Խորախորհուրդ բյուջե

10/11/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Պատկերը սահմռկեցուցիչ է: Մեղմ ասած: 2012թ պետբյուջեի նախագիծը «քննարկվում» է կատարյալ անտարբերության պայմաններում: Երեկ կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների ղեկավարության, խորհրդարան էր ներկայացել: Ըստ մամուլի, «քննարկում» կոչվածն անցել է դատարկ դահլիճում: Մասնակցել են մեկ զույգ եւ երկու կենտ (կամ հակառակը) թվով խորհրդարանականներ: Մինչդեռ «Բյուջե 2012-ը» ահագին տարբերվում է նախորդներից: Խոսքն ամենեւին էլ ֆիզիկական ծավալների մասին չէ: Չնայած, որ դրանք էլ աննախադեպ են: Կառավարությունը պլանավորում է մոտ 910 մլրդ դրամ մուտքեր ապահովել եւ եւս 132 մլրդ դրամ էլ դեսից-դենից ճարել: Ահագին մեծ թվեր են: Փորձագետների մի մասը դրանք գնահատում է ռիսկային: Նույնիսկ հարկային ծառայությունում քիչ չեն այսպես մտածողները: Բայց մեր կառավարությունը նախագիծը ներկայացնելուց հետո թատերական արվեստի լավագույն ավանդույթներին վայել պաուզա վերցրեց: Վերցրեց ու փաստորեն առ այսօր ձեւացնում է, թե չի լսում «Ի՞նչի հաշվին եւ ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում կատարել այս բյուջեն» հարցը: Կառավարության այս կամ այն անդամը ժամանակ առ ժամանակ ակնարկում էր, որ բյուջեի կատարումն ապահովելու համար հարկային օրենսդրության փոփոխության փաթեթ են ներկայացնելու: Սա, իհարկե, նորություն չէ: Վերջին 10-15 տարին կառավարությունը միշտ էլ բյուջեի նախագծի հետ հարկային փոփոխությունների փաթեթ է ներկայացնում: Տարօրինակն այն էր, որ այս տարվա փաթեթն առ այսօր հրապարակված չէ: Այն նույնիսկ պատգամավորներին չի բաժանվել: Նախորդ տարիներին հենց պատգամավորներն էին իրենց ստացած օրինակները տրամադրում լրատվամիջոցներին ու անկախ փորձագետներին: Իսկ հիմա մեզ բոլորիս մնում է գուշակել` ինչի մասին են այդ փոփոխությունները: Սկզբում, կարծեմ, վարչապետն ակնարկեց, որ հեղափոխական կամ դարակազմիկ նորություն է լինելու (ածականներն իմն են.- Ա.Գ.): Խոսքը շքեղության հարկի մասին էր: Բոլորը շունչները պահած սպասում էին: Անգամ չէին հանդգնում որեւէ ենթադրություն անել: Ախր բոլորին էլ հասկանալի էր, որ շքեղության հարկը միմիայն մեծահարուստներին է վերաբերելու: «Արդյո՞ք մեր կառավարությունը քաղաքական կամք կունենա հարկելու մեր մեծամեծներին» հարցը շատերին հանգիստ չէր տալիս: Թատերականորեն ձգձգվող դադարը ավելի ու ավելի էր խորհրդավոր դարձնում բյուջեի նախագիծը: Հավանաբար նույնիսկ օլիգարխներն էին անհանգստացած: Ով`ով, բայց նրանք հստակ գիտեն, որ շքեղության հարկը մանր ու միջին գործարարների «վզին» չես թողնի: Ոչ էլ աղքատների: Պարզապես հնարավոր չէ դա անել: Ընդամենը մի շաբաթ առաջ իր հրապարակային ելույթներից մեկում վարչապետը մի թեթեւ ետ քաշեց գաղտնիության շղարշը: Լավատեսները հիասթափվեցին: Հոռետեսներն արձանագրեցին, որ ավելին չէին էլ սպասում: «Շքեղության հարկ» կոչվածը, պարզվեց, վերաբերելու է նրանց, ով այսուհետ 90 հազար դոլարից ավելին արժեցող մեքենա է գնելու: 2012-ին դրանցից հավանաբար մի քանի հատ կվաճառվի: Հարկային մյուս երկու փոփոխություններից էլ հավանաբար մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Մեկը վերաբերելու է 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողներին: Նրանց քանակն էլ շատ չէ: Մյուսն իր մասշտաբով կարող է զանգվածային լինել: Բարձրանալու է տեղական արտադրության ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Առայժմ դժվար է որեւէ իրատեսական վերլուծություն անել: Որովհետեւ առաջին հերթին պարզ չէ, թե ինչ չափով է բարձրանալու այն: Երկրորդ` խմող հասարակությունը միշտ էլ այլընտրանք ունի: Նա կամ կանցնի տնական «յաթրջիի», կամ էլ արտասահմանյան էժանագին խմիչքներ «ներմղելուն»: Բոլոր դեպքերում կարելի է ենթադրել, որ տեղական ոգելից խմիչքների արտադրությունը ծանր հարված կստանա: Կստանա` հանուն բյուջեի: Բայց դժվար թե բյուջեն դրանից շահի: Այ, չորրորդ փոփոխությունը, հնարավոր է, ազդի բյուջեի մուտքերի վրա: Այն, ըստ մեր պաշտոնյաների ակնարկների, վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին: Ափսոս, որ առայժմ պարզ չէ, թե որքանով է վերաբերում ու կոնկրետ ի՞նչ հանքարդյունաբերության մասին է: Ընդերքի անխնա շահագործման մասին վաղուց է խոսվում: Ընդ որում, անխնա` էկոլոգիայի եւ բյուջեի տեսանկյունից: Միանշանակ դժվար է պնդելը, որ կառավարությանը կհաջողվի կանոնակարգել ու հարկել հանքարդյունաբերության ոլորտը: Նաեւ այն պարզ պատճառով, որ մեր հանքափորներն էլ ուրիշ մարդ չեն: Նույն մեծամեծ օլիգարխներն են: Առայժմ ոչ մի կառավարության չի հաջողվել նրանց հացին «վայիս» լինել: Ուրեմն ժամանակից շուտ ոգեւորվել պետք չէ: Մակրոտնտեսական, քաղաքական հեռու գնացող ենթադրություններ անել` նույնպես: «Ոսկե ձկնիկի» մասին հեքիաթի ավարտը բոլորս էլ հիշում ենք: Հիշում ենք նաեւ «Խեղդվողի փրկությունը հենց իր` խեղդվողի գործն է» արտահայտությունը: Հետեւաբար պետք չէ աջ ու ձախ հարցնել. «Բա ո՞վ եւ ո՞ւմ հաշվին է կատարվելու եկող տարվա բյուջեն»: Պատմական նորօրյա ու պուճուրիկ փորձը հուշում է, որ ոչինչ չի փոխվելու: Բյուջեն կատարվելու է մանր ու միջին գործարարության, աշխատուժի արտահանման ու դրա դիմաց ստացվող տրանսֆերների, կենսական անհրաժեշտության ապրանքների գնաճի հաշվին: Ինչպես նախորդ բոլոր տարիներին, երբ պետական բյուջեն կատարվել է: Եթե չեք հավատում, հետեւեք տնտեսական պաշտոնական վիճակագրությանը: Հենց այս շաբաթ հրապարակվեց հազար խոշոր հարկատուների ցուցակը: Այս տարվա ինը ամիսների կտրվածքով: Համեմատեք այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցակի հետ: Համեմատեք ու համոզվեք, որ խոշոր բիզնեսը հարկային մուծումների տեսանկյունից նահանջում է: Նահանջում է` բյուջեի համալրման հայրենանվեր գործը մանր ու միջին գործարարությանը զիջելով: Այնպես որ, «Ոչինչ նոր չէ այս լուսնի տակ»: Նույնիսկ խորախորհուրդ «Բյուջե 2012-ը»: