Փոխադարձ անվստահություն

18/11/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ներկայումս արտաքին առեւտրի համաշխարհային ծավալները գերազանցում են օրական 5 մլրդ դոլարը: Դեռեւս դարեր առաջ միջազգային առուվաճառքն իրականացվում էր հետեւյալ սխեմայով. ապրանքը նավով գնում էր մի երկրից մյուսը, հետո կանխիկ փողը նույն ճանապարհով ուղարկվում էր վաճառողին: Բնականաբար, այս մեխանիզմը գլոբալացված աշխարհում այլեւս չի կարող գործել: Գոյություն ունեն նոր ձեւեր, որոնց անմասն չէ նաեւ Հայաստանը:

Այս գործընթացին «խառնվում են» բանկերը, քանի որ վերջիններս ունեն հսկայական ֆինանսական միջոցներ, թղթակից բանկերի միջոցով՝ կապեր ամբողջ աշխարհի հետ: Սակայն բանկերը զուտ փող փոխանցող միջնորդ չեն, նրանք արտահանողներին ու ներմուծողներին տարբեր ֆինանսավորման եղանակներ են առաջարկում: Օրինակ, ինկասոյի դեպքում ապրանքը նախ հասնում է գնորդին, հետո գնորդին սպասարկող բանկը զբաղվում է վաճառողին ֆինանսավորելու հարցերով, իսկ ակրեդիտիվի պարագայում հակառակ շղթան է գործում: Այս եղանակը նախընտրելի է, երբ գործընկերները միմյանց չեն վստահում, նոր են սկսել համագործակցությունը, ուստի ներմուծողի բանկն ակրեդիտիվ է բացում` այդ մասին տեղեկացնելով արտահանողի բանկին: Արտահանողն իրեն ապահով է զգում, որ գումարն անպայման կստանա, այնուհետեւ ուղարկում է ապրանքը: Այսպիսի շատ գործիքներ են կիրառվում աշխարհում, իսկ Հայաստանո՞ւմ: Այս առնչությամբ զրուցեցինք Զարգացման հայկական բանկի առաջատար մասնագետ Աննա Անանյանի հետ: Վերջինիս խոսքերով, մեր բանկային համակարգն արդեն յուրացրել է միջազգային պրակտիկայում գործող արտաքին առեւտրի սպասարկման գործիքները: Գրեթե բոլոր հայաստանյան բանկերն այսօր կիրառում են հիմնականում ակրեդիտիվ, ինկասո եւ երաշխիք: Ի դեպ, երաշխիքի սկզբունքը հետեւյալն է. ներմուծողի բանկն արտահանողին երաշխավորում է, որ նույնիսկ գնորդի չվճարելու դեպքում ինքը գումարը կփոխանցի: Մեր համակարգը տեխնիկական պրոբլեմներ չունի, քանի որ բոլոր բանկերը միացված են հեռահաղորդակցման SWIFT համակարգին, բայց, այնուամենայնիվ, առկա են մի շարք հիմնախնդիրներ:

Հիմնական գործիքը, որ Հայաստանում կիրառվում է, ակրեդիտիվն է: Դա կարելի է բացատրել հետեւյալ կերպ: Մեր երկիրը շարունակում է մնալ մեծ ծավալներով ներմուծող, իսկ օտարերկրյա արտահանողները հայաստանյան գնորդներին, մեղմ ասած, չեն վստահում՝ հաշվի առնելով երկրի տնտեսական-քաղաքական անկայունությունը, հայ գործարարների գործունեության մասին անտեղյակությունը եւ այլն: Ուստի, նրանք պահանջում են, որպեսզի Հայաստանի ներմուծողներն իրենց հետ ակրեդիտիվով աշխատեն: Իսկ վերջինս բավականին թանկ հաճույք է (միայն ակրեդիտիվ բացելը նվազագույնը 100 դոլար արժե)՝ չնայած, որ գները նվազման միտում ունեն:

Համաշխարհային պրակտիկայում պարտադիր չէ, որ ներմուծողն ակրեդիտիվ բացելիս անպայման գումարը փոխանցի բանկին: Իսկ հայաստանյան բանկերը, չվստահելով իրենց հաճախորդներին, կիրառում են հենց այդ մեխանիզմը: Այսինքն, այս համակարգում ամեն ինչ, ըստ էության, ի վնաս ներմուծողի է: Ա. Անանյանի խոսքերով, այնուամենայնիվ, ակրեդիտիվների նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, քանի որ այլընտրանք չկա. արտասահմանյան արտահանողի պահանջն է այդպիսին: Եթե 2002թ. ընթացքում մեր բանկային համակարգը սպասարկել է 127, 2003թ.՝ 216 ակրեդիտիվ, ապա անցյալ տարի դրանց թիվը հասել է 258-ի:

Բացի այդ, առկա են նաեւ մի շարք տեխնիկական բնույթի հիմնախնդիրներ: Քանի որ ակրեդիտիվ բացող բանկն արտահանողից պահանջում է ապրանքի որակի վերաբերյալ տարբեր փաստաթղթեր, հիմնականում դրանց ուղարկման հետ կապված պրոբլեմներ են ծագում, ակրեդիտիվի փոփոխման անհրաժեշտություն է առաջանում, լրացուցիչ ծախսերն անխուսափելի են դառնում: Ա. Անանյանը վստահեցնում է, որ գործընթացի հարթ ընթացքի դեպքեր քիչ են եղել:

«Հայ գործարարները նորմալ չեն պատկերացնում արտաքին առեւտրի սպասարկման գործիքների առաջարկած հնարավորություններն ու դրանց առավելությունները, իսկ նրանցից շատերը նույնիսկ անտեղյակ են դրանց գոյության մասին»,- ասում է Ա. Անանյանը՝ դա համարելով արտաքին առեւտրային համակարգի զարգացման գործում լուրջ հիմնախնդիր:

Ի դեպ, առաջխաղացում կա նաեւ հայաստանյան արտահանման համակարգի «քաղաքակիրթ» դառնալու գործում: Մասնավորապես, դեպքեր են եղել, որ հայ խոշոր արտահանողներն իրենք են պահանջել արտասահմանյան ներմուծողից ակրեդիտիվ բացել՝ դուք կարող եք մեզ չվստահել, իսկ մենք ձեզ՝ ո՞չ: