«Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կապահովենք 700 աշխատատեղ»,- ասում է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրության տնօրեն Հասմիկ Ջուլհակյանը: Բայց հիմա «Գլորիան» աշխատում է կես հզորությամբ: Պատվիրատուներ է գտնում ինտերնետով, Մոսկվայի գրասենյակի բրոկերների միջոցով, ֆաբրիկայի տնօրենի՝ ԱՄՆ այցերի շնորհիվ:
Պատվիրատուները նաեւ տրամադրում են հումքը: «Մենք միայն կարում ենք ու հետ ուղարկում»,- ասում է Հասմիկ Ջուլհակյանը: Կարում են կանացի հագուստ՝ կիսավերարկուներ, անձրեւանոցներ, կոստյումներ:
«Գլորիայի» 9-ամյա պատվիրատուն է «Ամերեքս» ամերիկյան միջնորդային կազմակերպությունը, որը պատվիրված հագուստն այնուհետ ԱՄՆ-ում հանձնում է տարբեր մեծ խանութների: Մեկ միավոր արտադրանքի կարելավարձը կազմում է 20.000-ից 45.000 դրամ՝ կախված բարդությունից, փաթեթավորումն ու էլեկտրաէներգիայի ծախսը ներառյալ: «Ամերեքսի» պատվերները, սակայն, վերջերս նվազել են:
«Գլորիան» կապ է հաստատել գերմանական պատվիրատուների, մասնավորապես՝ «Վոլմարտ» ընկերության հետ, վերջերս ավարտել է առաջին խոշոր գերմանական պատվերն ու հյուրընկալել «Վոլմարտի» ղեկավարությանը:
«Հիմա բարձրորակ եվրոպական գործվածքից կարում ենք կլասիկ կոստյումներ՝ գերմանացիների համար»,- ասում է Հ. Ջուլհակյանը:
Ըստ Հասմիկ Ջուլհակյանի՝ թեեւ գերմանացիների հետ պայմանագրերն ավելի շահավետ են, ամերիկացիների հետ աշխատելը չեն դադարեցնի. «9 տարի է, ինչ համագործակցում ենք «Ամերեքսի» հետ՝ առանց պրոբլեմի»:
Կոկիկ, համեստ, նորոգված ֆաբրիկամերձ տարածք է, բակում էլ ավտոբուսը՝ «Գլորիա» մակագրությամբ: «Մաքուր-գեղեցիկ տուալետներ ունենք, շատրվան: «Վոլմարտը» խիստ մարդասիրական կազմակերպություն է: Ամեն տարի գալու է ստուգման ու եթե տեսնի, որ մարդկային որեւէ գործոն ոտնահարվում է՝ կդադարեցնի պատվերները»,- ասում է Հասմիկ Ջուլհակյանը: