Խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական շտաբի պետի եւ պետի տեղակալի նշանակման մասին հայտարարությունները կարծես թե սպասում են առաջացնում, թե այդ առումով ինչ վիճակ է մյուս կուսակցություններում:
Քաղաքական դաշտում ակտիվ այլ կուսակցությունները նո՞ւյնպես շտաբներ ձեւավորել են կամ որոշել են, թե ով է ղեկավարելու իրենց նախընտրական կենտրոնական շտաբը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 10 օր առաջ հայտարարեց հրաժարական տալու մասին, որից հետո նշանակվելու է ՀՀԿ-ի շտաբի պետ, իսկ մի քանի օր առաջ էլ նախագահի աշխատակազմի ղեկավար Միքայել Մինասյանը հրաժարական տվեց` հայտարարելով, թե դառնալու է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, որպեսզի ընտրությունները կազմակերպելու հարցում օգնի Հ.Աբրահամյանին: Երեկ մի քանի կուսակցություններից փորձեցինք տեղեկանալ, թե նախընտրական ինչ գործունեություն են ծավալում, կամ ունե՞ն արդյոք կենտրոնական շտաբ ու շտաբի պետ: Կոալիցիոն ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցություններից պատասխանեցին, որ դեռ շուտ է, եւ նման քննարկումներ չեն արել, որ իրենք միշտ էլ ակտիվ կուսակցական գործունեություն են ծավալել, մարզերում ունեն գրասենյակներ, որոնց հիմքի վրա կստեղծվեն տեղական շտաբները: Իսկ այն, որ ՀՀԿ-ն արդեն ձեւավորում է իր նախընտրական կենտրոնական շտաբը, ունի շտաբի ղեկավարներ, դա այդ կուսակցության գործն է: Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի շտաբի պետը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էր, իսկ ՕԵԿ-ինը` Մհեր Շահգելդյանը: Այս երկու կուսակցություններից էլ չբացառեցին, որ նույն մարդիկ նորից կարող է ղեկավարեն իրենց շտաբները: Նախընտրական ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի գրասենյակից տեղեկացրեցին, որ արդեն տարածքային կառույցներ են ստեղծել հանրապետության գրեթե բոլոր մարզերում, որոնք ընտրություններից առաջ կվերածվեն նախընտրական շտաբների: Ինչ վերաբերում է կենտրոնական շտաբին ու շտաբի պետին, ապա, ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, իրենք զբաղված են ամենօրյա կուսակցական աշխատանքով` նախընտրական ծրագրի մշակմամբ եւ տարածքային կառույցների հզորացմամբ: «Ըստ էության, ոչ ֆորմալ առումով մենք այսօր էլ արդեն գործում ենք շտաբի ռեժիմով, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող ենք հայտարարել նախընտրական շտաբի ստեղծման մասին»,- նշեց Մ. Այվազյանը: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2008թ. նախագահական ընտրություններում ղեկավարում էր Լ.Տեր-Պետրոսյանի շտաբը:
Գրեթե նույն պատասխանը տվեցին ՀՅԴ-ից եւ «Ժառանգությունից»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ եթե ՀՀԿ-ն արդեն շտաբի պետ է նշանակել, դա չի նշանակում, որ մյուսներն էլ շատ արագ պետք է հետեւեն նրան: Նա նաեւ կատակով ավելացրեց. «Դուք զբաղվեք ՀՀԿ-ով, մենք կզբաղվենք մեր գործերով»:
Իսկ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք իրենց կառույցներով ցանկացած պահի պատրաստ են ընտրությունների: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե իրենց կառույցներին բոլոր հանձնարարությունները տրված են: «Մենք ամեն նախկին սովետական շրջանում ունենք շտաբ: Այդ շտաբը քարոզչական աշխատանքներ է կատարում, նաեւ հանձնարարություններ են տրված` պատրաստվել ընտրական պրոցեսներին»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:
Բոլոր կուսակցություններն էլ հայտարարում են, որ իրենք ընտրություններից անմիջապես հետո պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Բայց արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ շուտ չէ նախընտրական շտաբ ձեւավորել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ընտրական օրենսգրքի հիմնական հեղինակ Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ` նախընտրական գործունեության կամ քարոզչության ժամկետները որեւէ կերպ սահմանափակված չեն, եւ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս հաջորդ ընտրությունների նախընտրական քարոզչությունը սկսել նոր խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո: Նրա ներկայացմամբ` դա եվրոպական մոտեցում է: Օրենսդրությունը միայն կանոնակարգում է, որ ընտրություններից առաջ արդեն պաշտոնական քարոզչության ժամանակահատվածում բոլոր կուսակցություններն ունենան պետական ռեսուրսներն օգտագործելու հավասար հնարավորություն: Օրինակ, կարողանան հանրային հեռուստաընկերությամբ հավասար պայմաններով ցուցադրել իրենց նախընտրական հոլովակները: Իսկ արդյո՞ք ընտրողների կամ ընտրական պրոցեսին մասնակցող մյուս կուսակցությունների նկատմամբ հոգեբանական կամ քարոզչական ճնշում չի կարող համարվել, տվյալ դեպքում, ՀՀԿ-ի քայլը: «Դա այդպես չի կարող համարվել, որովհետեւ յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է ընտրությունների ժամանակ առավել ձայներ հավաքել, եւ բնական է, որ նա օրենքի սահմաններում կուզենա իրականացնել համապատասխան»,- ավելացրեց Դ.Հարությունյանը:
Այնուամենայնիվ, ՀՀԿ-ի այդ քայլը իսկապե՞ս նախընտրական նպատակ ուներ, թե՞ դա կապված էր միայն կուսակցության վերնախավում կադրային վերադասավորումների կամ զտումների հետ: Քաղաքական շրջանակներում գերակշռող է տեսակետը, թե Ս.Սարգսյանը ընտրություններին ընդառաջ փորձում է նախին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հետ որեւէ կապ ունեցող պաշտոնյաներին հեռացնել ղեկավար պաշտոններից: «Ես չգիտեմ, թե դա ում կադրերն են, որովհետեւ, երբ Քոչարյանը կադր է նշանակել, կողքը միշտ եղել է Ս.Սարգսյանը: Նրանք միասին են աշխատել: Ս.Սարգսյանը Հայաստանի կադրերն ավելի լավ է իմացել, քան Քոչարյանը, երբ Հայաստան է եկել, որպես վարչապետ կամ նախագահ: Նա միայնակ չէր կարող նշանակել` հաշվի չառնելով Ս. Սարգսյանի կարծիքը»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա կարծիքով, պարզապես լարում կա կոալիցիոն երկու խոշոր ուժերի միջեւ, որ կուսակցություններից մեկի ղեկավարը մտածում է, որ ինքը չպետք է միշտ երկրորդ դերում մնա, որ պետք է բարձրացնի իր դերը, մեծացնի ազդեցության դաշտը, ավելի շատ տեղեր ու նախարարական պորտֆելներ ունենա: Ա.Ադիբեկյանի սոցհարցումներով միշտ ՀՀԿ-ն առաջին հորիզոնականում է, այն էլ` հաջորդներից զգալի առավելությամբ: Սոցիոլոգը դա բացատրում է հիմնականում այն հանգամանքով, որ Հայաստանի ավելի քան 900 համայնքներից մոտ 600-ի ղեկավարներն այդ կուսակցության անդամներ են կամ ընտրվել են դրա աջակցությամբ: Նրա տվյալներով` ՕԵԿ-ն ունի մոտ 90 համայնքապետ: Եվ այս կուսակցությունն այդ թիվը ստացել է դեռ գործող, բայց որեւէ կուսակցությանը չպատկանող համայնքապետերին որոշակի օգնություն ցուցաբերելու արդյունքում` ՕԵԿ-ին անդամագրելով: ԲՀԿ-ն ունի մոտ 75 համայնքապետ, ՀՅԴ-ն` մոտ 50 համայնքապետ: Ահա այս թվաբանությունը նկատի ունենալով` Ա.Ադիբեկյանը գտնում է, որ ՀՀԿ-ն ընտրություններին առավելություններ ունի: Բացի այդ, ընտրությունների ժամանակ էական նշանակություն ունեն նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, որոնք սեփական քարոզչությանը զուգահեռ` աշխատում են նաեւ իրենց կուսակցությունների օգտին: Այդ դեպքում ընտրությունների վրա ազդող նման ծանրակշիռ գործոններ ունենալով` ՀՀԿ-ն ինչո՞ւ է շտապում: Հատկապես, որ քաղաքական դաշտում դեռ ոչ մի ուժ նման որոշումներ չի կայացրել: Ա.Ադիբեկյանը գտնում է, որ բոլորովին էլ շուտ չէ: Ըստ նրա, եղել են ընտրություններ, երբ կուսակցությունը 9 ամիս առաջ է հայտարարել իր շտաբի պետի նշանակման մասին: