Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին երաժիշտների հետ իր առաջին մենահամերգի վերջին փորձերն է անում: Երգչուհու մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 13-ին` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Bravo.am-ն այցելել է այն ստուդիան, որտեղ եւ Սոնան ու Արսեն Գրիգորյանը փորձեր էին անում երաժիշտների հետ: Նշենք, որ Արսեն Գրիգորյանն ու Սոնան հանդես են գալու դուետով: Երգչուհու մենահամերգին կհնչի 20-ից ավելի երգ` սեփական երգացանկից, միջազգային հիթեր ու նոր երգեր: Սոնան զուգերգեր կկատարի Արսեն Գրիգորյանի, Ռուբեն Հախվերդյանի հետ. «Այլ դուետ ու անակնկալներ եւս կլինեն: Բենդում պրոֆեսիոնալ երաժիշտներ են` բաս-կիթառահար ու սոլո-կիթառահար Արթուրները, ստեղնաշարային գործիքներ նվագող Սամվելը եւ Տիգրանը, հարվածային գործիքներ նվագող Գեւորգը, նաեւ մասնակցելու է Ֆիլհարմոնիայի փոքրիկ նվագախումբը»: Ինչպես նշել է երգչուհին, մենահամերգին ակնկալում է հանդիսատեսի ջերմությունն ու անկեղծ ծափերը. «Համերգը լինելու է առանց ընդմիջման: Նոն-ստոպ վիճակում ավելի շատ էներգիա, դրայվ ու էմոցիա կլինի: Ինքս եմ շփվելու հանդիսատեսի հետ, բայց ավելի շատ կերգեմ, քան կխոսեմ»: Սոնայի փոխանցմամբ` մենահամերգին ինչպես երգերը, այնպես էլ իր կերպարները կլինեն բազմաոճ. «Չեմ սիրում կրկնօրինակել, նմանվել ուրիշներին: Գովազդային պաստառների լուսանկարների դեպքում նույնպես փորձել եմ յուրօրինակ լինել: Լուսանկարի մեջ հետաքրքիր խորհուրդ կա. քանի որ երգում եմ մի քանի ոճերում` փոփ, սոուլ, ժողովրդական եւ ջազային, կերպարն էլ այդ ոճերի միախառնումն է»,- ասել է նա: Bravo.am-ի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը նշել է, որ մենահամերգը կազմակերպում է իր ուժերով։ «Համերգի տոմսերը հնարավորինս մատչելի են` 3000 դրամից մինչեւ 12.000 դրամ: Հովանավորներ կան, բայց ամեն մանրուքի վրա ինքս եմ աշխատել, դժվարություններն իմ ու ընտանիքիս ուսերին են: Առաջին մենահամերգը կարող էի ավելի շուտ կազմակերպել, բայց հիմա ճիշտ ժամանակն է»,- ասել է Սոնան: «Համերգի ընթացքում 6/8-ային միակ երգը «Հարսի շոր»-ը կլինի, որի տեսահոլովակը շուտով կներկայացնեմ: Այս երգի հետ կապված սինգլ թողարկելու պլաններ ունեմ: Առաջին մենահամերգով չեմ սահմանափակվելու, նոր երգեր ունենալու դեպքում նոր ելույթներով, համերգներով նորից կներկայանամ»,- հավելել է նա:
Լուս.` Bravo.am-ի եւ Զավեն Խաչիկյանի