Էլի սոցիալական

10/11/2011

Օտարերկրյա պետություններից ստացվող ֆինանսական աջակցության կրճատման արդյունքում ՀՀ բյուջեի ծախսային մասը 57 մլրդ դրամով կկրճատվեր, եթե այլ աղբյուրներ չգտնվեին: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ըստ որի` 2012 թ. բյուջեով նախատեսվող 4.2% ՀՆԱ աճը կապահովվի ՀՆԱ կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնց արդյունքում շինարարության չափաբաժինը 10%-ով նվազել է նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքի համեմատ: Այդ 10%-ը, ըստ Գ. Մինասյանի, տեղաբաշխվել է գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում: «Գնաճային ճնշումները նվազել են, եւ ցանկացած, նույնիսկ անբարենպաստ պայմաններում կապահովենք ԿԲ կանխատեսումը` 4.5%»,- ասել է Գ. Մինասյանը: Նա ասել է, թե Հայաստանի ինքնաբավությունը պարենային բնագավառում բարձրանալու է. դրան կնպաստեն գյուղատնտեսության ոլորտին տրված արտոնությունները` ներկրվող ռեսուրսների ազատում ԱԱՀ-ից, տեխսպասարկման վճարների գծով արտոնություն, ցորենի սերմացուի ներկրում ու բաժանում, եւ այլն: Հիշեցնենք, որ 2012 թ. բյուջեի մուտքերը կազմելու են 910 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 42 մլրդ, դեֆիցիտը` 132 մլրդ դրամ: Գագիկ Մինասյանը հաջորդ տարվա բյուջեն բնորոշեց որպես սոցիալական` նշելով, որ ծախսերի 46.3%-ն ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը: