Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` ցանցային հանրույթների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե համակարգչից եւ համացանցից օգտվել չկարողացող պաշտոնյաներին ուղղակի պետք է հեռացնել աշխատանքից: «Կարծում եմ` եթե պետական պաշտոնյան չի կարողանում օգտվել համակարգչից եւ չգիտե` իրեն ինչպես պահել Համացանցում, նա աշխատանքից ազատվելու ենթակա է, որովհետեւ որպես մասնագետ` անպետք է»,- ասել է Մեդվեդեւը: Նա նաեւ խրախուսել է պաշտոնյաներին, ինչպես նաեւ` հասարակ քաղաքացիներին մերկացնող տեսանյութերի տեղադրումը համացանցում: «Ինտերնետում շրջանառվող շատ բաներ հասարակ մարդկանց, այդ թվում` պաշտոնյաներին` նյարդայնացնում են: Բայց օգտակար մի գործառույթ ունեն դրանք. նրանք, ովքեր պետք է հետեւեն կարգուկանոնի պահպանմանը, սկսում են ավելի հարգալից վերաբերվել մարդկանց: Որոշ մարդիկ Ոստիկանության համակարգից, մյուս կառույցներից դուրս թռան` պարզապես քաղաքավարության կանոնները խախտելու համար»,- ասել է նա: Ռուսաստանի հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները Մեդվեդեւին են ցույց տվել տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես է մի մեքենայի վարորդ խախտում երթեւեկության կանոնները, ապա կաշառք տալիս ճանապարհային ոստիկանին: «Չգիտեմ` պաշտոնյա՞ է նա, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ նրա տրամադրությունը կբարձրանա, երբ այս տեսանյութը հայտնվի ինտերնետում, բայց մարդը կմտածի հետեւանքների մասին»,- արձագանքել է Դ. Մեդվեդեւը: ՌԴ նախագահը խոստովանել է, որ իր աշխատակազմի բոլոր աշխատակիցների համակարգիչներում կա «Angry Birds» խաղը, ինչպես նաեւ այն, որ ինքը էջ է բացել «ՎԿոնտակտե» սոցցանցում: Ի դեպ, «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում գրել է. «Պրիվետ, Նու ոտ յա ի ՎԿոնտակտե»: Պարզվում է` Մեդվեդեւը ցանկություն ունի գրանցվել նաեւ Facebook-ում: Նրա կարծիքով` սոցիալական կայքերը ավելի կմեծացնեն իր համախոհների հետ շփվելու շրջանակը: