Կրակոցներ Թումանյան փողոցում

10/11/2011

Երեկ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Թումանյան-Խանջյան փողոցների հատման կետում, Թումանյան-2 շենքում գտնվող փոխանակման կետի վրա են հարձակվել երկու մարդ: Նրանք զենքի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 10.000 դոլար գումար են հափշտակել ու դիմել են փախուստի: Նրանք փախուստի ժամանակ կրակոցներ են արձակել: Ոստիկանության կենտրոնականի բաժնի ավագ քննիչ Սուրեն Հակոբյանի խոսքով` դեպքի վայրում պարզվել է, որ ավազակային հարձակման է ենթարկվել տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը, եւ հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի` հրազենային վնասվածքներով: Նրանք երկուսն էլ վիրավորվել են ոտքից եւ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երեւանի ոստիկանապետ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանն ասել է. «Հանցագործները, ըստ ամենայնի, հետեւել են չեյնջից դուրս եկող կնոջը, ով Մարտունի քաղաքի բնակիչ է: Արդեն փողոցում` զինված հանցագործները կրակել են կնոջ վրա` ձեռքից խլելով փողով լի տոպրակը, ու փորձել են դիմել փախուստի: Կրակոցի ձայնը լսելով` դուրս է վազել չեյնջի աշխատակիցը, իսկ հանցագործները կրակել են նաեւ նրա վրա` պատճառելով մարմնական վնասվածք։ Կրակոցներից հետո հանցագործները խուճապահար փախուստի են դիմել, որի հետեւանքով տոպրակի գումարը թափվել է գետնին: Համենայնդեպս, տուժողը պատմեց, որ ինքը հավաքել է գետնին թափված ողջ գումարը, իսկ հանցագործները եղել են երեքը եւ փախուստի են դիմել ոչ թե մեքենայով, այլ ոտքով»: