Երեկ Երեւանի կենտրոնում` Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող 30 քմ մակերեսով առանձնացված տարածքում բացվել է նորվեգացի բեւեռախույզ, գիտնական Ֆրիտիոֆ Նանսենի արձանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն, Ֆրիտիոֆ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը, դեսպաններ, մշակութային գործիչներ եւ այլք: Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւն իր խոսքում պատմել է, որ ինքը մանուկ էր, երբ Ֆ. Նանսենը մահացել է, բայց կարդալով պապի` Հայաստանին նվիրված գիրքը, զգացել է, որ նա իրոք հպարտանում էր Հայաստանի նկատմամբ ունեցած իր մեծ սիրով: Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն իր խոսքում նշել է, որ Ֆր. Նանսենը մեծ եռանդով էր պաշտպանում փախստականների քաղաքացիական իրավունքները. նա արեց ամեն ինչ, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր փախստականները հայրենադարձվեին: Դա իրականացել է նանսենյան անձնագրերի միջոցով:
Արձանը տեղադրվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտիոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված արարողությունների շրջանակում: Արձանի քանդակագործը Գարեգին Դավթյանն է: Քանդակագործի խոսքով` Ֆ. Նանսենն իր համար ամենաբարձր բարոյական արժեքներ ունեցող մարդկանցից մեկն է, ու արձանի մեջ հենց դա է փորձել շեշտել: Նաեւ նշել է, որ սա առաջին պետական պատվերն է, որն ինքն իրականացրել է մի քանի ամիսների ընթացքում, ինչն այս չափի քանդակի համար բավական կարճ ժամանակամիջոց է: Գ. Դավթյանը նկատել է, որ մեծ մարդասերին պատկերել է գրենլանդական էսկիմոսների տարազով` առանց գլխարկի, քանի որ գլխարկն, ըստ նրա, որոշ չափով պարտավորեցնող էլեմենտ է: Հուշարձանը կերտված է բրոնզից, պատվանդանը` տրավերտինից, որն ասոցիացվում է սառույցի հետ, քանի որ Նանսենը գնացել է բեւեռ, եւ բացի այդ` Նորվեգիան հյուսիսային երկիր է: Հուշարձանի բացումից հետո Սերժ Սարգսյանը Նանսենի թոռնուհուն` տիկին Մարիտ Գրեւին է հանձնել ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակը հավաստող անձնագիր: