Լինել խոշոր եւ իշխանության կողքին

10/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Քաղաքական կամք» ասվածը մեր հանրապետության նորագույն պատմության, թերեւս, ամենաչարչրկված արտահայտությունն է՝ հատկապես վերջին 10 տարիների ընթացքում։

Քաղաքական կամքը, կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունն է համարվում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների գլխավոր պատճառը։ Այդ մասին խոսում է թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ միջազգային տարբեր կառույցները։ Ոմանք` բացահայտ, ոմանք էլ լռելով՝ բոլորն էլ նշում են քաղաքական կամք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Ու քանի որ որքան խոսում են, խնդիրներն ավելի են խորանում, կարելի է ենթադրել, որ բաղձալի քաղաքական կամքը դեռ չկա, չի դրսեւորվում։ Սակայն պարզվում է` այդպես չէ, այն կա, կարելի է այն տեսնել, պարզապես պետք է ճիշտ տեղից նայել։

Եվ այսպես, Կառավարության նիստերի դահլիճում երեկ մեկնարկել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 6-րդ համագումարը, որին ներկա է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իր բացման խոսքում նա նշել է, որ «Պետությունը եւ բիզնեսը պիտի հանդես գան որպես հուսալի գործընկերներ»: Ս. Սարգսյանը նաեւ ասել է, որ պետությունը ձեռնամուխ է լինում տնտեսվարման միջավայրի դյուրացման ծրագրերին: «Բիզնեսին հարկավոր են խթաններ` մենք դրանք ապահովելու ենք: Կառավարության քայլերն այս ուղղությամբ արժանանում են ձեր գնահատականին եւ տալիս են տեսանելի արդյունք… Կատարված միջոցառումների մի մասն են հարկային արտոնությունները տնտեսվարողներին, ազատ տնտեսական գոտիների ծրագիրը եւ այլ նախագծեր: Մեր օրակարգը տարաբնույթ է: Սակայն մենք ունենք մի ընդհանուր նպատակ` ապրել վերելքի ուղին հատող Հայաստանում, հանուն մեր արժեքների: Հաջողությունն իրեն սպասել չի տա: Չեմ կասկածում, որ կիսում եք այս վստահությունը»,- ասել է նա։

Մինչ համագումարի մեկնարկը միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական ձեռքբերումներին` ասել է. «Մեր հիմնական ձեռքբերումն այն է, որ մենք հարթակ ենք ստացել միմյանց հետ խոսելու, միմյանց հասկանալու: Մեր ձայնը լսելի է դարձել, կարողանում ենք շահերը ձեւավորել, համախմբել եւ ներկայացնել պատկան կառույցներին»: Ա. Ղազարյանը նաեւ նշել է, որ իրենց միությունը համագործակցում է պետության հետ, աջակցում բարեփոխումների իրականացման գործում` «ի շահ Հայաստանի տնտեսության բարգավաճման, ի շահ սոցիալական արդարության»:

Թվում է՝ ամեն ինչ լավ է։ Անգամ, եթե լավ չէ, ապա շատ շուտով կլավանա, քանի որ պետությունը եւ բիզնեսը միմյանց հասկանում են, եւ միմյանց հարգում են, եւ երկուսն էլ ձգտում են միեւնույն նպատակին՝ տնտեսական աճին։ Սակայն դա` միայն առաջին հայացքից։

Բանն այն է, որ պետությունը, խոսելով բիզնեսի շահերի, բիզնես միջավայրի մասին՝ միեւնույն ժամանակ այնպիսի քայլեր է անում, որ տրամագծորեն հակասում են այդ խոսքերին։ Օրինակ՝ մինչ օրս գաղտնի է պահում հարկային փաթեթը հասարակությունից, եւ, մասնավորապես, բիզնեսից։ Հասկանալի է՝ կասեն` դեռ պետք է վերջնական տեսքի բերել, հետո կներկայացվի պատգամավորների դատին եւ հայտնի կդառնա. հո պետական գաղտնիք չէ՞։ Սակայն խնդիրն այն է, որ բիզնեսմենին հարգող պետությունը պարտավոր էր մինչ այդ փաթեթը կազմելը՝ այն քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքը, դիտողություններն ու առաջարկությունները։ Հասկանալի է, որ մեր պաշտոնյաներից շատերին թվում է, թե իրենք ոչ մեկի խորհրդի կարիքը չունեն եւ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ խնդիրներ ունի բիզնեսմենը, քան բիզնեսմենն` ինքը։ Թեկուզ, եթե այդպես է, գոնե ձեւական նման քննարկում պետք է կազմակերպեին։ Դա խոսում է հենց հարգանքի, երկխոսության եւ միմյանց հասկանալու իրական պատկերի մասին։

Իսկ եթե կազմակերպել են, սակայն մենք այդ մասին չգիտե՞նք։ Դա շատ ավելի վատ է։ Ողջ լրատվական դաշտն արդեն երկու ամիս ձգտում է մանրամասներ կորզել այդ փաթեթի մասին։ Եթե դա լրագրողներին չի հաջողվում, ապա հաստատ չի հաջողվի նաեւ փոքր ձեռնարկատիրոջը։ Իսկ եթե կառավարությունը հավաքել է միայն մի խումբ խոշոր գործարարների եւ նրանց հետ քննարկել բոլոր հարցերը, համաձայնության եկել, ապա դա անհարգալից վերաբերմունք է արդեն մյուս բոլորի նկատմամբ։ Մի խոսքով, որ տարբերակով էլ դիտարկենք՝ պետությունը, մեղմ ասած, այնքան էլ հաշվի չի առնում բիզնեսի կարծիքը, մանավանդ՝ փոքր ու միջին։

Հիմա հարցին նայենք մյուս կողմից՝ բիզնեսի տեսանկյունից։ Հարգո՞ւմ է արդյոք բիզնեսը պետությանը։ Թերեւս` ոչ։ Որովհետեւ բիզնես ասելով` պետք է հասկանալ ոչ թե գրասենյակը, կրպակը կամ կնիքը, այլ այդ ամենի ետեւում կանգնած մարդկանց։ Իսկ մարդիկ ունեն զգայարաններ եւ անհարգալից վերաբերմունք զգալով՝ չեն կարող այլ կերպ պատասխանել։ Դրա վկայությունը ստվերային տնտեսության մեծ չափերն են։ Մարդիկ ցույց չեն տալիս բիզնեսը, եկամուտները, թաքցնում են հարկերը։ Պատճառը ոչ թե այն է, որ այդպես ավելի էժան է (շատ դեպքերում ստվերում մնալն ավելի թանկ է), այլ՝ մարդկանց մեծ մասը չի ուզում պետությանը հենց այնպես փող տալ, քանի որ վստահ չէ, որ դա ամբողջությամբ ծախսվելու է պետության եւ ոչ թե` առանձին անհատների շահերին սպասարկելու համար։

Եվ վերջապես՝ հարցին նայենք ոչ պետության, եւ ոչ էլ բիզնեսի տեսանկյունից, այլ`… մեջտեղից։ Իսկ «մեջտեղը» տվյալ դեպքում Գործարարների միությունն է՝ իր համագումարով։ Ինչպես նշել է Ա. Ղազարյանը՝ իրենց կառույցը հարթակ է միմյանց հետ երկխոսելու, միմյանց հասկանալու համար (նկատի ունի պետությանը եւ բիզնեսին)։ Թեթեւակի քննադատելով ներկայիս վիճակը՝ Ա. Ղազարյանը նշել է ամենակարեւորը՝ քաղաքական կամք եւ ընթացող բարեփոխումներ։ «Ընդհանրապես, բիզնեսով զբաղվելը դյուրին գործ չէ, մեզ մոտ կրկնակի դժվար է, քանի որ մենք ակտիվ ենք, մրցակցային դաշտը կրկնակի թեժ է: Խնդիրներ ունենք կառավարման համակարգում բիզնեսի բարենպաստ դաշտի կատարելագործման հարցում, կոռուպցիայի մակարդակի իջեցման ու ստվերային տնտեսության հարցում: Բայց մենք տեսնում ենք բարեփոխումների ընթացքը, կա հստակ քաղաքական կամք, որ մեզ համախմբում է: Սա է, որ մեր շուկայում զարգանալու եւ դրսի շուկաները գրավելու ցանկություն ու մղում է տալիս»,- ասել է Արսեն Ղազարյանը:

Փաստորեն, քաղաքական կամքը, ամեն դեպքում, կա։ Պարզապես այն տեսնելու համար հարկավոր է գտնվել ճիշտ տեղում՝ մեջտեղում կամ կենտրոնում։ Ճիշտ է, Տիգրան Կարապետիչի օրինակը ցույց տվեց, որ կենտրոնում գտնվելն էլ անձեռնմխելիության երաշխիքներ չի տալիս, սակայն դա, թերեւս, կապված է ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվելու ունակության հետ։ Իսկ Գործարարների միությունը (շեշտենք՝ խոշոր գործարարների) առայժմ միշտ ճիշտ է կողմնորոշվել, իհարկե՝ հանուն բարգավաճման եւ սոցիալական արդարության։ Այլ հարց է, որ փոքր ու միջին բիզնեսն այս ամենին առնչվում է այնքանով, որքանով «փոքր ու միջին բիզնես» արտահայտությունը կրկնվում է բոլորի ելույթներում։ Ընդամենը այդքանով։