Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության համագումարի ժամանակ իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սա շատ լավ առիթ է`ամփոփելու եւ գնահատելու արածը։ Սակայն առավել կարեւոր են ապագա ծրագրերի քննարկումները, ապագա մեր խնդիրների ճիշտ ձեւակերպումները: «Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը` կարողությունները, գիտելիքները եւ փորձառությունը» հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռ մնալու են մեր իրականության մեջ: Այս հարցի պատասխանը անհրաժեշտ է առաջընթացի համար, որպեսզի իրագործվեն մեր ազգային իղձերը, գտնվեն եւ հաստատվեն մեր ուրույն տեղն ու դերը զարգացած համաշխարհային հանրության մեջ: Մեր նպատակը կազմակերպված եւ իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Սա մնայուն նպատակ է, որովհետեւ մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու: Դա բնական է եւ հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը: Ինչպե՞ս ավելի արագացնել մեր շարժումն այդ նպատակի իրագործման ուղղությամբ` ավելի մեծ քայլերով մարդկանց համար ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, ինքնադրսեւորման լիակատար ազատություն: Այս գործում բոլոր կարող ուժերի ներդրումը կարեւոր է, յուրաքանչյուրի դերը` բացառիկ: Գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու եւ նոր արժեք ստեղծելու առաքելությունը: Գործարարը ներդնում է իր տաղանդը, հմտությունները, կապիտալը, դիմում է ռիսկի` ստեղծելով աշխատատեղեր, զբաղվածություն եւ եկամուտներ: Եվ վերջապես` ձեր համայնքին է նաեւ վերապահված համապատասխան ավանդույթների ձեւավորման, ամրապնդման եւ գործարարության նոր մշակույթի կայացման խնդիրը:
Մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ-որ տեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը եւ գործունեության բազմազանությունը: Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության եւ մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները եւ նվազեցնում տնտեսական արդյունավետությունը: Սա իրողություն է, սակայն մենք դրանից եւ նման այլ խոչընդոտներից թեւաթափ լինելու իրավունք չունենք: Հայկական արտադրանքի եւ ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է կարողանանք մղել ոչ միայն ներքին, այլ արտաքին, այսինքն` համաշխարհային շուկայի ուղղությամբ: Արտաքին շուկաներն անսահման մեծ են, ուստի եւ պետք է լինեն մեր տնտեսական աճի ու զարգացման մշտական թիրախը: Ճիշտ է` արտահանումը նաեւ պահանջում է բարդ, ծավալուն արժեքաստեղծ շղթա պարունակող արդիական արտադրությունների կազմակերպում: Մեզ համար կարեւոր են նոր գիտելիքներ եւ կարողություններ ունեցող մարդիկ, իհարկե, կպահանջվեն նոր որակավորման աշխատուժ, տեխնոլոգիաներ եւ, անշուշտ, ներդրումներ:
Մասնավոր շուկայական ձեռնարկատիրությունը, ի վերջո, Հայաստանում համեմատաբար նոր երեւույթ է: Նոր են նաեւ ձեռնարկատիրության եւ առեւտրի համար անհրաժեշտ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող արդի հաստատությունները, համակարգերն ու ենթակառուցվածքները: Մենք չպետք է հետ մնանք նորարարության սլացիկ ընթացքից: Գործարար ծրագրերն ու նախաձեռնությունները հաճախ ունեն ավանդական եւ իներցիոն բնույթ, առանձին դեպքերում կրկնում են միմյանց: Մենք պետք է խուսափենք նման իներտությունից, արտադրանքը միայն ավանդական շուկաներում սպառելու գայթակղությունից: Նոր շուկաներ եւ արտադրատեսակներ բացահայտելու գործում երկչոտությունը կարող է կործանարար լինել:
Այսօր կայուն տնտեսական աճի եւ զարգացման հիմնախնդիրներն առաջնահերթ են գրեթե բոլոր երկրների օրակարգում: Զարգացող շատ երկրներում բարեկեցության ընդլայնմանն ուղղված ջանքերը ցանկալի առաջընթաց չեն ապահովում: Մինչդեռ որոշ հասարակություններ նույն պայմաններում կարողանում են ապահովել հարստության եւ բարեկեցության բարձր ու երկարաժամկետ կայուն մակարդակ: Աշխարհը փոխվում է մեր աչքի առջեւ, եւ դա շատ հեշտ է տեսնել: Փոխվում են տնտեսության հենքային գործընթացները, որոնք համապատասխանաբար բերում են տնտեսական հարաբերությունների փոփոխման: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, դրա հետեւանքների դրսեւորումներն ընդգծում են աշխարհում առկա խորքային խնդիրները: Մենք աշխարհի մի մասն ենք եւ կրում ենք գլոբալ զարգացումների հետեւանքները: Ուստի դրանց պետք է համարժեքորեն արձագանքենք` հընթացս ուղղելով մեր ուղեգիծը: Հաջողակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք կկարողանան միավորել իրենց ազգային ներուժը, կդնեն զարգացման բարձր նշաձողեր եւ հետեւողականորեն կաշխատեն դրանց հասնելու ուղղությամբ: Որքան էլ կարեւոր լինեն բնական հանածոների պաշարները` արդի աշխարհում շատ ավելի կարեւոր է կառավարման եւ վարքագծի արդյունավետությունը: Որպես փոքրածավալ շուկա ունեցող երկիր` մենք պետք է կարողանանք դառնալ համաշխարհային զարգացած արդյունաբերական համակարգի մասնագիտացած մասը, ինչը թույլ կտա ապահովել մեր ներքին զարգացումը եւ աճը: Հենց այստեղ է անհրաժեշտ փոխակերպումը: Մենք պարտավոր ենք ընդառաջ գնալ ժամանակակից աշխարհի պահանջներին, վերաիմաստավորել մեր գործելակերպը, ակնկալիքներն ու վարքագիծը:
Վերջապես, մենք պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները: Ընդ որում, այստեղ ուզում եմ շեղվել տեքստից եւ առաջարկել, որպեսզի այդ հարաբերական առավելությունները մենք փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ոչ միայն զուտ արդյունաբերության ոլորտում: Մենք պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելությունները: Այս ուղղությամբ մի խումբ հիմա փորձում է մի մեծ ծրագիր նախանշել: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում մենք հանրությանը, եւ առաջին հերթին` գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում: Այո՛, մեր հետագա տնտեսական աճի եւ զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է: Այո՛, մենք տնտեսական աճի եւ զարգացման խնդիր ունենք: Ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների եւ զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի: Տնտեսական զարգացմամբ ենք միայն բարելավելու մարդու կյանքը, վերացնելու առկա բացասական երեւույթները, շարունակաբար ուժեղացնելու մեր պետականությունը: Այդ խնդիրը համընդհանուր է եւ որեւէ մեկի մենաշնորհը չէ: Այո՛, մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, արտադրել, արտահանել, եկամուտներ ստեղծել, իրականացնել սոցիալական եւ մշակութային նոր ծրագրեր: Մենք պետք է ձեւավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, փոխադարձ վստահությունը եւ աշխատանքով ստեղծելու ձգտումը:
Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը եւ ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Փոխարենը` պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը: Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որեւէ ծրագրի իրագործումը:
Այս ամենի մասին մենք բազմիցս ենք խոսել: Կոնկրետ գործողություններ էլ ենք կատարել, որոնք արդեն արդյունք են տալիս: Սակայն ես չեմ զլանա ամեն պատեհ առիթ օգտագործել սա հիշեցնելու համար, որովհետեւ այս ամենն ակամա կամ գիտակցաբար մոռանալն ուղղակի անթույլատրելի եմ համարում:
Անշուշտ, բիզնեսին հարկավոր են քաղաքական կայունություն եւ կայուն տնտեսական միջավայր. մենք մեր քայլերով երկուսն էլ ապահովելու ենք: Տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլեւ տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը: Վերջինս ավելացնելու է ամրության մեր պաշարը եւ 2012 թվականի բյուջեի նախագիծն այդ մասին է խոսում:
Բիզնեսին հարկավոր է բարենպաստ գործարար միջավայր. մենք դա ապահովելու ենք: Արդեն դրել ենք երկրների գործարար միջավայրների ազատությունը բնութագրող միջազգային սանդղակում կտրուկ վեր բարձրանալու գործընթացի սկիզբը: Ընդ որում, անցած տարի փաստորեն Հայաստանն աշխարհի թերեւս միակ երկիրն էր, որն առաջընթաց էր արձանագրել ազատության աստիճանը բնութագրող բոլոր ուղղություններով: Այս հարցում ես ակնկալում եմ նոր` ավելի էական ձեռքբերումներ, եւ այդ մասին կառավարությունում լավ գիտեն:
Բիզնեսին հարկավոր են խթաններ. մենք դա ապահովելու ենք: Կառավարության քայլերն այս ուղղությամբ աստիճանաբար արդյունքներ են տալիս եւ արժանանում ձեր գնահատականին: Հարկային վարչարարության բեռի թեթեւացումից մինչեւ ազատ տնտեսական գոտիների ստեղծում, նորարարական նախագծերի խրախուսումից մինչեւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում` սա արդեն իսկ սկսված ծրագրերի այն լայն շրջանակն է, որոնց ազդեցությունը շատ շուտով էական է լինելու: Եվ մենք նաեւ այլ ուղղություններով էլ սկսել ենք նոր քայլեր:
Մեր օրակարգը տարողունակ է: Պետք է համախմբվենք եւ համաձայնություն ձեւավորենք ազգային ու հանրային հիմնական շահերի շուրջ, որպեսզի ապրենք վերելքի ուղին հարթող Հայաստանում` հանուն մեր ապագայի եւ մեր արժեքների: Չեմ կասկածում` հաջողությունն այդ դեպքում իրեն սպասել չի տալու: Նաեւ չեմ կասկածում, որ կիսում եք այս վստահությունը:
Համագումարի ընթացքում դուք դեռ անդրադառնալու եք բոլոր այս հարցերին: Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք, ցանկանում եմ, որ ծավալեք շահագրգիռ, անկեղծ, բաց քննարկում բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք դուք տեսնում եք, նշեք խոչընդոտներն ու նաեւ անհրաժեշտ խթանները: Համագումարի արդյունքում ընտրվելու է միության խորհուրդ, եւ խորհրդի անդամներին խնդրում եմ այդ բոլոր առաջարկություններն անպայման փոխանցել ինձ: Ընդ որում, ես պատրաստ եմ հենց մոտակա օրերին հանդիպելու խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստ են ձեր ազդակները փոխանցելու եւ ձեր որոշումների մասին ինձ տեղյակ պահելու»: