Սյունիքի մարզպետը, էներգետիկայի նախարարը, վարչապետը եւ մանկապիղծը՝ նույն գործով

10/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց:

Թերեւս վերջին ժամանակներում դժվար է հիշել գոնե նման մեկ հանդիպում, երբ բանախոսն այդչափ բաց է լրագրողների առջեւ: Իսկ դրա համար, իհարկե, կային հիմնավոր պատճառներ: Բանն այն է, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անվավեր է ճանաչել գործարար կնոջը պատկանող «Սիփան 1» ընկերության լիցենզիան (Ս. Համբարձումյանի խոսքով` նա այդ hանքավայրում կատարել է մոտ 10 մլն դոլարի ներդրում), վերջինս էլ դիմել է դատարան: Սակայն դա չի խանգարել Ա. Մովսիսյանին` արագ աճուրդ կազմակերպել, աճուրդի հանձնաժողովի նախագահ նշանակել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հանքը վաճառել մի ընկերության, որի բաժնեմասերից մեկը պատկանում է վարչապետ Տ. Սարգսյանի այն ժամանակվա խորհրդական, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին: «Եվ պարոն վարչապետը, որ աճուրդային հանձնաժողովի նախագահն էր, չմասնակցեց աճուրդին` երեւի վախից, որովհետեւ սոսկալի անօրինականություն էին անում: Եթե երկրի վարչապետն էլ մասնակցեր դրան` երեւի շատ ծանր կլինեի իր համար»,- ասաց Ս. Համբարձումյանը` նկատելով, որ ինքն ու Տիգրան Սարգսյանը ուսանողության տարիներին սովորել են զուգահեռ կուրսերում: Մեր այն հարցին, թե Տ. Սարգսյանը լա՞վ էր սովորում, Ս. Համբարձումյանը պատասխանեց. «չերեւացող ուսանող էր եւ լավ չէր սովորում»: Իսկ այն հարցին, թե զուգահեռ կուրսերում սովորելու հանգամանքը ինչ-որ բան չի՞ կարող փոխել ստեղծված իրավիճակում, գործարար կինն այսպես պատասխանեց. «Ո՞նց կարող է ինչ-որ բան փոխել, էն ժամանակ ես մեքենա ունեի, ինքը երեւի սիգարետի փող չուներ»: Ինչ վերաբերում է մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին Ախթալայի հանքավայրը տրամադրելուն, բանախոսը նկատեց, որ Ս. Տեր-Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո նրան ստիպել են դուրս գալ «Սագամար» ընկերությունից` փոխարենը տալով Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Ըստ Սիլվա Համբարձումյանի` ներկայումս «Սագամարը» մնացել է ռուսներին: Ընդ որում` Ս. Համբարձումյանի խոսքով` դա արվել է այն բանից հետո, երբ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կինը սպառնացել է ամեն բան պատմել լրատվամիջոցներին: Այն հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ պետք է Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլենը, հայտարարի, Ս. Համբարձումյանը պատասխանեց. «Նրա կինը շատ բան ունի ասելու, 1999 թվականի մասին շատ բան ունի պատմելու: Նա պահել է դա, որպեսզի ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց` եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»: Հիշեցնենք, որ «168 Ժամը» դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ Ս. Տեր-Պողոսյանի կինը սպառնացել է` ամուսնու դեմ սկսված դատավարությունն իրենց ոչ ցանկալի վերջաբանով ավարտելու դեպքում` հայաստանյան եւ արտասահմանյան մամուլի միջոցներով լուրջ փաստեր կհրապարակի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի, հանքավայրերի վաճառքի, կոռուպցիոն փաստերի վերաբերյալ, որոնցում ներգրավված են ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: Այս դեպքում հետաքրքիր է այն, թե ինչ պետք է պատմի Ս. Տեր-Պողոսյանի կինը 1999թ. վերաբերյալ: Որքան հայտնի է, 1999թ. ամենաուշագրավ եւ դաժան, աղմկահարույց դեպքերը կապվում են «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետ: Ինչեւէ, Սիլվա Համբարձումյանն իր իրավունքները պաշտպանելու համար պայքարելու է մինչեւ վերջ: Նա պատրաստվում է դիմել Եվրոդատարան, որպեսզի կարողանա ետ ստանալ հանքավայրում ներդրած իր 3,5 մլն դոլարը: Երեկվա ասուլիսից հետո մենք զանգահարեցինք Ս. Համբարձումյանին` խնդրելով պատասխանել «168 Ժամի» հարցերին:

– 2008թ. սկսեցիք հետաքրքրվել Սյունիքի մարզի Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի հանքերով, ավելի հստակ` «Սիփան 1» ՍՊԸ-ով: Ի՞նչն էր այդ հետաքրքրության պատճառը:

– Նախ նշեմ, որ իմ հետաքրքրությունը սկզբում եղել է «Սիփան 1» ՍՊԸ լաբորատորիայի նկատմամբ, որի ունեցվածքը ավստրալական «Այբերիան Ռիսորսիզ» ընկերությունը վաճառում էր, որպեսզի ՀՀ-ից հեռանար: 2009թ. օտարերկրացի գործընկերներիս խնդրեցի գալ Հայաստան եւ ներդրումներ անել այստեղ: Նրանք համաձայնեցին եւ եկան Հայաստան: Այնուհետեւ վճարելով գումարը` գնեցին «Սիփան 1» ընկերությունը: Սակայն դրանից հետո ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անվավեր ճանաչեց Լիճքվազ-Թեյ հանքավայրին տրված լիցենզիան: Իսկ նշյալ հանքավայրում ներդրումներ կատարած արտասահմանցի իմ գործընկերը, ով հանդիպել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին (վերջինս արտասահմանցի գործընկերոջս վստահեցրել էր, որ Հայաստանում ներդրումների համար բարելավ վիճակ է, եւ դա կարեւոր խթան էր նաեւ, որպեսզի արտասահմանցին գներ ընկերությունը), ի վերջո, հիասթափվեց` ականատես լինելով այն պատմություններին, որոնք օրինական շրջանակներից դուրս էին: Ինչեւէ, այդ ժամանակ ստիպված էի գնել ընկերությունը` դառնալով հանքի միակ սեփականատերը: Ի դեպ, նշեմ, որ «Այբերիան Ռիսորսիզ» ընկերության տնօրեն Մորիսը 2008թ. նոյեմբերին Հայաստանից փախավ, քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վախեցրել էր նրան: Ավելին, այդ ժամանակ Մորիսի փախուստի մասին չգիտեին անգամ նրա աշխատակիցները: Միայն նրա` Լոնդոն հասնելուց հետո են աշխատակիցներն իմացել, որ Մորիսը հեռացել է Հայաստանից:

– Իսկ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն ինչո՞վ էր վախեցրել:

– Սյունիքի մարզպետն ասել էր, թե կսպանի նրան, թե իրենք ովքե՞ր են, որ եկել-դարձել են Սյունիքի հանքերի սեփականատեր, եւ այլն:

– Այսինքն` մարզպետն արդեն հետաքրքրվա՞ծ էր այդ հանքով:

– Այո՛, մարզպետն արդեն հետաքրքրված էր այդ հանքով եւ, քանի որ նա չէր կարողացել գնել այդ հանքը, հետեւաբար, ամեն խոչընդոտ ստեղծեց «Սիփան 1» ընկերության դեմ:

– Կոնկրետ ի՞նչ քայլեր արեց:

– Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախարար Արմեն Մովսիսյանին ասաց, որ շատ լավ հանք կա, իրենք կարող են ձեռք բերել այն, եւ երկուսով աշխատեցնել: Դրանից հետո ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անվավեր ճանաչեց «Սիփան 1»-ին տրված լիցենզիան: Դա եղել էր մարզպետի առաջարկը, քանի որ Ա. Մովսիսյանը չգիտեր նույնիսկ այդ հանքի տեղը: Ի դեպ, նշեմ, որ 2009թ. մարտին ձեռք բերեցի «Սիփան 1»-ը, որին պատկանում են Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու եւ պղնձի հանքերը: Նախարար Մովսիսյանի` ընկերության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին հրամանը ստացա 2009թ. ապրիլին` էլեկտրոնային փոստով: Մենք չգիտեինք այդ մասին: Իհարկե, դրան հետեւեց մեր հայցը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանի դեմ: Երբ մենք ստացանք ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, նախարար Ա. Մովսիսյանը հայտարարեց, որ Լիճքվազ-Թեյը տրվելու է մեկ այլ կազմակերպության, եւ դրան հետեւեց աճուրդի կազմակերպումը, ավելի հստակ` նախարարն այդ հայտարարությունն արեց նախքան աճուրդը սկսելը: Ինչեւէ, դրանից հետո «Սագամար» ընկերությունն անօրինական աճուրդի ճանապարհով ձեռք բերեց հանքերը: Սա` այն պարագայում, երբ «Սիփան 1»-ի գույքը գտնվում էր դատական գործընթացի մեջ, եւ աճուրդ կազմակերպելու իրավունք չունեին մինչ այն պահը, քանի դեռ դատավճիռ չէր կայացվել: Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը մենք ստացել ենք նախորդ ամսին` հոկտեմբերին: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը: Ճիշտ է, մենք այժմ դիմել ենք Վճռաբեկ դատարան, բայց համոզված ենք, որ այնտեղ մեր հայցը եւս չի բավարարվի: Իսկ մեր հայցապահանջը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի վերոնշյալ հրամանն անվավեր ճանաչելու մասին է: Ընդ որում` ընդգծեմ նաեւ այն հանգամանքը, որ աճուրդի հանձնաժողովի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով վերջում չմասնակցեց աճուրդին: Արդյունքում, այդ աճուրդին շահեց «Սագամար» ընկերությունը, որի բաժնետերերից մեկն այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանն էր, ով այսօր մեղադրվում է մանկապղծության մեջ: «Սագամար» ընկերությունը հանքավայրը գնեց 198 մլն դրամով, բայց այդ գումարի մեջ չէին հաշվել իմ կատարած ծախսերը:

– Փաստորեն, հանքի նկատմամբ շահագրգիռ ուժերի օղակն ավելի է ընդլայնվել, այո՞:

– Կարծում եմ` այո՛, ելնելով նշյալ իրավիճակից, երբ աճուրդի նախագահը երկրի վարչապետն է, իսկ շահող ընկերության բաժնետերերի կազմում ընդգրկված է նրա այն ժամանակվա խորհրդականը: Այսինքն` բացի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ու նախարար Արմեն Մովսիսյանից, հանքավայրի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակը հետագայում ավելի է ընդլայնվում: Այնուհետեւ ասպարեզում հայտնվում է նաեւ ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը, ով դատարաններում հանդես էր գալիս նախագահականի կողմից:

– Ի դեպ, մինչ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում Ձեր, այսպես ասած, հայտնվելը, շատ էր խոսվում Լիճքվազ-Թեյի ոչ մեծ պաշարների մասին: Ձեր հետաքրքրությունից հետո կրքերը, կարծես, թեժացան: Ինչո՞վ է պայմանավորված նման ակտիվությունը: Հանքի պաշարները շատացա՞ն:

– Գիտեք` Հայաստանում ինչ բիզնես ձեռնարկել եմ, նույնն այնուհետեւ սկսել են անել մյուսները: Կարծում եմ` այս դեպքը եւս բացառություն չէ, եւ, թերեւս, մտածում են, որ եթե Սիլվան այդ հանքը վերցրել է, ուրեմն` շատ լավն է, եւ փորձենք վերցնել նրա ձեռքից: Որպես կին գործարար` ես հայտնի էի դեռեւս 90-ական թվականներին: Այդ տարիներին առաջին շաքարավազ, ալյուր, ցորեն, ձու ներկրողը ես էի, եւ այդ ներկրումներից որեւէ շահույթ չէի հետապնդում: Այն ժամանակ Մոսկվայում ունեի օղու արտադրություն, եւ Հայաստանում որեւէ շահույթ ստանալու նպատակ չէի հետապնդում: Իսկ Հայաստանում իմ հետաքրքրությունը պայմանավորված է արտադրության կազմակերպմամբ: Դա էր նաեւ պատճառը, որ ՎՏԲ բանկից գնեցի Երիցյաններին (Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանին պատկանող հացի գործարանները, որոնք գրավադրված էին ՎՏԲ բանկում.- Մ.Մ.) պատկանող հացի գործարանը, ինչպես նաեւ` «Սիփան 1» ընկերությունը:

– Մտավախություն չունե՞ք, որ, ի վերջո, հանքերը կխլեն Ձեզանից:

– Եթե Հայաստանի Հանրապետությունում օրենքը գործում է, ապա, վստահ եմ, որ` ոչ: Միեւնույն ժամանակ, կարծում եմ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թույլ չի տա նման անօրինական գործողությունները:

– Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, թե Սյունիքի մարզպետն ինչպե՞ս ձեռք բերեց Ձեր ընկերությանը պատկանող սարքավորումները:

– Քանի որ «Սիփան 1» ընկերությունից պակասում էին բավական մեծ թվով սարքավորումներ, 2009թ. դիմեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի հսկեն ընկերությունում կատարվող գողությունները: Իրականացված ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ մեր ընկերությանը պատկանող սարքավորումների որոշ մասը, ավելի ճիշտ` 102 միլիոն դրամի գողացված գույքը, գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող հանքավայրում: Ընդ որում` վերջինս 240 միլիոն դրամով 15 մլն դոլարի գույք է գնել «Սիփան 1»-ից, բայց այն սարքավորումը, որ արժեր 102 միլիոն դրամ, չկար նշյալ գնումների ցուցակում: Մարզպետն այն տարել էր, եւ այժմ պատրաստվում են փաստաթղթեր, որպեսզի ետ վերցնեն գույքը:

– Այսինքն` Սյունիքի մարզպետը գողացե՞լ է Ձեր գույքը:

– Այս պահին 102 մլն դրամի գույքը գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում, օգտագործվում է: Այս մասին տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին, բայց մինչ օրս որեւէ փոփոխություն չկա: Մինչ օրս որեւէ արձագանք չենք ստացել:

– Մարզպետին անձամբ ասե՞լ եք գողության մասին:

– Մարզպետի հետ զրուցել եմ: Վերջինս հետեւյալն ասաց. «Մեկ ա` էդ չեմ տալու քեզ, բայց որ դու ես` 100 հազար դոլար կտամ»: Ես, բնականաբար, հրաժարվեցի: Այսինքն` սարքավորումը, որ արժե մոտ 300.000 դոլար, նա դրա դիմաց ինձ առաջարկում էր 100.000 դոլար: Մինչ օրս դեռ սպասում եմ, թե ի՞նչ լուծում կունենա այս դեպքը:

– Ի դեպ, փորձե՞լ եք հանդիպել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

– Ես նախարարին ճանաչել եմ, եւ շատ լավ հարաբերությունների մեջ էինք: Զարմացած եմ, որ մի անգամ նույնիսկ չցանկացավ հանդիպել ինձ հետ: Սա` այն դեպքում, երբ երկուսս էլ Զանգեզուրից ենք: Այնինչ նա ՀՀ նախագահին ներկայացրել էր, թե աշխատողներ չկան այդ հանքավայրում, եւ որեւէ ներդրում չի կատարվել: Պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ սուտ են ներկայացրել ՀՀ նախագահին: Իսկ իմ նպատակը իմ համերկրացիներին օգնելն է, եւ ցավում եմ, որ այսօր հայտնվել եմ այսպիսի իրավիճակում: Իմ ցանկությունը միայն այն է, որ ինձ չխանգարեն: Ի վերջո, ինձ երբեք չի հետաքրքրել քաղաքականությունը, առավել եւս` այդ դաշտում հայտնվելը:

– Ի վերջո, ինչպե՞ս կլուծվի հանքավայրի հարցը:

– Լիահույս եմ, որ հարցը լուծում կստանա, այլապես դիմելու եմ Եվրոդատարան: Հուսով սպասում եմ ՀՀ նախագահի կողմից արդարացի լուծման: Ամեն դեպքում վերջերս կատարված բարեփոխումները վկայում են իմ հույսերի արդարացման մասին: