Մայր ու որդի՝ ընդդեմ «168 Ժամ»-ի

10/11/2011

Նոյեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցան Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստերը: Նախկին տնօրինուհին ու նրա անչափահաս որդին` Տիգրան Տերտերյանը, հայցադիմում են ներկայացրել իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները» հերքելու պահանջով եւ զրպարտության մեղադրանքով` պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին մեր թերթի խմբագրություն էր դիմել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը` բողոքելով դպրոցի այլեւս նախկին տնօրինուհու` Սուսան Նազարյանի եւ դպրոցում տիրող անառողջ բարքերի մասին: Ալբերտը խմբագրություն եկավ ոչ միայն հոգեկան ճնշված վիճակով, այլ երեսին եղունգների հետքերով: «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է»,- ասաց 10-րդ դասարանի աշակերտը` մանրամասն ներկայացնելով այն իրավիճակը, որում ինքը հայտնվել էր: «Մի աղջիկ էրեխու ասեց` հեռախոսդ կվերցնեմ-կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը»,- նշեց Ալբերտը:

Ալբերտի հետ զրույցից հետո մենք զանգահարեցինք դպրոցի այն ժամանակ տնօրեն Սուսան Նազարյանին: Վերջինս նախ վրդովված հետաքրքրվեց, թե որտեղի՞ց ենք իմացել իր հեռախոսահամարը, ապա նույնքան վրդովված սկսեց պատասխանել մեր հարցերին: Սակայն միայն մեկ շաբաթ անց հրապարակում պատրաստեցինք այս դպրոցի մասին: Թեեւ վախով, այնուամենայնիվ, մեզ հետ համաձայնեցին խոսել նաեւ Էջմիածնի բնակիչները եւ պատմեցին դպրոցի մութ բարքերի մասին: Մեր թերթի հրապարակմանը հետեւեցին մյուս լրատվամիջոցները, որոնք դարձյալ գրեցին դպրոցի անառողջ բարքերի մասին: Փետրվարի 22-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով նշյալ տնօրինուհու դեմ հարուցվեց քրեական գործ, եւ նախաքննության համար ընդունվեց «168 Ժամ» թերթում տպագրված` «Դպրոցի տնօրինուհին հայհոյել է ինձ» վերնագրով հոդվածը: Դրան հաջորդեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Սուսան Նազարյանին կարգապահական տույժ տալու որոշումը, ապա ՀՀ Կրթության պետական տեսչության անցկացրած ստուգումները դպրոցում: Ապրիլի 30-ին ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով այլեւս դադարեցվեցին նշյալ տիկնոջ լիազորությունները տնօրենի պաշտոնում: Այս ամբողջ պատմության ընթացքում բազմիցս ստացել ենք հեռախոսազանգեր այն մասին, թե Ս. Նազարյանը կարող է վրեժխնդիր լինել թերթից: Դպրոցի նախկին տնօրինուհին դեռեւս չի հարմարվել իր պաշտոնանկությանը` փոխարենը գտել է նոր զբաղմունք` դատարանների դռները թակելը. նա դատի է տվել եւ՛ ԿԳՆ-ին, եւ՛ «168 Ժամ» թերթին:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած դատական նիստերին հայցվոր կողմից մասնակցում էին փաստաբան Գեւորգ Գեւորգյանն ու նշյալ տնօրինուհու ամուսինը` Համլետ Տերտերյանը (որպես Տ. Տերտերյանի ներկայացուցիչ): Նախքան դատական նիստի սկիզբը «168 Ժամ» թերթի փաստաբան Անահիտ Հակոբյանը դատարանին խնդրեց լրագրողներին թույլատրել տեսաձայնագրություն կատարել: Սակայն հայցվոր կողմի փաստաբան Գեւորգ Գեւորգյանն առարկեց` ասելով, թե կողմը դրանով փորձում է «շոու ստեղծել». «Շոու ստեղծելու եւ անհարկի լրացուցիչ չճշտված զրպարտություններ տարածելու նպատակ է հետապնդում»,- ասաց նա: Չնայած այս առարկությանը, դատավոր Ա. Մելքումյանը բավարարեց խնդրանքը: Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհին հայցապահանջ է ներկայացրել այն պատճառաբանությամբ, թե թերթը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, եւ մասնավորապես պահանջում է հերքել մայիսի 26-ին հրապարակված «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» հոդվածի հետեւյալ հատվածը. «Հիշեցնենք, որ խոսքը դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհու մասին է»: Դատավորի հարցին, թե հայցվոր կողմն արդյոք ունի՞ ապացույցներ, որոնք կհերքեն վերոնշյալ տեղեկատվությունը, հայցվոր կողմի փաստաբան Գ. Գեւորգյանը պատասխանեց, թե իրենք ապացույցներ կներկայացնեն պատասխանող կողմի ապացույցները ներկայացնելուց հետո:

Իսկ «168 Ժամը» որպես ապացույց` դատարանին ներկայացրեց համապատասխան ձայնագրությունները, որտեղ դպրոցի նախկին եւ ներկա աշակերտները, ուսուցիչները, ծնողները պատմում էին դպրոցի նախկին տնօրինուհու «արկածներից»: Հայցվոր կողմը դատարանից խնդրեց մեկ շաբաթ ժամանակ տալ ձայնագրություններին ծանոթանալու համար, որից հետո, ինչպես նա նշեց` իրենք կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը: «168 Ժամի» փաստաբան Ա. Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` դատարան հրավիրել Ս. Նազարյանի մասին տեղեկություններ տրամադրած աշակերտներին եւ ծնողներին, ովքեր պատրաստ են հաստատել հոդվածում հրապարակված տեղեկատվությունը:

Ի պատասխան դատավորի հարցին, թե` երբ տեղեկատվության աղբյուրը պատրաստ է ներկայանալ դատարան եւ այստեղ ապացուցել իր հայտարարությունը, արդյոք ավելի լավ չէ՞, հայցվոր կողմը դարձյալ դատարանին խնդրեց հետաձգել դա` պատճառաբանությամբ, թե նյութերին ծանոթանալուց հետո կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Ա. Հակոբյանը նաեւ դիմեց դատարանին, որպեսզի վերջինս ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունից վերցնի սույն տնօրինուհու դեմ հարուցված քրեական գործի որոշումը, որը հարուցվել է «168 Ժամում» հրապարակված նույն հոդվածի հիման վրա: Ի պատասխան` դատավորն ասաց, թե փաստաբանը կարող է ստանալ քրգործի որոշումը առանց դատարանի միջնորդության, ինչը կներկայացնի հաջորդ դատական նիստին:

Իսկ ինչ վերաբերում է նախկին տնօրինուհու որդուն` Տիգրան Տերտերյանին, ապա նա նույնպես թերթից պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հայցվոր կողմն իրեն վիրավորված է համարում այն բանի համար, թե իբր թերթը Տ. Տերտերյանին մեղադրել է դպրոցի փաստաթղթային արխիվը հրդեհելու համար: Սա` այն դեպքում, երբ թերթը գրել էր հետեւյալը. «Ի դեպ, ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրենի որդին այրել էր դպրոցի փաստաթղթային արխիվը»: Դատավորի դիտարկմանը, թե վերոնշյալ հոդվածում չեն նշվում ո՛չ տնօրենի, ո՛չ որդու անուն-ազգանունները, հայցվոր կողմի ներկայացուցիչ Գ. Գեւորգյանը պատասխանեց, թե «ենթադրվում է, որ դա վերաբերում է հենց Տ. Տերտերյանին»: «168 Ժամ» թերթի փաստաբանը դատարանին հանձնեց նաեւ այն ձայնագրությունը, որտեղ պատմվում է փաստաթղթային արխիվը հրդեհելու մասին, ինչպես նաեւ`միջնորդեց վկաներին դատարան հրավիրելու համար: Հայցվոր կողմը, սակայն, դարձյալ մեկ շաբաթ ժամանակ խնդրեց ձայնագրություններին ծանոթանալու համար եւ խնդրեց վկաներին դատարան հրավիրելու միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին: Իսկ դատական հաջորդ նիստերը տեղի կունենան նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին եւ 12:00-ին:

Ի դեպ, նոյեմբերի 15-ին ժամը 11:30-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվելու է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացված հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Անդրեասյանը դիմել է ՍԴ` իր իսկ կողմից առաջարկված եւ ընդունված օրենքի վերոնշյալ հոդվածն ապաքրեականացնելու խնդրանքով, որի պատճառով արդեն մեկ տարի է` որոշ տպագիր թերթեր հայտնվել են դատական քաշքշուկների մեջ: Եվ եթե ՍԴ-ն բավարարի Կ. Անդրեասյանի հայցը, ապա, ինչպես «168 Ժամի», այնպես էլ մյուս բոլոր թերթերի դեմ այս հոդվածով հարուցված գործերը կկասեցվեն: