Սահմանադրության նոր նախագիծը փոփոխություններ է առաջարկում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համար: Ինչպիսի՞ հիմնախնդիրներ ունենք այսօր համակարգում, եւ ի՞նչ հեռանկարներ է առաջարկում երկրի նոր սահմանադրությունը: Այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում իրենց տեսակետները ներկայացրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ԺՊ» խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը եւ «Համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Էմին Երիցյանը:
Ինը տարվա ձեռքբերումներ
1996թ. Հայաստանում ներդրված ՏԻՄ համակարգն ունի իր առանձնահատկությունները: Դրանցից մեկը, ըստ Է. Երիցյանի, ուժեղ համայնքապետի մոդելն է, երբ վերջինս ընտրվում է ուղղակի ճանապարհով: «Եթե 1996թ. ընտրություններում կենտրոնական իշխանությունը փորձեց իր համար ռեգիոնալ էլիտա ստեղծել, այսինքն` ընտրությունները եղան նշանակովիին մոտ, ապա սերնդափոխության արդյունքում, ընտրությունից ընտրություն սկսեցին ավելի ուժեղ մարդիկ ընտրվել»,- գտնում է Է. Երիցյանը: Նա նաեւ դրական է համարում համայնքի ղեկավարի պաշտոնավարման 3 տարի ժամկետը՝ գտնելով, որ դա թույլ է տալիս արագ սերնդափոխություն:
Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը 2003թ. ներկայացրել է Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին հանձնարարականի նախագիծը, որտեղ մի շարք առաջարկություններ էին արված ՏԻՄ համակարգը բարելավելու ուղղությամբ: Հայաստանի կենտրոնական իշխանություններն այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել «Համայնքների միության» հետ: «Ուղղություններից մեկը պրոֆեսիոնալ, ավելի արդյունավետ աշխատող տեղական իշխանություններ ունենալու խնդիրն էր, որը ներառում էր, օրինակ, «Համայնքային ծառայության մասին» օրենքի ընդունումը, միաժամանակ` ուսուցման համակարգի ներդրումը: Օրենքն ընդունվել է, ինչը կապահովի, որպեսզի մոտ 7000 համայնքային ծառայողներ պաշտպանված լինեն: Եթե օրենքն ավելի շուտ գործեր, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո համայնքների աշխատակազմի ավելի քիչ փոփոխություններ տեղի կունենային»,- ասում է Է. Երիցյանը: Կարեւորելով այս հանգամանքը՝ Մ. Մինասյանը հիմնախնդիրը բնորոշում է որպես համայնքային հեղափոխություն: «Ընտրվելուց հետո համայնքի ղեկավարներից շատերն աշխատակազմի մոտ 70-80%-ին փոխում են, եւ կրկին ժամանակ է պահանջվում, որպեսզի նոր աշխատողները փորձ ձեռք բերեն, ծանոթանան օրենքներին: Մեզ այս հարցում խանգարում է մեր ասիական մտածելակերպը. «Ես իշխանիկ եմ, իսկ բոլորն իմ նազիր-վեզիրներն են»: Ոչ, դու ընտրվել ես ժողովրդի կողմից եւ պետք է նրան էլ ծառայես»,- գտնում է Մ. Մինասյանը:
Համայնքի բյուջեն
Հարկային մուտքերից համայնքների բյուջե մտնում են միայն գույքահարկն ու հողի հարկը, իսկ 2002-ից՝ նաեւ եկամտահարկից ու շահութահարկից մասհանումներ, որոնք ամեն տարի պետական բյուջեով են սահմանվում: Իսկ համահարթեցման նպատակով պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների չափը պետք է նախորդ տարվա պետ. բյուջեի 4 տոկոսից պակաս չլինի: «Թեեւ վերջինիս աճի հետ դոտացիաները նույնպես աճում են, այնուամենայնիվ, ցանկալի է, որ համայնքի բյուջեի ֆինանսավորման աղբյուրները լինեն ուղղակի ձեւով՝ հարկերի տեսքով»,- ասում է Է. Երիցյանը: Համայնքն իր առջեւ պետք է դնի ոչ միայն բարեկարգման, կանաչապատման, կոմունալ խնդիրները, այլեւ պետք է հնարավորություն ունենա եւ շահագրգիռ լինի համայնքում փոքր եւ միջին բիզնեսը զարգացնել: Այս կարծիքին է Մ. Մինասյանը: «Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է դոտացիաները պակասեցնելու ճանապարհով այլ հարկատեսակներից համայնքի բյուջեին գումարներ հատկացնել, որպեսզի համայնքները շահագրգռված լինեն սատարելու շահույթ ստացող կառույցներին: Օրինակ, Ռուսաստանում եւ ակցիզային հարկից, եւ ավելացված արժեքի հարկից, եւ շահութահարկից համայնքներին որոշակի հատկացումներ կատարվում են: Այսինքն, այս իմաստով` պետական բյուջեն չի տուժում, բայց նաեւ արտոնություններ ու հնարավորություններ է տալիս տեղական համայնքներին, որպեսզի վերջիններս խթանեն մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը»,- ասում է պատգամավորը:
Սահմանադրական փոփոխություններ
Համակարգում որոշակի բարեփոխումներ եղել են, սակայն կան հիմնադրույթներ, որոնք առանց սահմանադրության փոփոխության հնարավոր չէ վերափոխել: Սահմանադրական փոփոխությունների նախագծում կան կետեր, որոնք ուղղակիորեն առնչվում են ՏԻՄ համակարգին եւ համայնքների բնակչությանը հուզող խնդիրներին: Առաջին հերթին, դա ՏԻՄ ղեկավարի պաշտպանվածության խնդիրն է: Այսօր վարչապետի կողմից նշանակված անձինք՝ Երեւանի քաղաքապետն ու մարզպետները, կարող են անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին, որն ուղղակիորեն ընտրվել է ժողովրդի կողմից եւ առաջնային մանդատի իրավունք ունի իր համայնքում: Գործող սահմանադրությամբ հարցը քննարկվում է ընդամենը կառավարությունում, իսկ վերջինս պետք է պաշտպանի կամ իր կողմից նշանակված անձին, կամ էլ ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյային: «Պետք է նշեմ, որ մեխանիզմը հետեւյալ կերպ էր աշխատում. մարզպետը, մինչեւ համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահություն հայտնելը, վաղօրոք համաձայնեցնում էր կառավարության հետ, եւ, բնականաբար, հարցը լուծվում էր իր օգտին: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են, որ կառավարությունը չի կարող անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին, եթե հարցը քննարկված չէ Սահմանադրական դատարանում, եւ վերջինիս որոշումը չկա: Այսինքն, հարցը տեղափոխվում է քիչ թե շատ անկախ հարթություն»,- ասում է Մ. Մինասյանը:
Հաջորդ խնդիրը համայնքի ղեկավարի ու ավագանու պաշտոնավարման ժամկետն է: «Հաշվի առնելով իմ անձնական փորձը (Մ. Մինասյանը 6 տարի եղել է Նոր Նորքի թաղապետ.-Կ.Թ.) եւ հանրապետության գրեթե բոլոր համայնքապետերի կարծիքները՝ գտնում եմ, որ 3 տարին շատ քիչ է: Բացատրությունը պարզ է. մոտ 1 տարի անհրաժեշտ է, որպեսզի համայնքապետը փորձ ձեռք բերի իր իրավունքներին ու պատասխանատվություններին, աշխատանքի մեթոդներին ու հմտություններին, օրենսդրական դաշտին տիրապետելու գործում: Հաջորդ տարի իսկապես սկսում է աշխատել իր խոստումների ու ծրագրերի վրա, իսկ երրորդ տարին նվիրում է նախընտրական հաջորդ փուլին: Այսինքն, լիարժեք աշխատում է 1 տարի: Այս պատճառով, սահմանադրության նոր տարբերակով առաջարկվող 4 տարի ժամկետը, իմ կարծիքով, արդարացված է»,- գտնում է Մ. Մինասյանը:
Երեւանի կարգավիճակը
Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ Երեւանը կդառնա համայնք, կունենա բյուջե, իսկ քաղաքապետը կլինի ընտրովի: Մ. Մինասյանի խոսքերով, Երեւանի թաղային համայնքներն այսօր հավասարաչափ չեն զարգանում, իսկ քաղաքի զարգացման համընդհանուր ծրագիրը կնպաստի Երեւանի համաչափ բարգավաճմանը: Դեռ հայտնի չէ, թե սահմանադրության փոփոխության դեպքում Երեւանի քաղաքապետը կընտրվի ուղի՞ղ, թե՞ անուղղակի ճանապարհով (ընտրված ավագանու անդամների կազմից): «Չեմ բացառում այն տեսակետը, որ հնարավոր է, որ Երեւանի ընտրովի քաղաքապետը դառնա այն անձը, ով կկարողանա ընդդիմություն հանդիսանալ նույնիսկ հանրապետության նախագահի համար: Բայց գտնում եմ, որ Երեւանի կարգավիճակի փոփոխությունը բխում է բնակչության շահերից»,- ասում է Մ. Մինասյանը: Ի դեպ, թե Մ. Մինասյանը եւ թե Է. Երիցյանը ափսոսանք հայտնեցին, որ Հայաստանում չկա տեղական ինքնակառավարման երկաստիճան համակարգ, եւ եթե Երեւանը համայնք դառնա, ապա ներկայիս 12 թաղերը կդադարեն ՏԻՄ լինել: