Խոշորներն ավելացրել են հարկերը

08/11/2011

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) երեկ հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Միանգամից նշենք, որ երբեմնի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերականգնել է հանրապետության խոշոր հարկատուի կարգավիճակը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոմբինատը 2.5 անգամ ավելացրել է պետբյուջե մուծված հարկերի չափը՝ 8.8 միլիարդից հասցնելով 22.5 միլիարդ դրամի։ Արդյունքում՝ Զանգեզուրը նախորդ տարվա 5-րդ հորիզոնականից բարձրացել է 1-ինը։ Առաջին տասնյակում տեղ են գտել «ՀայՌուսգազարդը», «Ղ-Տելեկոմը», «Ալեքս-Գրիգը» եւ այլ ընկերություններ։ Հարկերի չափը զգալիորեն՝ շուրջ 2 անգամ, մեծացրել է նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայանները»՝ 2.8 միլիարդից հասցնելով 5.5 միլիարդի։ Ամենայն հավանականությամբ, սա կապված է նոր տերմինալի շինարարությանն ուղղված ծախսերի հետ։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նրանց զբաղեցրած տեղերով եւ հարկերի աճի տեմպով, ներկայացված է աղյուսակում։

Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել 352.8 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր։ Սա կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 72.7%-ը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` խոշոր հարկատուների վճարած հարկերի գումարն աճել է 10.7%-ով։ Նշենք, որ ընդհանուր հարկային մուտքերն աճել են 9.9%-ով՝ 441.1 միլիարդ դրամից հասնելով 485 միլիարդի։ Սա նշանակում է, որ հարկային բեռի ավելացումը հավասարաչափ է բաշխվել, եւ խոշոր բիզնեսն ինչ-որ տեղ ավելի շատ է նպաստել հարկային մուտքերի աճին։