Երեկ մեր խմբագրություն էր այցելել Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի բնակչուհի Գայանե Փափազյանը` վստահեցնելով, որ մեզ դիմելուց առաջ բոլոր պետական մարմինների դուռը թակել է եւ բոլորի կողմից գրավոր եւ բանավոր մերժումներ է ստացել:
Գ. Փափազյանն ութ երեխաների մայր է, որոնցից վեցն անչափահաս, դպրոցական են, եւ բազմանդամ այս ընտանիքի միակ աշխատողն ամուսինն է` Արթուր Փափազյանը: «Ամուսինս Ղարաբաղում կռված ու իր կյանքը հայրենիքի համար չխնայած մարդ է: 1992թ. Շուշիի ազատագրման ժամանակ էր, որ ողնաշարի խնդիր առաջացավ, ու եկավ Երեւան: Բուժումից հետո կրկին վերադարձավ Ղարաբաղ: Ասում էի` հաշմանդամության կարգ պիտի հանենք, ասում էր` չէ, դա ինձ պետք չի: Ամբողջ կյանքը, ընտանիքը մի կողմ թողած, երեխաներիս հետ ինձ էստեղ մենակ թողած` գնում էր կռվելու, բայց արի ու տես, որ էսօր ամենաանպաշտպանն ու անօգնականն ինքն ա»,- բարկացած ասում է Գ. Փափազյանը` վստահեցնելով, որ թեեւ ամուսինը հպարտ մարդ է եւ իրեն արգելում է դիմել ուրիշների օգնությանն, այդուհանդերձ, նրա առողջական վիճակը ներկայումս այնքան վատ է, որ կինն ընկել է դռնեդուռ: Գ. Փափազյանի հավաստմամբ` ամուսնու ողնաշարի վրա երեք հատ ճողվածք կա, որի պատճառով նա դժվարանում է նույնիսկ շարժվել: Դիմել են տարբեր բուժհաստատություններ, որտեղից հայտնել են անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին: Դրա հետ մեկտեղ` նաեւ զգուշացրել են, որ ողնաշարի այդ տեսակ վիրահատությունն արժե 300.000-350.000 դրամ: «Եթե չվիրահատենք` արդեն կամաց-կամաց կդառնա սայլակավոր հաշմանդամ, որովհետեւ ողնաշարի ցավից չի կարողանում քայլել: Պառկել ընդհանրապես չի կարողանում ցավից: Հիմա մի կերպ գնում է աշխատանքի, բայց գիշերները բաց աչքերով է լուսացնում: Բժիշկներին ասում եմ` բազմազավակ, ութ երեխաների ծնողներ ենք, ինքը կռված տղա ա, ի՞նչ կլինի ընդառաջեք: Անթիվ մեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը ձեռքիս` դիմում եմ պետական մարմիններին, բայց, փաստորեն, դրանք ոչինչ են»,- ասում է բազմազավակ մայրը` վստահեցնելով, որ Մուրացանի հիվանդանոցից հորդորել են դիմել Պաշտպանության նախարարություն:
Ազատամարտիկի կինը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ամուսնու վիրահատության համար պահանջվող գումարի հարցում աջակցել: Նախագահին ուղղված նամակը վերահասցեագրվել է ինչպես Պաշտպանության նախարարություն, այնպես էլ` Երեւանի քաղաքապետարան: Որքան էլ տարօրինակ է` ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, գնդապետ Ս. Հարությունյանը ի պատասխան հայտնել է. «Ինչ վերաբերում է դրամական օգնություն հատկացնելուն, ապա հայտնում եմ, որ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից կազմակերպվում է միայն զոհված (մահացած) զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների անդամներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին (ազատամարտիկներին) դրամական օգնությունների հատկացման գործընթացը»: Այլ կերպ ասած` ազատամարտիկի մարտական ուղին որեւէ արտոնյալ կարգավիճակ չի տալիս, փոխարենն` արտոնյալ վիճակում կհայտնվեր նրա ընտանիքը, եթե Ա. Փափազյանը զոհվեր: «Հասկանո՞ւմ եք, ես ութ երեխաներիս ինչո՞վ պիտի կերակրեմ, եթե նա լրիվ դառնա հաշմանդամ ու չկարողանա տեղաշարժվել: Հիմա նա «Օրրան» կենտրոնի նախագահ Արմինե Հովհաննիսյանի շնորհիվ աշխատում է «Օրրանում»` որպես հսկիչ: Մեկ օր աշխատում է, մեկ օր տանն է: Այդ ազատ օրերին էլ տաքսի էր վարում` ուրիշի մեքենայով, հավելյալ մի երկու կոպեկ աշխատում էր, բայց հիմա ի վիճակի չէ: Ութ երեխա պահելը մեր օրերում գիտե՞ք ինչ ծանր ու դժվար է, ի՞նչ ենք անելու, եթե մի քանի ամսից լրիվ անշարժանա»,- նեղսրտած ասում է ազատամարտիկի կինը, ով Էրեբունի վարչական շրջանի ղեկավարից շնորհակալագիր է ստացել ութ երեխա լույս աշխարհ բերելու համար, սակայն շնորհակալագրերը, պարզվում է` իրենցից արժեք չներկայացնող թղթեր են:
Գ. Փափազյանը խմբագրություն էր եկել պատվոգրերի, շնորհակալագրերի ու մեդալների մի ամբողջ փաթեթով, որոնք, սակայն, փաստորեն, ոչինչ են ազատամարտիկի առողջությունը փրկելու համար: Գ. Փափազյանը վիրավորված ասում է. «Երբ ինքը կռվի ժամանակ եկավ բուժվելու` ես պնդեցի, որ հաշմանդամության կարգ հանի: Ասում էր` ժամանակ չկա, պիտի հետ գնամ, էդ ինձ պետք չի: Եթե նա հիմա հաշմանդամության կարգ ունենար` անվճար կվիրահատեին: Մեր երկրում պիտի զգացմունքներին չտրվես, պիտի անես էն, ինչն ապագայում քեզ պետք կգա: Ինքը պիտի երկար պառկեր ու չմտածեր, որ սահմանում կռիվ ա»:
Ի դեպ, Էրեբունի վարչական շրջանի սոցիալական բաժնից տեղեկացրել են, որ աղքատությունը բնութագրող միավորները կազմում են 32, մինչդեռ 36 միավոր ունենալու դեպքում Ա. Փափազյանը կարող էր անվճար վիրահատվել: Բավականին զավեշտալի է նաեւ ՀՀ նախագահին ուղղված, այնուհետեւ` Երեւանի քաղաքապետարան վերահասցեագրված Գ. Փափազյանի դիմումի պատասխանը: Քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալի նախկինում ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը զբաղեցնող Մ. Չալաբյանն իր պատասխան նամակով միայն շարադրել է Գ. Փափազյանի ընտանեկան կարգավիճակը, որտեղ որեւէ հիշատակում չկա դիմումատուի վիրահատության համար պահանջվող ֆինանսական աջակցության խնդրանքի մասին. «Քննարկման արդյունքում պարզվել է, որ Դուք հաշվառված եք Էրեբունի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2004-ից: 2011թ. հունվարից Ձեր ընտանիքի անապահովության միավորը կազմում է 32.78, ամսական ստանում եք 59.000 դրամ ընտանեկան նպաստ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Էրեբունու վարչական շրջանի կողմից իրականացվող` կարիքավոր ընտանիքների առաջինից չորրորդ դասարանցի երեխաներին պայուսակներով, գրենական պիտույքներով աջակցելու սոցիալական ծրագրում կընդգրկվի նաեւ Ձեր դուստրը»:
Գ. Փափազյանը վստահեցնում է, որ դիմել է նաեւ Առողջապահության նախարարություն, սակայն նորից մերժվել է: «Էս վերջերս նորից ՀՀ նախագահին գրեցի, ու նորից ուղարկեցին քաղաքապետարան: Նամակներս կարուսելի պես պտտվում են, ու վերջում մերժման թուղթ եմ ստանում: Էս անգամ գրավոր էլ չմերժեցին: Նախագահականից ուղարկել էին քաղաքապետարան: Զանգեցին, ու Սեդա անունով մի կին ինձ ընդունեց: Ասաց, որ վիրահատությունը թանկ է եւ չեն կարող գումարով օգնել: Ասում եմ` գոնե գրավոր գրեք, բանավոր պատասխանը հիմք չունի: Ասում է` ես ո՞վ եմ, որ գրավոր նամակով մերժեմ: Էդպես էլ չհասկացա, թե նա ինչպե՞ս կարող էր բանավոր մերժել, բայց գրավոր մերժման իրավունք չուներ»,- ասում է Գ. Փափազյանը: Նա հույս ունի, որ գոնե լրատվամիջոցների օգնությամբ ամուսնու վիրահատության հարցը կարժանանա համապատասխան մարմինների ուշադրությանը: Հակառակ դեպքում, իր ութ երեխաների ճակատագիրը նույնքան անորոշ է, որքան ամուսնու` առաջիկայում աշխատունակության հարցը: