«Հաջորդ մասնակիցներին այսքան մեծ փոս չեն գցի, ինչպես ինձ արեցին»

10/11/2011

«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան ներկայացուցիչը` Էմմին, ամիսներ անց bravo.am-ի հետ զրույցում անկեղծացել է մրցույթի թեմայով:

Ինչո՞ւ է երգչուհին Դյուսելդորֆում իր ելույթը ձախողված համարում, ինչո՞ւմ է իրեն մեղադրում եւ ի՞նչ խորհուրդ է տալիս «Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան պատվիրակությանն ու ներկայացուցչին: «Ինչպես յուրաքանչյուր մրցույթ, «Եվրատեսիլը» եւս ունի շատ լավ աշխատանքի պահանջ, որը կատարելու համար պետք է ունենալ ճիշտ գծված նախագիծ եւ մարդիկ, ովքեր մինչեւ վերջ կհովանավորեն, կծախսեն գումարներ, որոնք պետք են: Խնդիրը ոչ թե երգի, այլ PR-ի մեջ է, քանի որ երգը մինչ օրս հնչում է եվրոպական տարբեր երկրների հեռուստահաղորդումների ընթացքում, սրճարաններում»,- bravo.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին: Էմմիի խոսքով` «Եվրատեսիլ 2011»-ի ժամանակ չի եղել այնպիսի PR, ինչպիսին եղել է նախորդ տարիների ընթացքում. «Երեւի թե թիմը, որն աշխատում էր «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունում, նոր էր, մինչ այդ չէր եղել մրցույթի կազմակերպման գործերում: Երբ յուրաքանչյուրն իր աշխատանքն էր անում, ամեն ինչ նորմալ էր, ուղղակի պետք էր ամեն ինչ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով մատուցել: Համոզված եմ, որ իմ չանցնելու շնորհիվ ավելի կլրջանան, այլ ձեւով կնայեն աշխատանքին, իսկ հաջորդ մասնակիցներին այսքան մեծ փոս չեն գցի, ինչպես ինձ արեցին: Երգիչը «Եվրատեսիլի» բեմում կարող է միայն երգել, կարող է անգամ չերգել, բայց ինչ-որ տեղ գրավել…»,- ասել է Էմմին:

Երգչուհին նշել է, որ Հանրային հեռուստաընկերության հետ իր տարաձայնություններն ընդամենը «Եվրատեսիլի» հետ են կապված, որն իր համար զուտ շոու է. «Մեկ ելույթ, որը գուցե կարող էր շատ ավելի լավը լինել, բայց չստացվեց: Համարում եմ, որ չի ստացվել, ձախողվել է: Երբ պետք է ամեն ինչ ստացվի` ստացվում է: Ես պետք է անցած տարի Միհրանի հետ մասնակցեի, բայց… Իմ մեղավորությունն այն է, որ ես հավատում եմ մարդկանց, նույնիսկ այս ամենից հետո հավատալու եմ: Ինչպես ասվում է` եթե առաջին անգամ քեզ խաբում են, խաբողն է մեղավոր, երկրորդ անգամ են խաբում` դու ես մեղավոր, որ հավատում ես նրան: Չեմ ուզում ոչ ոքի խառնել այս ամենին կամ մեղավոր համարել…»:

Այնուամենայնիվ, երգչուհին հույս ունի, որ «Մանկական Եվրատեսիլից» հետո Հանրային հեռուստատեսությունը կփորձի իր հետ խոսել «չստացված» ելույթի մասին, իսկ մրցույթի կազմակերպիչներին խորհուրդ է տալիս չհուզվել, աշխատել ճիշտ գծված ծրագրով: Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի բեմում լինելու առաջարկ երգչուհին ստացել է Ամստերդամում` «Եվրատեսիլի» գլխավոր աշխատակազմի կողմից, սակայն հայաստանյան պատվիրակության եւ Հանրային հեռուստաընկերության կողմից դեռ առաջարկ չի եղել: «Մեկ ամիս է մնացել, որի ընթացքում ինչ-որ բան հասցնելն անհնար է, բայց եթե հրավիրեն, մեծ սիրով կմասնակցեմ: Սա անձնական խնդիրների հետ կապ չունի, մենք հանրապետություն ենք ներկայացնում, եւ եթե կարողանամ ինչ-որ բանով մեր դրոշին օգտակար լինել, մեծ սիրով կանեմ»,- bravo.am-ին ասել է Էմմին:

Երգչուհին այժմ համագործակցում է «եվրատեսիլյան» կայքերից մեկի հետ, որտեղ, որպես Հայաստանի ներկայացուցիչ եւ մրցույթին մասնակցած անձ, իր կարծիքն է հայտնում «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպչական աշխատանքների, մեր ներկայացուցչի ու երգի մասին:

Խոսելով Բաքվում կայանալիք մրցույթից` Էմմին ասել է, որ կարեւորում է մեր մասնակցությունն այդ մրցույթին` նախընտրելի համարելով ռոքային կատարումը: Հաջորդ տարիներին, բայց ոչ 2012-ին, համաեվրոպական երգի մրցույթի բեմում կցանկանա տեսնել Ռազմիկ Ամյանին, Էրիկին, Մհերին եւ Իվետա Մուկուչյանին. «Եթե լավ առաջարկներ լինեն, մենք ներկայանանք մեր ուզած կազմով, չի բացառվում, որ ես եւս հետագայում կլինեմ այդ բեմում»,- ասել է Էմմին:

Երգչուհին այժմ մի նախագծի մասնակից է, որի շուրջ, ինչպես ինքն է նշել, շատ լավ թիմ է հավաքվել. «Այն կլինի 2012-ին: Կարծում եմ` իմ ստեղծագործական գործունեության ընթացքում նման մեծ նախագիծ դեռ չի եղել, այն կապված է նոր սինգլի հետ, երգի հեղինակը Դեր Հովան է, կատարում եմ ես, այն շատ դուր կգա Հայաստանի եւ սփյուռքի բնակիչներին»,- ասել է նա:

«Համացանցում կա նաեւ Մարտին Կեզիչիի հեղինակած «Goodbye» երգի նոր տարբերակը, որի իրավունքները պատկանում են «Յունիվերսալին» եւ Յոն Թաունին: Շուտով կլինի նաեւ Կարմեն Ռիզոյի հետ համագործակցության արդյունքում ծնված երգը»,- ասել է Էմմին:

Մինչեւ տարեվերջ կնկարահանվի «Goodby» երգի տեսահոլովակը: Երգչուհին չի բացառում, որ 2012-ին կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ կլինեն ձայնագրություններ ու նոր համագործակցություններ, իսկ այնտեղ մնալու ժամկետը կախված է ծրագրերից:

«Էմմի-Բ» պրոդյուսերական կենտրոնը, Նադեժդա Սարգսյանն ու ամերիկյան մի պրոդյուսերական կենտրոն այժմ բանակցություններ են վարում հայաստանյան երկու հեռուստաընկերության հետ նոր նախագծի շուրջ, որը եթերում կլինի 2012-ին: