Լոռամրգի` կլյուկվա, Oxycoccus Palustris. բույս, որը բնության մեջ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրասիայի անտառների, ճահիճների, լճերի, տունդրայի տորֆամամռածածկ (սֆանգային) գրունտի վրա։ Այն գոյատեւում է իր առանցքային արմատի վրա ապրող սնկից ստացվող եւ մթնոլորտից կլանվող հանքանյութերի հաշվին։ Հապալասազգիների կամ հավամրգազգիների ընտանիքի պատկանող բույս է Vacciniaceae կամ Ericaceae։ Ունի բարակ, մամուռի վրա հազիվ նկատելի 15-75 սմ հասնող ընձյուղներ։ Տերեւները երկարավուն օվալ են, մուգ կանաչ, փայլուն, տակից սպիտակ մոխրագույն` ծածկված մոմե խոնավապաշտպան շերտով։ Ծաղիկները քառաթերթ (երբեմն 5-աթերթ) են, թերթիկները թեքված են դեպի ցողունը, գրեթե միահյուսված առէջքները ցցված են դեպի ներքեւ։ Պտուղը վառ կարմիր գունդ է, որը հասունանում է աշնանը, քաղցրանում առաջին սառնամանիքների հետ եւ կարող է պահպանվել ամբողջ ձմեռ, որի ընթացքում շաքարների քանակը 4 տոկոսից հասնում է 6-ի։ Գիտական անվանումը բաղկացած է մեկ բարդ եւ մեկ պարզ բառերից. «oxys»-թթվահամ, «coccos»-գնդիկ, եւ palustris-ճահճային։
Լոռամրգին շատ հարգի է եղել նավագնաց վիկինգների մոտ, ովքեր հնարավոր է, որ հասցրած լինեն այն մինչեւ Լաբրադոր թերակղզի եւ Գրենլանդիա, կարեւոր էր բույսի հակալնդախտային հատկությունը։
Փոշոտվում է միջատների միջոցով, որոնք վերցնում են ծաղկափոշին, սակայն այս բույսի հիմնական արտահանող երկիր ԱՄՆ-ում ստացվում է նաեւ շատ թանկարժեք եւ սակավ հանդիպող «լոռամրգի մեղր», որն ունի արտահայտիչ բուրմունք, յուրահատուկ գույն եւ այնքան քաղցր չէ, ինչպես մյուս ծաղիկների մեղրը։ Այն օգտակար է դիսբակտերիոզի, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում եւ ուժեղ միզամուղ է. Ամերիկյան Vaccinium macrocarpon տեսակի պտուղը խոշոր է, ունի օդի պարկիկ։
Բույսը քիչ քանակություններով պարունակում է բազմաթիվ միկրոտարրեր, զգալի քանակության կալիում, 0,6 մգ երկաթ (100 գ հումքի մեջ), 1 գ նատրիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում։
Պտուղները պարունակում են 15 մգ ասկորբինաթթու, 1 մկգ ֆոլիացին ( B9), 0,02-ական մգ B1 եւ B2 վիտամիններ, 1 մգ տոկոֆերոլ (E), 0,15 մգ նիացին (PP), 0,08 մգ պիրիդոքսին (B6)։ Լոռամրգի հատապտուղը հարուստ է (3 տոկոս) օրգանական թթուններով (սաթի, կիտրոնի, խնձորի, բենզոյի, ուրսոլի, այլ) 3-4 %, շաքարներ, 0,5 % սպիտակուց, 0,2 % ճարպ։
Բենզոյի թթուն ունի հակամանրէ հատկություն, սաթաթուն նպաստում է բջիջների երիտասարդացմանը, կիտրոնաթթուն կարգավորում օրգանիզմի թթվային հավասարակշռությունը։
Վերջին տարիներին պարզվել է, որ լոռամրգի (ինչպես նաեւ` ազնվամորու, գետնամորու, փշոտ հաղարջենու) մեջ պարունակվող էլլագաթթուն, որը հակազդում է ուռուցքների աճին, չեզոքացնում կոնցեռոգեն նյութերը եւ պաշտպանում բջիջների ժառանգական նյութը (ԴՆԿ), բավական հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Հատկապես կարեւոր է, որ լոռամրգի հատապտուղը պարունակում է հակաօքսիդանտ ֆլավոններ` կվերցետին եւ միրիցետին, իսկ մուգ տեսակները` նաեւ կեմֆերոլ, որոնք նույնպես հակազդում են գենետիկ փոփոխություններին։
Հայտնի է նաեւ, որ C վիտամինի եւ ռուտինի (վիտամին P), բարենպաստ հարաբերակցության դեպքում կանխվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացումը, կարգավորվում արյան ճնշումը։ Ուրսոլաթթուն նպաստում է սրտասնույց անոթների լայնացմանը։
Լոռամրգի պատրաստուկները` օշարակը, մուրաբան, մարմելադը, հյութը, մորսը, կիսելը, ժելեն, արժեքավոր են` որպես դիետիկ սնունդ` C ավիտամինոզի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Լոռամրգի սովորականն օգտագործում են թթուների մեջ, մսի եւ ձկան պահածոյացման համար, որպես համեմունք։ Արտադրական պայմաններում ստացվում է լոռամրգի խտացրած մզվածք, որի մեջ 1-2 տարի պահպանվում են բոլոր օգտակար նյութերը` առանց որեւէ կոնսերվանտ օգտագործելու։
Միզամուղ եւ հակամանրէ հատկությունների շնորհիվ կիրառվում է երիկամների, միզապարկի եւ միզուղիների հիվանդությունների բուժման համար։
Հարվարդի բժշկական դպրոցում կատարված հետազոտությունները (դեռեւս 1994թ.) ապացուցել են, որ վեց ամիս շարունակ օրը 300 մլ լոռամրգի ըմպելիքի (ոչ ոգելից) օգտագործումը զգալիորեն մաքրել է մեզը բակտերիաներից, 60 տոկոսով պակասեցրել ինֆեկցիաների առաջացումը, իսկ արդեն վարակվածների 75 տոկոսը բուժվել են։ Ենթադրվում է, որ բենզոյի թթուն, ֆրուկտոզան եւ ինչ-որ մի այլ դեռեւս անհայտ նյութ, որը նույնպես պարունակվում է լոռամրգի պտղում, դուրս են բերում վարակը միզուղիներից։ Լոռամրգի պատրաստուկները նշանակում են հակամանրէ դեղերով բուժման դեպքում` վերջինի ազդեցությունն ուժեղացնելու համար։
Ավանդական բժշկությունը կիրառում է պտուղը (հյութը) ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի, նոր զարգացող պանկրեատիտի բուժման համար, նաեւ մրսածության եւ անգինայի դեպքում։
Երեխաների մտավոր եւ ֆիզիկական համաչափ զարգացման համար խորհուրդ է տրվում լոռամրգի շաքարով տրորած պտուղը (2։3), որը պետք է ուտել 1-ական թ/գ, օրը 2 անգամ, կամ զտված ջրում լուծված հյութը (2։1), օրը 50-100 մլ։ Կարեւոր է, որ լոռամրգի պտուղը պարունակում է ֆիլոխինոն (վիտամին K1), որը նպաստում է կալցիումի յուրացմանը եւ ոսկորների աճին։
Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության, խոցի եւ հեպատիտի դեպքում։
Ցավոք, այս հրաշալի պտուղը սակավ է հանդիպում Հայաստանում թարմ վիճակում, սակայն, ինչպես գիտենք, նույնիսկ պահածոյացված վիճակում այն օգտակար է, կարեւոր է` ենթարկված չլինի ջերմային մշակման։
Բուժում է լոռամրգի հյութը
Անգինա
– Խառնեք հյութը եռացրած գոլ ջրի հետ (2։1), պահեք 1-2 րոպե բերանի մեջ, ողողեք կոկորդը օրը մի քանի անգամ։
Կամ`
– Խառնեք հավասար քանակի բազուկի եւ լոռամրգի հյութերը, մեղր, 70 տոկոս սպիրտ, երեք օր թրմեք հով, մութ տեղում։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3-5 անգամ։
Արյունը մաքրող միջոց. Մեկ շաբաթ խմեք 100-ական մլ հյութ, օրը 3 անգամ, հաջորդ շաբաթ` 2 անգամ, երրորդ շաբաթը` 1 անգամ։
Պարոդոնտոզ. Թրջեք բամբակե խծուծը հյութի ջրային լուծույթի հետ (1։1), մերսեք լնդերը։
Կոլիտ, փորկապություն. Խառնեք լոռամրգի եւ բազուկի հյութերը (1։1), կես ժամ պահեք սառնարանում, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ (ոչ սառը)։ Օգտակար է նաեւ գիրության դեպքում։
Գինեկոլոգիական բնույթի բորբոքումների դեպքում. Խմեք 50-ական մլ պտղահյութ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Խմեք 1-ական ճ/գ (առանց շաքարի) պտղահյութ` սնվելուց կես ժամ առաջ։
Թոքախտ. 3 ճ/գ հյութը խառնեք 1 թ/գ մեղրի հետ, խմեք սնվելուց կես ժամ առաջ։
Պեդիկուլյոզ. Գլխամաշկին (մազարմատներին) քսեք հյութի ջրային թուրմը (3։1)։
Թարախային վերքեր, խոցեր. Երկտակ թանզիֆը թրջեք հյութի մեջ, դրեք վերքին, 2 ժամից այն փոխարինեք յուղի թրջոցով եւ վիրակապեք այն։
Վարիկոզի դեպքում. Հիվանդ հատվածը մշակեք հյութի ջրային (տաք) լուծույթով (1։1)։ Կերեք 20-ական գրամ լոռամրգի պտուղ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Հեմոգլոբինի համար. Խառնեք 200-ական մլ բազուկի եւ լոռամրգի հյութերը 200 գ մեղրի հետ։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Տղամարդկանց համար. Խառնեք լոլիկի եւ լոռամրգի հյութերը (2։1), ավելացրեք կես թ/գ դարչին, խառնեք։ Խմեք 200 մլ օրվա ընթացքում։
Բուժում են պտուղները
Հիպերտոնիա. Խառնեք 1-ական կգ տրորած պտուղ եւ շաքարավազ, կերեք օրը երեք անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Միզաքարային հիվանդություն. Խառնեք չորացրած պտուղը եւ տերեւը, հումքը 3-4 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրում, քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց 30 րոպե առաջ։
Գլխուղեղի արյան մատակարարումը լավացնող միջոց. 200գ մասուրը կարճ ժամանակով ընկղմեք եռջրի մեջ, տրորեք պտուղը, ազատեք սերմերից։ Ավելացրեք 200 գ տրորած լոռամրգի պտուղ եւ 1 կիտրոնի պտղամիս, 300 գ մեղր։ Կերեք 1-2 թ/գ, օրը 3 անգամ։ Ընթացքում ոչինչ չխմեք։
Բրոնխների ասթմա. Խառնեք հավասար քանակի հալվեի, սոխի, սպիտակ բողկի, բազուկի, լոռամրգի հյութերը, 96% սպիրտ, մեղր, շաքարավազ։ Պահեք սառնարանում փակ տարայի մեջ։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3 անգամ։
Հոդատապի դեպքում. Մանրացրեք եւ խառնեք 200 գ սխտոր, 300 գ սոխ, 500 գ տրորած լոռամրգի, լցրեք տարայի մեջ` կիպ փակեք, 24 ժամ հետո ավելացրեք 1 կգ մեղր։ Կերեք մեկական թ/գ, օրը 3 անգամ։
Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Խառնեք մեկական կգ տրորած լոռամրգի հատապտուղ եւ խնձորի քերվածք, 400 գ ընկույզ, 200 գ ջրով եւ 2,5 կգ շաքարով պատրաստված օշարակ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Տեղավորեք մանրէազերծված տարաների մեջ, փակեք։ Խմեք առավոտյան 1 թ/գ, գոլ ջրի հետ։
Ինֆարկտ. Աղացեք եւ խառնեք 1 կգ լոռամրգի պտուղ եւ 200 գ սխտոր, ավելացրեք 100 գ մեղր։ Երեք օր թրմեք փակ տարայի մեջ։ Կերեք մեկական ճ/գ, օրը 2 անգամ։
Թրոմբոզ. Աղացեք եւ խառնեք հավասար քանակի լոռամրգի պտուղ, կիտրոն (կեղեւով), սոխ, հումքին ավելացրեք (6։1) աղացած սխտոր։ Կերեք երկուական ճ/գ, օրը 3 անգամ, 50 մլ մեղրաջրի հետ։ Շարունակեք 30-45 օր, ընդմիջեք 10 օր։
Պանկրեատիտ. Կերեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, նպաստում է ենթաստամոքսային գեղձի գործունեության լավացմանը։
Ջերմիջեցնող միջոց (երեխաների համար). Քամիչով տրորեք 2 ճ/գ պտուղ, ավելացրեք 1 թ/գ մեղր եւ 50 մլ տաք ջուր, ունի արագ ներգործություն։
Երիկամների հիվանդություններ. Տրորեք 2 ճ/գ պտուղը, 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Խմեք տաք վիճակում 100-150 մլ, օրը 5 անգամ։ Կերեք թարմ պտուղը կամ դրա խառնուրդը մեղրի (կամ շաքարի) հետ, խմեք հյութը։ Կարեւոր է իմանալ, որ այս դեպքում քանակը նույնիսկ չի սահմանափակվում։
Սուր բրոնխիտ. Տրորեք հատապտուղը, զտեք հյութը, ավելացրեք շաքար (2։1), հասցրեք եռման ջերմաստիճանի եւ թրմեք մինչեւ հովանալը, խառնեք հավասար քանակության օղի։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3-4 անգամ։
Գեղարարություն
Լոռամրգի թարմ, ջրի մեջ պահված կամ չորացրած պտուղները լայնորեն օգտագործվում են տնային գեղարարության մեջ, սառեցրած վիճակում դրանք որոշ չափով կորցնում են իրենց` մաշկը երիտասարդացնող հատկությունը։ Մաշկի որակի լավացման համար օգտակար է նաեւ խմել լոռամրգի հյութը կամ ուտել այն ցանկացած վիճակում, հատկապես օգտակար են խնձորի հետ պատրաստված մուրաբան, խյուսը, կաթնային ըմպելիքը, դաղձի եւ ուրցի հետ պատրաստված թեյը։
Սնուցող դիմակներ
– 5 ճ/գ չորացրած կամ թարմ լոռամրգի հատապտուղը 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 50 մլ ջրի հետ, երբ գոլանա` տրորեք, ավելացրեք 1 խնձորի քերվածք (առանց կորիզի) եւ 1 ճ/գ կտավատի յուղ, լավ խառնեք։ Դիմակը 20 րոպեից լվացեք գոլ ջրով, մշակեք լոսյոնով եւ խոնավացնող քսուքով։
– 1 ճ/գ հյութի (կամ չրի թանձր թուրմի մեջ) լուծեք 1 գ աղ, լավ հարեք (տրորեք) ցածր յուղայնության կաթնաշոռի հետ, 15 րոպեից լվացեք սառը ջրով։
Ճարպոտ մաշկի համար. Տրորեք 2 թ/գ հատապտուղը, հարեք ձվի դեղնուցի եւ մի փոքր վարսակի փաթիլների (ալյուրի) հետ, որպեսզի ստացվի համասեռ զանգված։ Դիմակը քսեք այնպես, որ աչքերի կոպերից հեռու լինի, 15 րոպեից լվացեք սառը ջրով եւ ցայեք դեմքը գոլացրած հանքային ջրով։
Լայնացած ծակոտիների դեպքում. Հարեք 2 թ/գ ձվի սպիտակուցը, կես թ/գ լոռամրգի հյութը, 2 թ/գ թթվասերը: Դիմակը քսեք դեմքին, ապա 20 րոպեից մաքրեք այն թեյի թուրմի մեջ թրջված բամբակե խծուծով։ Դիմակը կարող եք օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Շարունակեք 2-3 ամիս։
Չոր մաշկի դեպքում. 1 թ/գ հյութին խառնեք ձեր մաշկին հարմար քսուք, դիմակը քսեք դեմքին, ապա մաքրեք այն տաք ջրում թրջված թանզիֆե կամ գեղարարական անձեռոցիկով։
Մաշկի թեփոտման դեպքում. Խառնեք գետնամորու եւ լոռամրգի տրորած հատապտուղները (2։1), քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք սառը ջրով։
Մաշկը չորացնող միջոց. Խոնավ եղանակին խառնեք մեկական ճ/գ խաղողի եւ լոռամրգի հյութերը, կես ճ/գ խնձորի քերվածքը եւ կաթի փոշին (մոտ 1 ճ/գ), այնպես, որ ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, ապա 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով։
Մաշկը մաքրող միջոց. Կարտոֆիլի, բրնձի կամ ցորենի ալյուրին խառնեք հատապտղի հյութը (կամ` չրի եփուկը), վրձնի օգնությամբ քսեք դեմքին, 10 րոպեից լվացեք սառը ջրով։
Կորյակների դեպքում. Պտղահյութի մեջ թրջված անձեռոցիկը 10-15 րոպե պահեք դեմքին։ Առաջին մի քանի օրը հյութին խառնեք եռջուր (1։3, 1։2, 1։1 հարաբերակցությամբ), շարունակեք 10-12 օր։
Պեպենների, պիգմենտային բծերի դեպքում. Տրորեք եւ խառնեք սեւ հաղարջենու, լոռամրգի, գետնամորու տրորած հատապտուղները (3։3։2 հարաբերակցությամբ): Ստացված զանգվածը խառնեք` մինչեւ ստացվի համասեռ զանգված, քսեք դեմքին, ապա 10 րոպեից լվացվեք ծիծեռնախոտի սառը եփուկով (2 ճ/գ փոշիացրած խոտ, 400 մլ ջուր, եփեք 10 րոպե): Վերջում մշակեք դեմքը սնուցող քսուքով։
Ատամների խնամք. Լոռամրգի մզվածքի վրա մշակվել է կարիեսը կանխող միջոց, որն օգտագործում են բերանի ողողման համար։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս պարոդոնտոզի դեպքում օրը 2-3 անգամ ճզմած հատապտղով մերսել լնդերը: Բուժման տեւողությունը` մինչեւ վիճակի բարելավումը։ Ցանկալի է բժշկի հսկողությունը։
Սնուցող դիմակ. Խառնեք 25-ական գրամ տրորած հատապտուղը եւ մածունը, 40 գ մեղրը, 1 ճ/գ ձիթապտղի յուղը: Ստացված դիմակը քսեք դեմքին: 15 րոպեից լվացվեք գոլ ջրով։
Եղունգների խնամք. Ներմերսեք հյութը կամ 5-10 րոպե պահեք մատները գոլ ջրի թուրմի մեջ։
Շուրթերի խնամք. Քամիչի վրա 5-6 հատապտուղ տրորեք, ավելացրեք մեկական թ/գ նուշի յուղ եւ մեղր, գոլացրեք ջրային բաղնիքի վրա եւ լավ խառնեք։ Ավելանալու դեպքում կարող եք պահել սառնարանում` փակ վիճակում։