Հանդիպել են

08/11/2011

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: ՀԱԿ-ից news.am-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետները, մասնավորապես, անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ, որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող լրջագույն մարտահրավերներին` հատկապես նշելով ահագնացող արտագաղթի խնդիրը: Որպես Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալի, Տեր-Պետրոսյանն ընդգծել է օրինական ընտրությունների անցկացման ապահովումը եւ օրինակարգ իշխանությունների ձեւավորումը: Նա ներկայացրել է նաեւ ՀԱԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը եւ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամներ Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը: