Խոշոր գործատուն միշտ չէ, որ խոշոր հարկատու է

10/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կամ հակառակը՝ խոշոր հարկատուն միշտ չէ, որ խոշոր գործատու է։ Այդ մասին վկայում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված՝ 100 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունների ցանկը։ Այն պակաս հետաքրքիր չէ, քան խոշոր հարկատուների վճարած հարկերի եւ տուրքերի մեծության ցանկը։

Սկսենք հենց առաջին պնդումից։ Թիվ մեկ գործատուն, ըստ ցանկի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որն ունի 7385 աշխատող։ Սակայն վճարած հարկերի մեծությամբ ՀԷՑ-ը 7-րդ տեղում է։ Սակայն կան նաեւ այլ՝ ավելի վառ օրինակներ։ Այսպես, «Հայփոստը» աշխատողների թվով 5-րդ տեղում է՝ 3134 աշխատող։ Սակայն 2011թ. առաջին 9 ամիսներին իր վճարած 600 միլիոն դրամի հարկերով զբաղեցնում է 98-րդ տեղը։ Անհամամասնությունն ավելի խորն է առողջապահական հիմնարկներում։ Այսպես, «Էրեբունի» բժշկական կենտրոնը 15-րդ գործատուն է եւ ունի 1302 աշխատող։ Սակայն, խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 247-րդ տեղը՝ 251.9 միլիոն դրամի հարկերով։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը՝ որպես հարկատու, ավելի ցածր հորիզոնականում է գտնվում՝ 543-րդ տեղ (101մլն դրամի հարկ)։ Սակայն, արի ու տես, որ ավելի շատ աշխատող ունի, քան «Էրեբունին»՝ 1441։ Եզրափակենք «Նաիրիտով». գործարանում գրանցված է 3003 աշխատող (7-րդ գործատու), սակայն խոշոր հարկատուների ցանկում «Նաիրիտն» ընդհանրապես չկա։

Հիմա գանք երկրորդ պնդումից՝ խոշոր հարկատուն միշտ չէ, որ խոշոր գործատու է։ Օրինակ, այս տարվա թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աշխատողների թվով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Զանգեզուրը» աշխատողների թվով (3196 մարդ) զիջում է անգամ Հարավկովկասյան երկաթուղուն, որը խոշոր հարկատուների ցանկում 53-րդն է։ Սակայն այս դեպքում կան ավելի արտահայտված անհամամասնություններ, մանավանդ` վառելիքի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների դեպքում։ Այսպես, «Սիթի պետրոլ գրուպը» 6-րդ խոշոր հարկատուն է եւ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել 7.8 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր։ Սակայն գործատուների ցանկում 126-րդն է՝ 304 աշխատողներով։ «Ֆլեշի» դեպքում նույնն է. ընկերությունը 8-րդ հարկատուն է (7.2 միլիարդ դրամի հարկեր), սակայն աշխատողների թվով՝ 126-րդը (304 աշխատող)։

Ընդգծենք, իհարկե, որ կոնկրետ այս ընկերությունների դեպքում հարկերի եւ աշխատողների թվի անհամամասնությունը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանց վճարած հարկերի մեծ մասը ԱԱՀ-ն է (վճարվում է սահմանի վրա մաքսային կառույցին)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 100-ից ավելի գրանցված աշխատող ունեցող ընկերությունների թիվը 425 է։ Իսկ գերխոշորները (իհարկե, հայաստանյան չափանիշներով), որոնց աշխատողների թիվը գերազանցում է 1000-ը, ընդամենը 22-ն են։ Իսկ ցանկում ներառված բոլոր 425 խոշոր գործատուներն ունեն ընդհանուր առմամբ 153 հազար աշխատող։

Նշենք նաեւ, որ այս ցանկը հետաքրքիր է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ զուտ քաղաքական իմաստով։ Այն ցույց է տալիս օլիգարխիայի ռեսուրսն ընտրությունների ժամանակ, քանի որ այդ 153 հազար հոգին՝ չհաշված նրանց ընտանիքի անդամները, ընտրողներ են։ Իհարկե, տեսականորեն ոչ մի ընկերություն չի կարող իր աշխատողին պարտադրել ընտրել այս կամ այն թեկնածուին, սակայն իրականությունն այն է, որ խոշոր ընկերություններից շատերը ամեն դեպքում փորձում են դա անել՝ զանազան «տրյուկներով» (օրինակ՝ անձնագրեր հավաքելով)։ Այնպես որ, ընտրարշավին մասնակցող կուսակցությունները (հատկապես` իշխանական) այս ցանկը ուշի ուշով ուսումնասիրելու են՝ համապատասխան հաշվարկների եւ ձայների «քվոտաներ» սահմանելու համար։