե չի աճել Պաղեստինում, այն տարածված է Եվրասիայի բարեխառն կլիմայական գոտում եւ հասնում է մինչեւ տունդրայի սահմանը։
Հավատացել են նաեւ, որ ցանկապատին ամրացված բույսի տերեւը թույլ չի տա, որ չար ուժերը թափանցեն տուն, սակայն պետք չէ սարքել տունը բույսի բնափայտից։ Համարվել է, թե արյունախում չարքին սպանելու համար պետք է խոցել նրա սիրտը` կաղամախու բնափայտից պատրաստված ցցով։
Հովհաննես Դրաստանակերտցին պատմելով Եսայի Կաթողիկոսի մասին` նշում է, որ Վեհափառը Նիգ գավառի Աղապատրուշ գյուղից է։ Գյուղը գտնվում է Ծաղկունյաց լեռների ստորոտում, Արագածից ճիշտ դեպի Արեւելք, եւ այդ առանցքի վրա են գտնվում նաեւ Կեչառիսի վանքը եւ Լճաշենը։ 1988թ. գյուղը վերանվանվել է որոշ փոփոխությամբ Եղիպատրուշ (պարսկական ժամանակաշրջանից` Տամջլու, հետո` Մռավյան)։
Ակադեմիկոս Ղափանցյանը ստուգաբանել է Եղի-պատրուշ=վերին քաղաք (Եղվարդ=վերին ջուր)։ Եթե որպես հիմք ընդունենք Դրաստանակերտցու նշված գյուղի Աղա-պատրուշ անվանումը, ապա կարելի է ստուգաբանել Աղա+(պ)ատրուշ=ձայների բագին, որտեղ քուրմերը գուշակություններ են արել` ունկնդրելով բնության ձայները։
Խորենացու պատմությունից գիտենք, որ հին հայերն իրոք ունեցել են նման պաշտամունք, հայտնի է նաեւ, որ Արագածի Արեւելյան լանջերը խիտ անտառապատ են եղել։ Կաղամախին ուռազգիների ընտանիքի ծառ է` բարձրությունը կարող է հասնել` մինչեւ 35, տրամագիծը` 1 մ։ Արամատները առանցքային են, շատ խորը, տալիս են բազմաթիվ կողային ծիլեր։ Արագ աճող բույս է, համեմատաբար կարճ է ապրում` 80-150 տարի։ Սաղարթը ձվաձեւ է կամ լայն գլանաձեւ, բնի կեղեւը` բաց գույնի` կանաչ ձիթամոխրավուն, խորը ճաքերով, մանր ծաղիկները հավաքված են արական կարմրավուն կամ իգական կանաչ ավելի կարճ եւ բարակ կատվիկների մեջ։ Ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են հունիսի վերջին։
Հայաստանում տարածված Է Արագածոտնի, Սյունիքի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Վայքում։ Հարմարվում է գրեթե բոլոր տեսակի անտառներում, աճում է նաեւ ձորակներում, գետերի ափին, ամենուր։ Բնափայտը համեմատաբար թեթեւ է, չի փտում ջրում, ջերմունակությունը ցածր է, մշակումից որոշ ժամանակ անց ստանում է գեղեցիկ ոսկեգույն փայլ։ Մեղուներն արական ծաղիկներից հավաքում են ծաղկափոշին` մեղվահաց պատրաստելու համար, իսկ բողբոջից` ակնամոմի հումք։ Որպես բուժիչ հումք` մթերում են կեղեւը, տերեւը, մատղաշ ընձյուղը, բողբոջը։
– Կեղեւը մթերում են վաղ գարնանը` բաց կանաչ գույնի ճյուղերից, որոնք մի քանի օր կախում են արեւին, 30-40 օր չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Պարունակում է շաքարներ, արոմատիկ նյութեր, դեղին եւ կանաչ ներկանյութի պիգմենտներ, ճարպայուղ։
– Տերեւները հավաքում են մայիս-հունիս ամիսներին, չորացնում 50-60 աստիճան C-ի տակ ջեռոցում։ Պարունակում է օրգանական թթուներ (մրջյունի, գինու, կիտրոնի, խնձորի, թրթնջուկի, ֆումարի, այլ), 43 մգ կարոտին (100 գ մեջ), ֆլավոններ, 470 մգ ասկորբինաթթու, ֆենոլգլյուկոզիդ։
– Բողբոջը հավաքում են նախքան բացվելը եւ անմիջապես չորացնում ջեռոցում (50-60 աստիճան C)։
Պարունակում է ռաֆինոզա, օրգանական թթուներ, գլիցերիդ (ֆենոլկարբոնային), եթերային յուղ, բուրումնավետ թթուներ։
Բոլոր մասերը պարունակում են դաբաղանյութ, գլյուկոզիդներ, սալիցին, պոպուլին, այլ։
Հումքի պահպանման ժամկետը 3 տարի է։
Կաղամախին հնագույն ժամանակներից լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, քրտնաբեր, կապող, հակաբորբոքային, վերքամոքիչ, վերքերը բուժող, ցավազրկող հատկություն։
Դեղատոմսեր
Նոր սկսվող շաքարային դիաբետ. 1ճ/գ չոր մանրացրած կեղեւը 30 րոպե եփեք 400 մլ ջրի մեջ թույլ կրակի վրա, ծածկեք տարան տաք լաթով, թրմեք 3 ժամ։ Քամեք, խմեք 40-50 մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք 3 ամիս, փոքր (1-2 օր) ընդմիջումներով։ Օգտակար է նաեւ ստամոքսաբորբի, մարսողության խանգարման, լուծի դեպքում։
Հոդատապ. 1 թ/գ չոր բողբոջը եփեք 15 րոպե 200 մլ ջրում (ջրային բաղնիք), թրմեք 45 րոպե։ Քամեք թանզիֆով, մզեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Օգտակար է, որ դնեք թրջոց ցավոտ հոդերին։
Երիկամների, միզապարկի բորբոքում. Թարմ կեղեւի 1 ճ/գ-ն 15 րոպե եփեք թույլ կրակի վրա 200 մլ ջրում։ Քամեք, խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։
Միզապարկի լորձաթաղանթի բորբոքում. Պատրաստեք չոր բողբոջով 10 տոկոսանոց ոգեթուրմ, 5 օր թրմեք օղու մեջ։ Քամեք։ Խմեք 15-ական կաթիլ, օրը 3 անգամ։
– 20գ չոր բողբոջը, կեղեւը, տերեւը առանձին կամ ցանկացած մասնաբաժնով խառնած 10 րոպե եռացրեք, փաթաթեք տաք լաթով, 30 րոպե թրմեք։ Քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3 անգամ։
Կամ`
– Չոր, մանրացրած 1 ճ/գ կեղեւը 30 րոպե եռացրեք 200 մլ ջրում, թրմեք, մինչեւ հովանա (մոտ 45 րոպե)։ Քամեք, վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Կեղեւի եփուկն օգնում է նաեւ գիշերամիզության դեպքում։
Ցավեր կոնքազդրային հոդերում, շարժողական ֆունկցիայի խանգարում. Լավ տրորեք թարմ տերեւները, ամրացրեք ցավոտ հատվածին։
Դիզենտերիա. 1 ճ/գ չոր, մանրացրած կեղեւը 30 րոպե եռացրեք 400 մլ ջրում, քամեք տաք վիճակում (60-70 աստիճան), մզեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ, մեղրաջրի հետ (40-50 մլ), սնվելու ընթացքում։
Այրվածք, վերք, խոց. Փոշիացրեք չոր բողբոջը, խառնեք կարագի հետ (1։2)։
Գորտնուկ. Աղացեք տերեւը, մզեք հյութը, քսեք օրը մի քանի անգամ։ Օգտակար է նաեւ հասարակ հերպեսի դեպքում։