Նոյեմբերի 7-8-ը Բրյուսել էին մեկնել հայաստանյան 4 կուսակցությունների ներկայացուցիչները. ՀՀԿ-ից` Տիգրան Սարգսյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, եւ «Ժառանգությունից»` Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք Բրյուսելում մասնակցում էին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին, որտեղ քննարկվում էին ԵԺԿ-ին իրենց կուսակցությունների անդամակցության հայտերը: Այս կուսակցությունները տարբեր ժամանակներում դիմել են ԵԺԿ-ին` անդամակցելու համար, եւ վերջապես որոշվել է քննարկել այդ հարցը: Տեղեկացնենք, որ ԵԺԿ-ն Եվրոպայի ամենամեծ քաղաքական կազմակերպությունն է, որին տարբեր կարգավիճակով անդամակցում են 39 երկրների 75 կուսակցություններ: ԵԺԿ-ի անդամ կուսակցություններն իրենց երկրներում ունեն պետության ու կառավարության 23 ղեկավարներ, որոնցից 17-ը` Եվրամիության անդամ երկրներում: Ունեն նաեւ ԵՄ 13 հանձնակատարներ: ԵԺԿ-ն ամենամեծ խմբակցությունն ունի Եվրախորհրդարանում` 264 անդամ: Բնականաբար, ԵԺԿ-ն խմբակցություններ ունի եվրոպական բոլոր` ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ եւ այլ կազմակերպությունների վեհաժողովներում: Այդ պատճառով էլ հայաստանյան կուսակցությունները ցանկանում են նման կարեւոր քաղաքական ուժի մաս կազմել: Նախօրեին հայաստանյան 4 կուսակցությունների հայտերի քննարկումից հետո` նոյեմբերի վերջին Հայաստան է ժամանելու ԵԺԿ-ի փաստահավաք առաքելությունը` որոշելու համար, թե որքանով են այս քաղաքական ուժերը համապատասխանում իրենց պահանջներին: Օրինակ, պահանջներից մեկն այն է, որ կուսակցությունները պետք է ունենան Հայաստանի եվրոպական ապագայի տեսլական: Պետք է բոլոր վեհաժողովներում անդամակցեն ԵԺԿ խմբակցությանը, եւ այլն: Այս երկու պահանջներին համապատասխանում է «Ժառանգություն» կուսակցությունը: Մյուսները, օրինակ, տարբեր վեհաժողովներում անդամակցել են տարբեր կուսակցությունների: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ՀՀԿ-ական ղեկավար Դավիթ Հարությունյանն անդամակցել է Լիբերալ կուսակցությանը: Պահանջներից մեկն էլ այն է, որ կուսակցությունը պետք է ունենա ժողովրդավարական ուղղվածություն, ներքին ժողովրդավարություն, կուսակցության գործունեությունը պետք է համապատասխանի ծրագրերին, եւ այլն: Հատկապես իշխանական կուսակցությունների դեպքում այս չափանիշները գոյություն չունեն, եւ մինչեւ տարեվերջ կպարզվի` որքանով դրանք կգոհացնեն ԵԺԿ-ին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն օրինակ է բերում Parliamentmonitoring.am կայքի ուսումնասիրությունները, որտեղ իրենց կուսակցության ծրագիրն ու քայլերը համընկնում են: Չեն համընկնում, սակայն, կոալիցիոն կուսակցությունների խոսքն ու գործը:
Դեկտեմբերին արդեն Մարսելում տեղի է ունենալու կուսակցության համագումարը, եւ եթե մինչ այդ փաստահավաք առաքելությունը դրական եզրակացություն տա մեր 4 կուսակցություններին, նրանք կհրավիրվեն համագումարին եւ կհամարվեն անդամ: Այդ համագումարին կուսակցությունները մասնակցում են ամենաբարձր մակարդակով` չի բացառվում, որ ներկա լինեն Նիկոլա Սարկոզին, Անգելա Մերկելը, Սիլվիո Բեռլուսկոնին, եթե, իհարկե, մինչ այդ հրաժարական չտա: Տեղեկացնենք նաեւ, որ ԵԺԿ-ին արդեն անդամակցել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միավորված ազգային շարժում» կուսակցությունը, Ուկրաինայից նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կուսակցությունը: Ադրբեջանի հետ կապված դեռ քննարկումներ չկան:
Նշենք նաեւ, որ ԵԺԿ-ի լիարժեք անդամ կարող են լինել միայն ԵՄ անդամ երկրների կուսակցությունները, մյուսներն ընդունվում են դիտորդ անդամի կարգավիճակով: Այնուամենայնիվ, հայաստանյան այս կուսակցությունների համար ինչո՞ւ է կարեւոր ԵԺԿ-ին անդամակցելը: «Դա մի նոր հարթակ է կուսակցության մոդեռնիզացիայի, փորձի փոխանակումների եւ այլ խնդիրների համար: Շփվում ես հսկայական կուսակցական ընտանիքի տարբեր անդամների հետ: Դա նաեւ մի հարթակ է, որտեղ ՀՀ-ն ի դեմս անդամակցող կուսակցությունների` ձեռք է բերում բարեկամներ: Կարեւոր է, որ ամենատարբեր վեհաժողովներում անհրաժեշտ պահի ունենաս բարեկամ գործընկերներ եւ չլինես միայնակի կարգավիճակում: Այդ խողովակները թույլ են տալիս չերեւացող աշխատանք տանել ցանկալի խնդիրների հետ կապված»,- ասում է Ս.Սաֆարյանը:
ԵԺԿ-ն, սակայն, բլիթի հետ միասին, ունի նաեւ մտրակ: Անդամակցությունից հետո կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել: Յ.Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին արգելվեց մեկնել Բրյուսել եւ հանդիպումներ ունենալ եվրոպական ղեկավարների հետ: Եվրախորհրդարանի Նախագահ Եժի Բուզեկը Եվրոպական պառլամենտի անունից խիստ հայտարարություն էր արել Ուկրաինայի եւ Վ.Յանուկովիչի հասցեին, եւ այլն: Եվ այդ ամենի մեջ իր գործուն ազդեցությունն է ունեցել ԵԺԿ-ն: Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ այդ երկրի պատվիրակները դժգոհել են, թե այդ կառույցում ՈՒկրաինայի մասին բանաձեւի նախագիծը գրվել է ԵԺԿ-ում: Ամեն դեպքում մեր հատկապես կոալիցիոն կուսակցությունները պետք է ցույց տան, որ իրենք ժողովրդավար են եւ սիրում են ԵԺԿ-ի ու եվրոպական արժեքները: Եվ իզուր չէ, որ վարչապետ Տ.Սարգսյանն այդ քննարկումների ժամանակ ելույթ ունենալիս հայտարարեց, թե «նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Հակառակ դեպքում ԵԺԿ-ն կարող է խիստ որոշումներ ընդունել: Այն, որ եվրոպական կառույցների համար հատկապես կարեւորվում է առաջիկա ընտրությունների որակը, արդեն նկատելի է նրանց հայտարարություն-պահանջներից: Մեր երկիր կատարած այցելությունների ու կուսակցությունների հետ հանդիպումների ժամանակ այդ հարցը կարեւորել է նաեւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը: Կկարողանա՞ն կամ կցանկանա՞ն արդյոք ՀՀ իշխանություններն իսկապես այս հարցում եվրոպացիներին գոհացնել: «Ես մի փոքր լավատես եմ այս առումով: Եթե ուշադրություն դարձնեք` նախորդ ընտությունների ժամանակ միջազգային կառույցներն ընդամենը ցանկություն էին արտահայտում, հիմա պահանջ է դրվում: Եվ իշխանությունների համար այս ընտրությունների ընթացքը ճակատագրական նշանակություն կարող է ունենալ ոչ միայն ԵԺԿ-ի հետ իրենց հարաբերությունների առումով, այլ նաեւ ՀՀ-ԵՄ կտրվածքով»,- ասում է Ս.Սաֆարյանը:
«Անդամակցությունը կամ համագործակցությունը այս կամ այն քաղաքական ուժի հետ ինքնանպատակ չէ: Մենք դա անում ենք, որովհետեւ կա դրա գաղափարական եւ համակարգային անհրաժեշտությունը: ՀՀ նախագահը բազմաթիվ անգամ է ասել, թե Հայաստանը Եվրոպա է իր արժեքային համակարգով, ուստի մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ: Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ եւ մեկ անգամից բազմաթիվ հարցեր չեն լուծվում, եւ եվրոպական երկրներում էլ կան բազմաթիվ խնդիրներ: Կարեւորն այն է, որ մենք ընտրել ենք ճիշտ ճանապարհ»,- ավելացրեց ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: