«Ազատամարտիկները մեծամասամբ բոմժի կարգավիճակում են էսօր,- ասում է Երասխավանի, Ասկերանի, Աղդամի, Կուբաթլիի, Մեղրիի, Նյուվադիի մարտերի մասնակից երեւանցի Ալբերտ Ավետիսյանը,- մեկ-մեկ որ առիթ է լինում՝ հավաքվում, հիշում ենք պատերազմի ժամանակ իրար հետ քաշած ծանր օրերը, իրար մխիթարում ու սիրտ ենք տալիս»:
«88-ից Շարժման մեջ էի, պատերազմի առաջին օրերին, ինչպես բոլորը, ես էլ գնացի իմ պարտքը Հայրենիքիս հանդեպ կատարելու»,- պատմում է 59-ամյա Ալբերտ Ավետիսյանը: Զինադադարից հետո Ալբերտը չի վերադառնում: «Լաչինի առաջին բնակիչն եմ,- ասում է,- մի քանդուքարափ տուն վերցրի Լաչինում, վերանորոգեցի, վարկ վերցրի՝ անասուն առա, կնոջս ու երեխայիս հետ հաստատվեցինք Լաչինում»: Երեւանի բնակարանը թողնում է առաջին ամուսնությունից ծնված զավակներին: Երկրորդ կինը, որ պատերազմի ողջ ընթացքում հետեւել է ամուսնուն, առողջական խնդիրներ է ունենում. «2000 թվականն էր, կնոջս բերեցի Երեւան բժշկի, թոքի քաղցկեղ ուներ… չապրեց»: Լաչին վերադարձն առանց կնոջ Ալբերտի համար առավել ծանր է դառնում. «Մտածում էի՝ մենակ ո՞նց եմ տնտեսություն վարելու, երեխային խնամելու»: Լաչինում փորձում է գոնե աշխատանք գտնել: «Էն ժամանակ Լաչինի վարչակազմի ղեկավարը Ալեքսան Հակոբյանն էր, խոստացավ օգնել, հետո էնքան տարավ-բերեց ու ոչ մի բան չարեց, որ մի օր էլ չդիմացա՝ երկու թթու խոսք ասի, ասի՝ էս արդեն պաշտոն ունեք, հաստացել եք, մերնմաններին բանի տեղ չեք դնում…»: Այդ «երկու թթու» խոսքը, Ալբերտի համոզմամբ, շատ ծանր է նստել իր վրա: Վերադառնալով Լաչին՝ տեսնում է` իր վերանորոգած բնակարանը հատկացրել են ուրիշի: «Եթե ես էդ երկու թթու խոսքը Ալեքսան Հակոբյանին ասած չլինեի, տանս ձեռք չէին տա, որովհետեւ Լաչինում լիքը պարապ տներ կային, հենց իմ՝ տանջանքով վերանորոգած տո՞ւնը պետք է ուրիշին հատկացնեին»: Ալբերտի հավաստմամբ` իր բացակայությամբ փողոց են նետել տան իրերը, որոնց մեջ եղած ընտանիքի բոլոր փաստաթղթերը կորել են: Բազմաթիվ դիմում-բողոքներն արդյունք չեն տվել. «Դիմում էի մեր նախագահին, ասում էին՝ պետք է դիմես Ղարաբաղի նախագահին, դիմում էի Ղարաբաղ՝ ասում էին` պետք է Հայաստանին դիմես, մինչեւ հիմա չեն իմանո՞ւմ` Լաչինն ումն ա, ո՞ւմ դիմեմ»: Ալբերտի խնդրով զբաղվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը. «Գնացին Լաչին, գործը քննեցին, հետ եկան, ասին՝ ճիշտ են արել, որ տունը ձեռիցդ առել են, որովհետեւ դու վարկ ես վերցրել ու չես վերադարձրել, տունը վարկի փոխարեն են վերցրել, այնինչ վարկը ես վերցրել էի 1997-ին՝ մեկ տարի ժամկետով, 1998-ին վարկը փակված էր արդեն, եթե վարկի համար էին վերցնում՝ ինչո՞ւ շուտ չէին վերցնում, փաստորեն մարդու իրավունքների պաշտպանի համար նրանց ներկայացրած բոլոր կեղծ փաստաթղթերը ճիշտ են, ես՝ սուտ»: 2002 թվականին Երեւանում Ալբերտին հաջողվում է անձամբ հանդիպել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին. «Զանգեց Ղարաբաղի վարչապետին, կարգադրեց իմ հարցով զբաղվել, ինձ էլ ասեց՝ հիմա Ամերիկա եմ գնում, մինչ գամ` հարցդ լուծված կլինի»: Ալբերտին հաջողվել է անձամբ դիմել նաեւ մեր վարչապետին. «Ասաց՝ պրոբլեմ չունես, գնա Լաչին, ասա` Անդրանիկ Մարգարյանն ա ուղարկել, էլ չասի՝ այ մարդ, բա չե՞ն ասի՝ վարչապետը թող մի թղթի վրա գրեր կամ զանգեր, էլ չասի՝ այ մարդ, ես սոված-ծարավ փողոցներում եմ քնում, ես փող ունե՞մ, որ հասնեմ Լաչին, ասեմ` ինձ վարչապետն ա ուղարկել՝ վրաս խնդան»: Գրավոր ու բանավոր, ում հնարավոր է եղել, դիմել է. «Իմ նամակներին արդեն չեն էլ պատասխանում, մենակ մակագրում են՝ «Հաջորդ անգամ ձեր գրած նույնանման նամակներին չենք պատասխանի»:
2000 թվականից մանկահասակ դստեր հետ Ալբերտն ապրել է՝ որտեղ պատահի: «Ինչ-որ շենքերի պահակների մոտ էինք քնում, էրեխուն դոշիս սեղմում-քնում էի»: Դուստրը՝ 12-ամյա Լիլիթն այժմ «Զատիկ» մանկատանն է, իսկ ազատամարտիկ հայրը, որին նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի միջամտությամբ կացարան էին հատկացրել Քանաքեռի Պրոթեզավորման կենտրոնում, այժմ նորից փողոցում է հայտնվել. «Ասին՝ էդ շենքը սեփականաշնորհում ենք, ու դուրս արին»: Մի քանի օր Ալբերտին իր նման անապաստան մի կին է օթեւան տալիս. «Շան բնի չափ մի խուց կա պրոթեզարանի շենքի մոտակայքում, էդ ծեր կինն ասաց՝ ես ծերանոց եմ գնում, դու կգաս այդտեղ կապրես»: Ալբերտի բախտը, սակայն, այստեղ էլ չի բերում. մի քանի օրից ծեր կինը վերադառնում ու հետ է պահանջում իր կացարանը՝ նրան էլ ծերանոց չեն վերցրել: Պատերազմի ժամանակ կոնտուզիա տարած Ալբերտն արդեն շփոթում է դեպքերը, դեմքերը, տարիները, իրադարձությունները: Հիշողության մեջ միայն վառ տպավորված են ձմռան ցրտերին Երեւանի փողոցներում անցկացրած գիշերները. «Ամռանը՝ ոչինչ, շան նման մի կերպ փողոցներում դիմանում եմ»: Ալբերտն այժմ Երեւանի «Սթրես-կենտրոնում» է գտնվում, տարին մի անգամ քայքայված առողջությունը վերականգնելու անվճար հնարավորություն ունի: «Ստամոքսի խոց ունեմ,- ասում է,- սիրտս լավ չի, արյունս վատ է շրջանառում, զգում եմ՝ արյունս պտտվում, գալիս գլխիս մեջ խցանվում է, խոսում-խոսում՝ մեկ էլ լրիվ անջատվում եմ»:
Ասում է՝ չգիտեմ` ինձ ինչքան կպահեն էս հիվանդանոցում, գոնե էնքան պահեն՝ մինչեւ օրերը տաքանան, թե չէ՝ դուրս գամ ո՞ւր եմ գնալու, դեմն էլ ձմեռ է…
Ասում է՝ երեխան ուզում է ինձ հետ լինել, կարոտում է, չի դիմանում, շաբաթը մի անգամ գնում-տեսնում եմ, բայց ի՞նչ օգուտ…
Ասում է՝ Լիլիթս շատ է զգայուն… Մի անգամ փողոցում հանդիպում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին. «Իգիթյանի Մանկական գեղագիտական կենտրոնից էր դուրս գալիս, երեխու հետ մոտեցանք, պատմեցինք ինչ օրի ենք, մի հատ էլ գրավոր տվինք մեր պատմությունը, ձեն չհանեց, մենակ ձեռը դրեց էրեխու գլխին, մի հատ էլ խաչ տվեց երեխուն ու գնաց, հենց գնաց՝ էրեխեն խաչը շպրտեց. ոչ գրավոր, ոչ բանավոր կաթողիկոսից էլ պատասխան չստացանք…»: