– Կառավարությունն արդեն ներկայացրե՞լ է Հարկային նոր փաթեթը, այն հաջորդ շաբաթ քննարկվելո՞ւ է Ազգային ժողովի լիագումար նիստում: Տեղեկություններ կան, որ քննարկումների արդյունքում գործադիրը մի քանի անգամ ետ է տարել այդ խոշոր նախագիծը եւ այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկել:
– Հինգշաբթի մենք արդեն կստանանք այդ փաթեթի վերջնական տարբերակը: Մոտ 21 օրենքներ են փոփոխության ենթարկվել, որոնց մի մասն ընդգրկվելու են փաթեթի մեջ: Կան նաեւ փոփոխություններ, որոնք կարելի է դիտարկել որպես առանձին օրինագծեր: Համոզված եմ, որ երկուշաբթի կքննարկենք փաթեթը, այն արդեն վերջնական տեսքի է բերվել: Փաթեթի վրա մոտ մեկուկես ամսվա աշխատանքները տվեցին իրենց դրական արդյունքները: Նախնական տարբերակը բավականին փոփոխվել է:
– Ի՞նչ դրական արդյունքներ եք գրանցել:
– Դրական արդյունք է այն, որ հանվել են սոցիալական տարբեր խմբերից սկսած` մինչեւ փոքր եւ միջին բիզնեսի վրա նախնական տարբերակով առաջարկված հարկային պարտավորությունները: Փաթեթը առաջարկում է ավելացնել խոշորների եւ շքեղության հարկային պարտավորությունները:
– Նախնական տարբերակում, օրինակ, առաջարկվում էր բարձրացնել սոցիալական ապահովության վճարները, 50 տոկոսով բարձրացնել տեղական արտադրության գինու, օղու, գարեջրի ակցիզային հարկը, նախատեսվում էր նաեւ հանրային սննդի օբյեկտների, խաղատների ու գազալցակայանների հաստատագրված հարկի բարձրացում: Դրանք պահպանվե՞լ են:
– Դրանց 90 տոկոսը հանվել է: Գինու վրա չկա, որովհետեւ դա ավանդական արտադրություն է, կոնյակի վրա չկա, բարձրացվելու է գարեջրի, սպիրտի եւ ներկրվող թանկարժեք օղիների ակցիզային հարկը: Սոցիալական խոցելի խմբերը միջոցառումների ժամանակ օգտագործում են հիմնականում տեղական արտադրության էժան օղի: Եթե ուզում ես շքեղ ապրել, ուրեմն շատ հարկ վճարիր:
– Օղիներից բացի, շքեղության հարկը այլ դրսեւորումներ ստացե՞լ է:
– Այո, օրինակ, 90 հազարից դոլարից թանկ կամ 350 ձիաուժից ավելի հզորություն ունեցող ավտոմեքենաների հարկումը ավելանալու է մինչեւ 20 տոկոս: Հաստատագրված վճարների դեպքում մինչեւ 50 քմ հանրային սննդի օբյեկտների վրա ավելացում չկա: 50 քմ-ից ավելի տարածքների դեպքում կան չնչին ավելացումներ: Այստեղ առաջարկում ենք մտցնել նաեւ գոտիականության գործակից` Երեւանը եւ մարզային տարածքները տարբերակելու համար: Հանվել է գազալցակայանների հաստատագրված հարկը բարձրացնելու առաջարկը: Եկամտահարկի եւ շահութահարկի դեպքում պրոգրեսիվ հարկ է մտցվել: Տարեկան 2 մլն դրամից ավելի շահույթի դեպքում հարկը 5 տոկոսով աճում է:
– Նախօրեին ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ Հարկային այդ փաթեթի արժեքը 10-14 մլրդ դրամ է: Բայց նախնական տարբերակով այն նախատեսում էր մոտ 45 մլրդ դրամ հավելյալ հարկային հավաքագրումներ: Փաստորեն այդ փոփոխությունների արդյունքում հարկային փաթեթի «արժեքը» 30 մլրդ դրամով նվազե՞լ է:
– Ասում են, թե շատ դեպքերում ԱԺ-ն նույն կառավարության ներկայացրած օրինագծերն ընդունում է այն տեսքով, ինչպես բերվել են: Բայց այս օրինակն ապացուցեց, որ այդպես չէ: Դա մոտ ամիսուկես քրտնաջան աշխատանքի ու փոխհամաձայնությունների` ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի մակարդակով, քննարկման արդյունքն է: Հանրությունը տեսնում է միայն այն մասը, որ օրենքը բերեցին ու ընդունեցին: Թե օրենքն ինչի միջով ենք անցկացրել, դժվար է ասել: Ամեն դեպքում կառավարությունը փորձում է ԱԺ-ից ավելի շատ գործիքներ ուզել, իսկ ԱԺ-ն զսպում է այդ ցանկությունը: Քաղաքական ղեկավարությունն էլ ընդունում է ճիշտը: Սա դրա լավագույն օրինակներից մեկն է: Կառավարության հետ քննարկման ընթացքում եկանք միջանկյալ տարբերակի վրա, եւ ակնկալվող հարկերը 46 մլրդ դրամից նվազվեց, եւ մնացած ողջ բեռը թողնվեց շքեղության, խոշոր հարկատուների, ստվերի կրճատման վրա:
– Ընդերքի վերաբերյալ փաթեթի ընդունման դեպքում էլ ակնկալվում են ընդամենը 2-3 մլրդ դրամի հավելյալ հարկային հավաքագրումներ: Մինչդեռ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ այդ թիվը շատ ավելի մեծ պետք է լինի, քանի որ կտրուկ ավելանում են հանքարդյունահանման ծավալներն ու հանքանյութի միջազգային գները:
– Ոչ, նա դա միայն ռոյալթիների վճարների հետ է կապել, որն անցած տարի վճարվել է 19 մլրդ դրամ, այս տարի` 21 մլրդ: Բայց եթե ես ավելին եմ վաճառում, միայն ռոյալթի չեմ վճարում, շահութահարկ, ԱԱՀ եւ այլ հարկեր եմ վճարում: Նախնական հաշվարկով` միայն ռոյալթիի մեջ 3-4 մլրդ դրամ ավելի հավաքագրումներ են ակնկալվում, իսկ իմ կարծիքով` դա ավելի շատ կլինի: Եվ վերջնական հաշվով եկամտահարկի, շահութահարկի ու այլ հարկերի մեջ էլ ավելացումը կարտահայտվի:
– Կառավարությունը երբ հայտարարեց, թե հաջորդ տարի 101 մլրդ դրամով ավելի հարկեր պետք է հավաքի, այդ ժամանակ հարկային փաթեթը նոր էր ներկայացվել, եւ այդ փաթեթը գնահատվում էր 45-46 մլրդ դրամ: Հիմա փաթեթի արժեքն իջեցվել է մինչեւ 14 մլրդ դրամ: Այս պարագայում որքա՞ն եք հավանական համարում հավելյալ 101 մլրդ դրամի հավաքագրումը:
– Եթե 4-4,5 տոկոս ՀՆԱ-ի աճ է լինում, եւ այդքան էլ գնաճ, այդտեղից մոտ 60 մլրդը դուրս է գալիս: Եթե մենք նայում ենք բյուջետային միջոցների տարեկան աճին, դա հնարավոր է: Տարի է եղել, որ եկամուտները մինչեւ 130 մլրդ դրամ աճել են:
– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հայտարարությունը, որ 101 մլրդ դրամ հավելյալ հավաքագրումը իրատեսական չէ եւ ռիսկային է:
– Բոլոր դեպքերում բյուջեն կանխատեսումային փաստաթուղթ է, բայց կանխատեսումները հիմնավորված են ճշգրիտ հաշվարկների վրա: Նրանք պարզապես բարձրացնում են այն ռիսկային գոտիները, որոնց պարագայում կարծում են, որ եկամտային մասով կունենան որոշակի խնդիրներ:
– Եթե այդ 101 մլրդը հաջողվի հավաքագրել, կանխատեսվում է, որ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 16,9-ից կհասնի 17,5 տոկոսի: Չե՞ք կարծում, որ սա շատ ցածր ցուցանիշ է եւ ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության մեջ ստվերը բավականին մեծ է:
– Եթե մենք դրան էլ գումարենք նաեւ կենսաթոշակային վճարները, որոնք առանձին հարկատեսակ են, կկազմի մոտ 21 տոկոս, եթե վարչական գործիքների կիրառումն էլ ՀՆԱ-ի նկատմամբ 2-3 տոկոս արդյունք տա, մենք լուրջ առաջընթաց կունենանք: Բայց ամբողջ գյուղատնտեսական ոլորտը չի հարկվում, մինչդեռ ՀՆԱ-ի մեջ այն մոտ 13 տոկոս է կազմում: Խնդիր կա: Համենայնդեպս, կառավարության իր գործունեության ծրագրի կամ միջնաժամկետ ծրագրերի համաչափությունը պահպանել ենք: