Պուտինը փորձում է հաշվել «շրջանի խորանարդը»

10/11/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Հետխորհրդային տարածաշրջանը լարված սպասման մեջ է. 2012թ. մարտին Ռուսաստանի նախագահի պաշտոնին է վերադառնում Վլադիմիր Պուտինը: Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությամբ: Սպասման մեջ են ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրները, այլեւ ամբողջ աշխարհը: Ցանկացած դեպքում աշխարհը սպասման մեջ կլիներ, ինչպես դա լինում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն սա այլ սպասում է: Եթե ԱՄՆ-ի պարագայում սպասում են ընտրությունների արդյունքներին եւ, կախված դեմոկրատների կամ հանրապետականների հաղթանակից, արդեն գոնե մոտավորապես հայտնի է լինում, թե ինչպիսին կլինի այդ գերտերության արտաքին քաղաքականությունը, ապա այստեղ սպասումը բոլորովին այլ է. ինչպե՞ս եւ դեպի ո՞ր կողմն է փոխվել Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում աշխատելու ընթացքում, եւ ի՞նչ կարելի է կամ արժե ակնկալել նրանից: Այս եւ այլ հարցերի շուրջ է զրույցը բեռլինաբնակ հայ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանի հետ:

– Ինչպե՞ս է Արեւմուտքը, մասնավորապես` Գերմանիան գնահատում Վլադիմիր Պուտինի` նախագահական պաշտոնին վերադառնալու որոշումը:

– Դա նորմալ է ընդունվում: Քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ Դմիտրի Մեդվեդեւը ժամանակավորապես է զբաղեցնում նախագահի աթոռը: Այս վերջին չորս տարիների ընթացքում Արեւմուտքը վարչապետ Պուտինին ընկալում էր իբրեւ Ռուսաստանի դե ֆակտո առաջնորդի, որ միանձնյա ղեկավարում է Ռուսաստանը: Բոլորն էլ հրաշալի հասկանում էին, որ Մեդվեդեւ-քաղաքական գործչին աջակցում է հենց Պուտինի ունեցած հասարակական ազդեցությունը, քաղաքական ու մարդկային ռեսուրսները, նրա ազդեցությունը իշխանական շրջանակների վրա: Այդ պատճառով նրա` նախագահի աթոռին վերադառնալու որոշումը միանգամայն նորմալ ընդունվեց:

– Ինչպես՞ են Գերմանիայում վերաբերվում Պուտինին` իբրեւ մի մարդու, ով, ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի օրոք աշխատել է Գերմանիայում` որպես ռուսական հատուկ ծառայության աշխատակից:

– Բոլորին լավ հայտնի է, որ Պուտինն աշխատել է Դրեզդենում ՊԱԿ-ի ռեզիդենտուրայում, այդ մասին շատ է գրվել, եւ սա նույնպես նորմալ է ընդունվում: Նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում գերմանական մամուլում շատ էին հոդվածներն այն մասին, որ նա աշխատել է ՊԱԿ-ում: Սակայն մոտ մեկ տարի անց այդ թեման բոլորին ձանձրացրել էր: Հասկանալի է, որ նա աշխատել է հանուն իր պետության, եղել է այդ համակարգի ներկայացուցիչը, եւ նրա` քաղաքականության մեջ հայտնվելը նորմալ երեւույթ է: Գերմանիայում ոչ ոք նրան դրա համար խիստ չի քննադատում:

– Ձեր կարծիքով` ո՞ր ուղղությամբ կզարգանա Ռուսաստանի համագործակցությունն Արեւմուտքի հետ: Ենթադրում են, որ Պուտինը կփորձի սերտացնել հարաբերությունները Հին աշխարհի երկրների հետ, որպեսզի այլընտրանք ստեղծի ամբողջ աշխարհում հեգեմոն դարձած ԱՄՆ-ին: Դա արդյո՞ք հնարավոր է: Պատրա՞ստ են արդյոք «հին եվրոպացիները» Ռուսաստանի հետ դաշինքին:

– Բնականաբար, Արեւմտյան Եվրոպան հաճույքով է համագործակցում Ռուսաստանի հետ տնտեսական ու քաղաքական ոլորտներում: Սակայն Հյուսիսային Ամերիկայի եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ի հետ նրա կապերն առավել ամուր են ու խորը: Եվ որքան ավելի շատ խոսվի ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղծելու մասին, այնքան այդ կապերը գնալով էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան: Արեւմտյան Եվրոպան միշտ գերադասել է ներկայիս շոշափելի օգուտը վերացական, հեռակա շահից. սա` այն դեպքում, եթե մոռանան Տրանսատլանտյան դաշինքը, ՆԱՏՕ-ի համակարգում ռազմաքաղաքական կապերը: Ռուսաստանը վաղուց` ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո է փորձեր անում եվրոպական երկրների հետ միասին հակակշիռ կազմել ընդդեմ ԱՄՆ-ի: Սակայն Մոսկվայում պետք է հասկանան, որ Եվրոպան պառակտելու եւ նրան ԱՄՆ-ից հեռացնելու փորձերը բացարձակապես անհեռանկար են: Ռուսաստանը փորձում է իր արտաքին քաղաքականությունը ինստիտուցիոնալացնել ամենատարբեր կազմակերպությունների ստեղծումով` Եվրասիական Տնտեսական Միություն, ՀԱՊԿ եւ այլն, բայց այս ամենը չափազանց մակերեսային է: Արեւմտյան Եվրոպային, օրինակ` Գերմանիային, Ֆրանսիային եւ մյուս երկրներին ԱՄՆ-ի հետ կապում է 50-ամյա շատ սերտ համագործակցությունը: Սրան գումարած` նաեւ մարդու իրավունքների հանդեպ նույնանման վերաբերմունքը. ոչ միայն մարդու ազատության հարցերում փիլիսոփայական կապը, այլեւ զուգահեռ աշխատող երկու համակարգերի կառուցվածքային կապը: Այդ պատճառով Եվրոպան, իհարկե, պատրաստ է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելուն, հատկապես տնտեսության ոլորտում, սակայն ոչ` ի վնաս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների:

– Դմիտրի Մեդվեդեւի նախագահության վերջին շրջանը նշանավորվեց ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրա համառ, անգամ հանդուգն փորձերով: Ի՞նչ կարելի է ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, երբ նախագահի աթոռին վերադառնա Վլադիմիր Պուտինը: Արժե՞ արդյոք սպասել, որ Ռուսաստանն ավելի ինտենսիվ կգործի, թե՞ հակառակը, գլխավոր միջնորդի իր առաքելությունը կհանձնի Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին:

– Ես վստահ չեմ, թե Պուտինն` իբրեւ Ռուսաստանի դե ֆակտո եւ դե յուրե նախագահ, իր արտաքին քաղաքական գործունեությունը կսկսի ղարաբաղյան խնդրի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը փոխելու փորձից: Սա բացառվում է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այնքան խորն է ու դժվար լուծելի, որ Ռուսաստանի համար այսօր շատ բարդ կլինի այս կամ այն կողմին համոզել գնալ այն փոխզիջումներին, որ նրանցից ակնկալում է միջազգային հանրությունը: Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի ու

ԼՂՀ-ի հետ համաձայնության գալ եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ես նաեւ համոզված չեմ, թե ղարաբաղցիները ընդառաջ կգնան Պուտինի եւ Ռուսաստանի ցանկություններին (եթե, իհարկե, այդպիսիք լինեն) ու կհանձնվեն, այսինքն` կհրաժարվեն իրենց ազատությունից ու կդառնան Ադրբեջանի մի մասը: Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն է, որ նա իրեն ներկայացնում է իր ազատության միջոցով: Այդ պատճառով Ռուսաստանի համար դժվար կլինի լուծել այս խնդիրը: Ռուսաստանի քաղաքականությունը նույնն է մնացել` բանակցություններ եւ միմիայն բանակցություններ: Ցանկացած այլ ուղի բացառվում է: Ես չեմ կարծում նաեւ, թե Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում գլխավոր միջնորդի իր ծանր բեռը կդնի Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ուսերին: Ազատվելով ղարաբաղյան հիմնախնդրից` Ռուսաստանը միաժամանակ ցույց կտա, որ միջազգային մասշտաբով կշիռ ունենալու իր նկրտումները հիմք չունեն: Ռուսաստանն իր անկարողությունն ի ցույց չի դնի, չի հրաժարվի հզոր տերություն դառնալու իր հավակնություններից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ակտիվ մասնակցությունից հրաժարվելով (ինչը կնշանակի` անզորություն), Ռուսաստանն առիթ կտա միջազգային հանրությանը` արհամարհելու իր կարծիքն ավելի խոշոր ու ավելի բարդ հակամարտությունների հարցում, ինչպիսին են, օրինակ, հյուսիսկորեականը, իրանականը, աֆղանականը:

– Ինչպե՞ս են Գերմանիայում վերաբերվում ղարաբաղյան հակամարտությանը: Հասարակության մեջ կա՞ն արդյոք նախընտրություններ, եւ ո՞ւմ կողմն է նրանց համակրանքը:

– Ես այստեղ աշխատում եմ արդեն քսան տարի… Քսան տարի առաջ գերմանական հասարակությունը, հասարակական կարծիքը, ԶԼՄ-ները հիմնականում պաշտպանում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի ազատությունը…

– Դրան թերեւս նպաստել են նաեւ Ձեր հրապարակումները, որոնք, որքան հիշում եմ, բավականին շատ էին:

– Թերեւս այդպես է: Ես դա գիտեմ հասարակության արձագանքից. այդ ժամանակներում գերմանական մամուլում տպագրվում էին իմ աշխատանքները` ակնարկներ, հարցազրույցներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախագահների, հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդների հետ… Իմ եւ մյուսների այդօրինակ նյութերը նպաստեցին, որ արեւմտյան ԶԼՄ-ներում առավել տարածված էր այս խնդրի շուրջ հայկական կողմի տեսակետը: Ցավոք, այս վերջին տարիներին իրավիճակը փոխվում է: Հայ քաղաքական գործիչները, չգիտես ինչու, ընտրել են լռություն պահպանելու ուղին, աշխատում են խուսափել մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելուց` սխալմամբ ենթադրելով, թե դա Հայաստանին հարկավոր չէ, որ առանց ինֆորմացիոն աջակցության` ազգը կկարողանա լուծել ղարաբաղյան բարդ խնդիրը: Արդյունքում` նույն այդ գերմանական հասարակությունը, կոպիտ ասած, մոռացել է, թե որտեղ է գտնվում Լեռնային Ղարաբաղը, ինչ է այնտեղ կատարվում եւ, հետեւաբար, «մոռացել է» հայկական կողմի դիրքորոշումը: Հայաստանի` խնդրի նկատմամբ նման վերաբերմունքի պայմաններում պետք չէ վաղը զարմանալ, որ Ղարաբաղի ազատագրական պայքարի նկատմամբ նույն Գերմանիայում գոյություն ունեցող դրական վերաբերմունքը կարող է փոխվել: Եվ միտումներ արդեն կան. Թուրքիան ու Ադրբեջանը շատ ակտիվորեն աշխատում են մամուլի հետ, մշտապես ներկայացվում են գերմանական լրատվամիջոցներում: Եթե Հայաստանի իշխանությունները չվերանայեն իրավիճակը, ապա մենք, Աստված մի՛ արասցե, կարող ենք դառնալ հայ դիվանագիտության, հայոց պետության անհաջողություններին:

– Ինչպե՞ս եք գնահատում Եվրասիական Միություն ստեղծելու` Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը: Դա ԽՍՀՄ-ը վերականգնելու փո՞րձ է, եւ արդյո՞ք Ռուսաստանն ի վիճակի է այդօրինակ ինտեգրացիոն պլաններն իրագործելու գործնականում:

– Ռուսաստանը հսկայական բնական ռեսուրսներ եւ հսկայական տարածք ունի, այստեղից էլ գալիս է նրա ինտեգրացիոն դերը: Սա նատուրալիստական մոտեցում է: Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական զարգացման տեսանկյունից` նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրումը չափազանց բարդ գործընթաց է, քանի որ նրանք գտնվում են զարգացման բացարձակապես տարբեր մակարդակների վրա` եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական առումներով: Այն, ինչ փորձում է անել Պուտինը, այսպես ասած` «շրջանի խորանարդը» հաշվելու պես մի բան է: Սա անհնարին է: Հնարավոր է միավորել մի քանի հանրապետություն, եթե ինքը` Ռուսաստանը, ժողովրդավարության շատ բարձր մակարդակի հասնի: Սակայն այդ պարագայում նա ինչպե՞ս կարող է համագործակցել քաղաքական դիկտատուրայի հետ, ինչպիսին Բելառուսում է: Կամ Միջին Ասիայի ավտորիտար ռեժիմների հետ: Տնտեսական ինտեգրացիայի համար պետք չէ ստեղծել ինչ-որ հսկա, «բարձրագոչ» անուններով կազմակերպություններ: Եվ պրոցեսները պետք է ընթանան երկկողմ մակարդակով: Սա, թերեւս, այն առավելագույնն է, ինչին կարելի է հասնել: Եվ ինչքան շատ Մոսկվան խոսի այն մասին, թե չի փորձում վերստեղծել ԽՍՀՄ-ը, այնքան ինտեգրացիոն փորձերն ավելի շատ կհիշեցնեն ԽՍՀՄ-ը վերականգնելու ջանքեր: Թեեւ անցյալին վերադառնալը բացառված է: