Երեկ Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Այլ պաշտոնում Էրեբունու արդեն նախկին ոստիկանապետի նշանակման մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ Գրիգոր Գրիգորյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանի պաշտոնանկությունն առնչություն ունի նրա ենթակա, Էրեբունու փոխոստիկանապետ Միհրան Քեշիշյանի դեպքի հետ: «Տեղակալի հետ կապված դեպքը որ տեղի է ունեցել, միանշանակ պետք է արդյունքում լիներ նաեւ սա: Ամեն մի ղեկավար պատասխանատու է իր անձնակազմի համար»,- ասել է Ն. Նազարյանը:
Իսկ ինչ վերաբերում է փախուստի մեջ գտնվող Մ. Քեշիշյանին, ապա Ն. Նազարյանն ասել է. «Ինձ թվում է` ինքը խելամիտ կլինի եւ կգա, կներկայանա, եթե` ոչ, կգտնեն միանշանակ, չի կարող փախուստի մեջ մնալ»: Իսկ ինչ վերաբերում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, ապա Ն. Նազարյանն ասել է. «Ես իմ տեղում աշխատում եմ ավելի լավ, բարձր տրամադրությամբ, նախարարն ինձ ասել է, որ պիտի ավելի լավ եւ երկար աշխատենք միասին»: