Խաչակրաց արշավանք` ընդդեմ տպագիր մամուլի

10/11/2011

Երեկ Մամուլի ազգային ակումբը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Զրպարտության եւ վիրավորանքի հանցակազմերի ապաքրեականացումից հետո տպագիր մամուլի դեմ ծայր առած արշավը Հայաստանում հանգեցրել է ազատ խոսքի էական սահմանափակումների, ըստ էության` գրաքննության վերականգնմանը, ինչի ականատես ենք վերջին շրջանում: Այս հանցակազմերի ապաքրեականացումը գուցե արդյունավետ եւ օգտակար է ժողովրդավարական կայացած պետություններում, սակայն Հայաստանի պես ավտորիտար համակարգերում, պարզվում է, զրպարտության հանցակազմի քրեականացումն էր, որ պաշտպանում էր լրագրողներին իշխանությունների կողմից համակարգված իրավական հետապնդումներից: Տպագիր մամուլի (մոտ ապագայում չի բացառվում նաեւ` տեղեկատվական կայքերի եւ սոցիալական մամուլի) համար ստեղծվել է մի իրավիճակ, որ խնդրի լուծման միակ տարբերակը, ցավոք, մնում է Սահմանադրական դատարանում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի քննությունը: Մամուլի ազգային ակումբը ՄԻՊ-ին կոչ է անում դատական քննության ընթացքում նախեւառաջ հաշվի առնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իրավակիրառման պրակտիկան: ՄԱԱ-ն պատահական չի համարում, որ տարբեր հանգամանքներ ունեցող եւ տարբեր դատավորների կողմից քննվող գործերը նույնօրինակ վճիռներով են ավարտվում: Սա արդեն լուրջ պատճառ է զրպարտության եւ վիրավորանքի հանցակազմը ապաքրեականացնող հոդվածն ամբողջությամբ հակասահմանադրական գնահատելու համար: Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունները տպագիր մամուլի դեմ խաչակրաց արշավանք են սկսել: Այս արշավանքում պարտվողը լինելու է հասարակությունը, ապա եւ` հայոց պետականությունը»: