Պատժել GeoProMining Gold-ին

10/11/2011

«ԷկոԼուր» հ/կ-ն եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ հայտարարել են, որ շարունակում են «Բնությո՞ւն, թե՞ փող» ահազանգերի շարքը, որի շրջանակում առաջիկա օրերին իրականացվելու է «Սեւա՞ն, թե՞ GeoProMining Gold» ցիկլը: Նշված կազմակերպությունները հիշեցնում են, որ 2009թ. կասեցվել էր Սեւանի ջրահավաք ավազանում` Սոդքում, վերամշակման համալիրի կառուցումը: Այդ նախագիծն ահռելի ռիսկեր էր պարունակում Սեւանի համար (միլիոնավոր տոննաներով լցակույտեր, թունավոր միացություններով փոշի, ցիանային պոչամբար եւ այլն): Ընկերությունը, նախաձեռնության անդամների խոսքով, 2009թ. չանսաց հասարակության կարծիքին, բայց, միեւնույն ժամանակ, ռիսկ չարեց գնալ Սերժ Սարգսյանի դեմ: Չնայած դրան, երկու տարի անց GeoProMining Gold-ը, այնուամենայնիվ, մասնակի իրականացրեց իր մտադրությունը` առանց որեւէ նախագծի կառուցելով «արտադրամաս» բաց երկնքի տակ` ջարդող-տեսակավորող համալիր: «Ակնհայտ ապօրինի օբյեկտով, որն այս պահին ողջ թափով աշխատում է, որեւէ մեկը չզբաղվեց: Երկրի օրենքները խախտած, 34 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը վտանգած ընկերության գործունեությունը նույնիսկ տեսչական ստուգումներ չանցավ»,- նշված է «ԷկոԼուր» հ/կ-ի եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրությունում, որի հեղինակները կոչով դիմում են Բնապահպանության նախարարին` պահանջելով ապամոնտաժել ջարդող-տեսակավորող համալիրը եւ պատժել GeoProMining Gold-ին: