«Ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանում ղեկավարության փոփոխությունից հետո ռուս-վրացական հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվի, այլեւ կվատթարանան: Վլադիմիր Պուտինը բաց հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը: Նա ոչ միայն բարձրաձայնում է այդ մասին, այլեւ կոնկրետ քայլեր է ձեռնարկում տվյալ ուղղությամբ»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լեհական EurActiv բյուրոյին տված հարցազրույցում: «Նա նաեւ հայտարարել է Հարավային Օսիայի ու Բելառուսի միավորման հնարավորության մասին: Պուտինը մշտապես այդ ամենի մասին հայտնում է բացարձակապես բոլորին: Նա ասում է այն, ինչ մտածում է: Ռուսաստանի հարեւանները գտնվում են բարդ վիճակում, քանի որ ճնշում են զգում Ռուսաստանի կողմից: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ռուսաստանի նմանատիպ քաղաքականությունը մշտապես չի շարունակվելու: Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ չունի, այդ թվում` նաեւ ինտելեկտուալ առումով, որպեսզի շարունակի այդ քաղաքականությունը,- ասել է նա` ավելացնելով,- Վրաստանը սպասում է այն պահին, թե երբ ռուս ժողովուրդը կգիտակցի այդ քաղաքականության հետագա շարունակման անհնարինությունը եւ կակտիվացնի իր ջանքերն այն ժամանակ, երբ երկրում տեղի կունենա ռուսական ղեկավարության փոփոխություն: Վրաստանն էլ ժամանակի ընթացքում որքան մոտենա եվրոպական ինստիտուտներին, այնքան կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը նրա հանդեպ: Վերջապես Ռուսաստանն էլ կցանկանա պատկանել Եվրոպային: Մի գեղեցիկ օր Ռուսաստանը կկանգնի եվրոպական ուղու վրա»: Խոսելով անձամբ իր ապագա ծրագրերի մասին` Սահակաշվիլին ասել է. «Ես մտադիր չեմ նախագահական ժամկետի սպառումից հետո դառնալ վարչապետ: Կարծում եմ, որ խորհրդարանից կախված վարչապետական պաշտոնը շատ չի հետաքրքրում այն մարդուն, որը ներկայումս երկրի նախագահն է: Մեր խորհրդարանը մինչ 2013 թվականը պետք է իրականացնի բավական կարեւոր բարեփոխումներ: Մեր նոր Սահմանադրության համաձայն, նախագահը պահպանելու է զգալի իշխանություն, իսկ վարչապետը նույնպես կարեւոր ֆիգուր է լինելու, սակայն նա ամբողջովին կախված է լինելու խորհրդարանից: Բազմաթիվ պատճառներով ես չեմ կարող Պուտին դառնալ: Վրաստանն այլ երկիր է, այստեղ իրավիճակն այլ է: Իմ շրջապատում չի քննարկվում այդ հարցը: Մենք հստակ գիտենք, որ մեզ համար առավել կարեւոր է այն, թե ինչ տեղի կունենա 6 ամիս անց, 1, 2, 3.5-4 տարի անց»: Անդրադառնալով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հարցին` Սահակաշվիլին նշել է. «Վրաստանը չի ցանկանում իր տարածքային ամբողջականության հետ կապված ներքին խնդիրներն արտահանել ԵՄ: Մենք կանգնած ենք ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Բարեփոխումներ անցկացնելով` մենք ցանկանում ենք, որ Վրաստանը ներկայանա որպես այդ կառույցին անդամակցել ցանկացող ամենալավ թեկնածուն: Մենք դեռեւս չունենք այդ կարգավիճակը, սակայն ակնհայտ է, որ դա հնարավոր է ապագայում: Ի՞նչ պետք է անենք մենք առաջին հերթին. լուծենք մեր տարածքային ամբողջականության խնդիրը կամ անդամակցենք ԵՄ-ին: Դա շատ հեռավոր հեռանկար է, եւ մենք տեսնում ենք, որ այն երկրները, որոնց տարածքային ամբողջականության հարցը մնացել է բաց, անդամակցել են ԵՄ-ին: Չնայած դրան` Վրաստանը չի ցանկանում իր ներքին հակամարտություններն արտահանել ԵՄ: Չնայած Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է, եւ երկիրը գտնվում է մշտական սպառնալիքի ներքո, Վրաստանի տնտեսությունը շարունակում է աճել ու զարգանալ: Այս տարի մենք ակնկալում ենք 7 տոկոսանոց տնտեսական աճ: Դա հնարավոր է, քանի որ, ըստ Համաշխարհային բանկի, Վրաստանում բիզնեսի համար ստեղծված են լավագույն պայմանները ողջ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայում»: Ի դեպ, նույն հարցազրույցում Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Վրաստանի նկատմամբ առեւտրային բեռնարգելք մտցնելու համար: «Ռուսաստանի մտցրած բեռնարգելքի, շանտաժի ու բռնության շնորհիվ Վրաստանն այսօր մյուս հետխորհրդային երկրներից ավելի քիչ կախվածության մեջ է Ռուսաստանից: Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա մենք ամբողջությամբ անկախ ենք: Հետեւաբար, այդ պլանում մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է, քան մյուս հետխորհրդային հանրապետություններում: Վրաստանն արտադրում է իր էլեկտրաէներգիան եւ անգամ այն արտահանում դեպի Ռուսաստան: Որքան էլ որ դա տարօրինակ լինի, մենք տարանցիկ եկամուտներ ենք ստանում այն ոչ մեծաքանակ ռուսական գազից, որը մեր տարածքով մատակարարվում է մեր հարավային հարեւանին` Հայաստանին: Ինչ վերաբերում է նավթին ու գազին, ապա Վրաստանը դրանք ստանում է Ադրբեջանից, անհրաժեշտության դեպքում դրանք կստանա նաեւ Թուրքիայից»,- ասել է Վրաստանի նախագահը: