Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի շտաբի պետը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով: Այդ մասին հայտնում են ՊՆ քննչական ծառայությունից, ըստ որի` N զորամասի շտաբի պետին 3 հազար դոլար կաշառք տալու մասին օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում նոյեմբերի 8-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով` «Կաշառք ստանալը, որը կատարվել է խոշոր չափերով», ընթանում է նախաքննություն: Ձերբակալված սպայի անուն-ազգանունը չեն հայտնում: Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատիժը չորսից տասը տարվա ազատազրկումն է` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: