Չի ճանաչվել միակ լեգիտիմ լծակ

10/11/2011

Նոյեմբերի 8-ին «Արեւելյան Գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «2010թ.-ի հունիսին կայացած հիմնադիր ժողովին 145 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հիմնադրվեց Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (պլատֆորմ) եւ ընդունվեց պլատֆորմի կանոնադրությունը: 2010թ.-ի դեկտեմբերին կայացած երկրորդ հերթական համաժողովում 225 մասնակից հասարակական կազմակերպությունները պլատֆորմի կանոնադրությունը ենթարկեցին մասնակի փոփոխությունների` կառույցը դարձնելով բաց եւ մատչելի Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ` 1. Պլատֆորմի կանոնադրական փոփոխությունների իրագործումը հանդիսանում է համաժողովի բացառիկ իրավունքը, 2.Պլատֆորմն իր գործունեությունը ծավալելով բացառապես համաժողովների կողմից ընդունված կանոնադրական դրույթներին համապատասխան` հուշագիր է կնքել ՀՀ Ազգային ժողովի ԵՎՐԱՆԵՍԹԻ հայկական պատվիրակության հետ, ձեռք բերելով Արեւելյան Գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներում պատասխանատվության որոշակի չափաբաժին, ինչը անհնարին է դարձնում նրա կենսագործունեության ժամանակավոր սառեցման հնարավորությունը, 3. Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (Ֆորում) դեռեւս չի քննարկել ու չի ընդունել Ազգային Պլատֆորմների ստեղծման ու գործարկման վերաբերյալ որեւէ ուղեցույց եւ նմանօրինակ մանդատով չի ընձեռել Ֆորումի ղեկավար կոմիտեին, 4. Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը Ազգային համակարգողի ինստիտուտը չի ճանաչել ազգային մակարդակում միակ լեգիտիմ լծակ դիտարկելու, մեր կարծիքով` անթույլատրելի, սկզբունքը եւ չի հստակեցրել ԱլԳ ՔՀՖ պատվիրակների կազմի ձեւավորման սկզբունքներն ու ինստիտուցիոնալ մակարդակի վրա չի դրել այդ գործընթացում ազգային պլատֆորմների մասնակցությունը, ինչը հանգեցրել է նրան որ` ա) Ֆորումի ղեկավար կոմիտեն խախտելով սահմանված ընթացակարգերը` 60/40 համամասնության պահպանման վերաբերյալ, Պոզնանում կայանալիք Ֆորումի երրորդ համաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում ընդգրկել է նախորդ Ֆորումներին մասնակցած հասարակական կազմակերպությունների անհամեմատ ավելի մեծ թվաքանակ, բ) Ֆորումի ղեկավար կոմիտեն խախտելով Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունված եւ ֆորումի կազմակերպմանը նվիրված (COM(2008) 823) հաղորդագրությունը, Պոզնանում կայանալիք Ֆորումի երրորդ համաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում ընդգրկել է մեկ դոնոր հիմնադրամի, որը վերջին երկու տարիների ընթացքում ընդհուպ այս պահը նույն պատվիրակության կազմում ընդգրկված առնվազն երկու այլ հասարակական կազմակերպություններին տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր, ինչը կհանգեցնի Հայաստանի պատվիրակների կողմից նոր ազգային համակարգողի առաջիկա ընտրությունների կազմակերպմանը` ակնհայտ շահերի բախման պայմաններում, որտեղ կբացառվի անկաշկանդ ընտրությունների հնարավորությունը:

Արեւելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը որոշում է` 1. ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի 2011թ.-ի հոկտեմբերի 18-ին կայացրած որոշումը` Հայաստանի ազգային պլատֆորմի վերաբերյալ, համարել ոչ իրավաչափ` այն դիտարկելով իբրեւ Ֆորումի կողմից նրան վերապահված իրավասությունների գերազանցմամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման սուվերեն իրավունքի ոտնահարում եւ նրա գործունեությանը անհարկի միջամտություն: 2. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը կիսելով ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի մտահոգությունները` պատրաստ է դիտարկել ցանկացած կանոնադրական փոփոխության առաջարկ, որը կլինի համահունչ ԱլԳ ՔՀՖ Պոզնանում կայանալիք համաժողովի ընթացքում ամբողջ Ֆորումի կողմից հաստատված եւ բոլոր ազգային պլատֆորմների համար պարտադիր բնույթ կրող ՔՀՖ-ի նոր ռազմավարական զարգացման հայեցակարգին` այն ներկայացնելով սույն տարվա դեկտեմբերին կայանալիք Պլատֆորմի հերթական` երրորդ, համաժողովի քննարկմանը»: