Եվս մի կասկածելի գործարք

18/11/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ կառավարությունը 2005թ. հոկտեմբերի 6-ի «Պետական գույք մասնավորեցնելու մասին» թիվ 1651 որոշմամբ` Կոմիտաս 54 հասցեում գտնվող «Արաբկիր» (նախկին «Պրագա») հյուրանոցի առաջին հարկից 50 քմ մակերեսով տարածք է վաճառել ոմն Գագիկ Գրիգորյանի:

Որոշումն ուշագրավ էր նրանով, որ այդ տարածքը Գ.Գրիգորյանին վաճառվել է ընդամենը 2 մլն 279 հազար դրամով, պարզ ասած՝ ընդամենը 5000 դոլարով: Մինչ այդ, փետրվարի 17-ին 180-Ա որոշմամբ` կառավարությունն այդ շենքը հանձնել է Միգրացիայի եւ փախստականների վարչությանը, որպեսզի հյուրանոցային համարներն անհատույց սեփականացվեն արդեն դրանք զբաղեցրած փախստականներին: Սակայն շենքը ամբողջությամբ չի հանձնվել հիշյալ վարչությանը: Կառավարությունը, ինչպես նշեցինք, այլ որոշումներով առաջին հարկի տարածքները եւ հյուրանոցի մի քանի համարներ, մոտ 700 քմ տարածք, վաճառել է այլ անձանց:

1651 որոշման մեջ նշված է, որ այդ 50 քմ տարածքի գնորդ Գագիկ Գրիգորյանը նախապես եղել է այդ տարածքի վարձակալը: Հասկանալու համար, թե դա ի՞նչ տարածք է եւ ինչո՞ւ է այդքան էժան վաճառվել, նաեւ Գ. Գրիգորյանի հետ հանդիպելու հույսով, այցելեցինք նախկին հյուրանոց: Պարզվեց, որ այդ տարածքը հյուրանոցի անցագրային կետն է, որը դեռ «խորհրդային» վիճակում է, եւ այնտեղ այս պահին իր աշխատանքն է կատարում պահակը: Նա վարձակալության մասին լսելով՝ զարմացավ:

«Ես այստեղ աշխատել եմ, եւ այս տարածքը ոչ մեկը երբեք չի վարձակալել,- ասաց տիկին Նոնան: -Առաջին անգամ ձեզանից եմ լսում, եթե վարձակալած լինեին, ուրեմն ինչ-որ օբյեկտ կամ օֆիս պիտի լիներ, ու ես այստեղ նստած չէի լինի: Գագիկ Գրիգորյանին էլ ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ ճանաչում ենք»:

Որպեսզի ավելի պարզ պատկերացնեք, նշենք, որ այդ 50 քմ տարածքն իր վաղեմի տեսքը դեռ պահպանած մի անկյուն է, որը հատուկ էր խորհրդային տարիների բոլոր հիմնարկների նախասրահներին: Եվ այդ մասում այդ վիճակով վարձակալության մասին խոսք լինել չի կարող: Ուղղակի սեփականաշնորհման մասին օրենքն ասում է, որ ինչ-որ բան սեփականացնելու դեպքում առաջին իրավունքը տրվում է վարձակալին: Դրա համար էլ կառավարության որոշման մեջ Գ.Գրիգորյանը դարձել է «նախապես վարձակալ»: Սակայն վարձակալին առաջնահերթության իրավունք է տրվում այն ժամանակ, երբ տվյալ տարածքն ընդգրկված է լինում մասնավորեցվող օբյեկտների ցանկում: Մեր ունեցած տվյալներով` «Արաբկիր» հյուրանոցն այդ ցուցակում չի եղել: Այսինքն, Գ. Գրիգորյանը դառնում է սովորական գնորդ: Բայց քանի որ մասնավորեցման մասին օրենքը հիշյալ ցուցակի հետ կապ չունեցող օբյեկտների օտարման համար թերի է, մեր պաշտոնյաներն առայժմ բավարարվում են մոտավոր հիմքերով եւ բծախնդրություն չեն դրսեւորում: Այսինքն, օբյեկտը ցուցակի մեջ է, թե ոչ, այնքան էլ նշանակություն չունի: Եվ շատ հնարավոր է, որ Գ. Գրիգորյանն արդեն ունի տարածքի վարձակալությունը հաստատող բոլոր փաստաթղթերը, միգուցե` հետին թվով ձեւակերպված: Բայց, որ նա այդ տարածքում երբեւէ չի ներկայացել, առավել եւս` վարձակալության հիմունքներով ինչ-որ գործունեություն իրականացրել, դա վկայում են նաեւ նախկին հյուրանոցի փախստական բնակիչները: Հնարավոր է նաեւ, որ Գ. Գրիգորյանը տարածքի իրական գնորդը չէ, այլ ուղղակի ձեւակերպումն է արվել իր անունով: Բայց Պետգույքի կառավարման վարչությունից մեզ ուրիշ տեղեկատվություն չտրամադրեցին:

Հյուրանոցի առաջին հարկի մի ահռելի մաս` 510 քմ, նախկինում եղել է բար-ռեստորան, բայց այժմ չի գործում: Այդ տարածքն էլ հավանաբար սեփականացրած է, որովհետեւ դռան վրա վաճառքի հայտարարություն կար: Որպեսզի պատկերացնենք, թե Գ.Գրիգորյանն ինչքան էժան է գնել այդ 50 քմ տարածքը, եւ ինչքան է դրա շուկայական արժեքը, զանգահարեցինք այդ հայտարարության մեջ նշված համարներով: Մեզ տեղեկացրին, որ 1 քմ-ի նախնական գինը 750 դոլար է: Իսկ 50 քմ-ն 5000 դոլարով գնելու դեպքում 1 քմ-ն դառնում է 100 դոլար: Եվս մեկ համեմատություն. ռեստորանի սեփականատերերն ասացին, որ հյուրանոցում երկուական 40 քմ եւ 20 քմ տարածքներ էլ ունեն վաճառելու: 40 քմ՝ 22.000 դոլարով, 20 քմ՝ 10.000 դոլարով: Եվ այս թվաբանության տրամաբանությամբ այդ 50 քմ-ի շուկայական արժեքը պետք է լիներ ավելի քան 25.000 դոլար:

Արդեն պարզ է, որ, մյուս բոլոր մասնավորեցրած կառույցների նման, այս տարածքն էլ «ջրի գնով» վաճառվել է ինչ-որ անձանց: Մյուս կողմից էլ` հնարավոր է, որ Գ.Գրիգորյանն իրոք վճարել է շուկայականին մոտ գին, սակայն դրա ընդամենը 5000 դոլարն է գնացել պետբյուջե: Կամ էլ Գ. Գրիգորյանը եղել է որեւէ մի պաշտոնյայի եղբայրը, փեսան կամ քավոր-սանիկը:

Պետգույքի կառավարման վարչությանը ենթակա «Գնահատման գործակալության» պետի տեղակալ Ռուբիկ Բադալյանի ասելով, շուկայական գնով վաճառելու համար այդ տարածքը շատ անհրապույր է, դրա համար էլ կառավարությունը վաճառքի գինը 2,3 մլն դոլար է սահմանել: Ավելի պարզ պատկերացնելու համար ավելացնենք, որ այդ «անհրապույր» տարածքի անմիջապես դիմացն է գտնվում Արաբկիր համայնքի թաղապետարանը եւ փոքրիկ այգին: Սեփականատերը կարող է իր 50 քմ-ն պատով առանձնացնել, դրսից առանձին մուտք բացել, ինչպես անում են շատ դեպքերում, եւ տարածքը կդառնա խանութի, օֆիսի կամ ինչ-որ օբյեկտի համար շատ հրապուրիչ: Մանավանդ, որ բնակիչների ասելով` այդ անհրապույր տարածքի վրա շատերն են աչք ունեցել: