Ինչ է իրենից ներկայացնում մանկատունը, ինչ է կատարվում նրա պատերի ներսում, ինչ կկարդաք ճակատագրի քմահաճույքին թողնված երեխաների աչքերում։
Հիշում եմ մանկատան սան Աշոտ Պապիկյանին։ Գեղեցիկ, հաղթանդամ տղա էր։ Հանկարծ «հիշել» էր դաստիարակներին եւ հին աշակերտի նման այցելել մանկատուն` երախտիքի իր խոսքն ասելու իր ձեռքը բռնած դաստիարակչուհի ընկեր Վերային թե բժշկուհի Օֆելյային։
Աշոտը նոր էր ոտք դրել մանկատուն, երբ օղու ազդեցության տակ վեճի բռնվեց փայտամշակման վարպետի հետ, դանակահարեց նրան։ «Երեւի գաղութ կտանեն»,- մտածում էինք մենք։ Սակայն մանկատան կոլեկտիվը չուզեց, որ նախկին սանին կալանեն։ Ավաղ, այդ արարքից շատ չանցած, նրան բռնեցին քաղաքի հանրակացարաններից մեկում գողություն կատարելիս։
Տարիներ են անցել։ Չգիտեմ, նա կալանավայրո՞ւմ է, թե՞ ազատության մեջ։ Բայց չեմ կարող մոռանալ նրա արցունքները, երբ մեղադրյալի աթոռին էր նստած։
Չեմ կարող չհիշել նաեւ Արթուր Բաբայանին, նրա երկու քույրերին։ Մայրը ամիսը մեկ-երկու անգամ այցելում էր մանկատուն։ Մի օր էլ, հերթական այցի ժամանակ, երեխաներին ձայնարկիչ եւ էլի որոշ թանկարժեք իրեր էր բերել, իսկ մի քանի օր անց մանկատուն եկան մեզ անծանոթ համազգեստներով երեք հոգի եւ մեզանից տարան այն ամենը, ինչ Արթուրի մայրն էր տվել, հետո մանկատան աշխատակիցները շշուկով իրար մեջ խոսում էին, որ միլիցիոներները եկան ամենը տարան։ Պարզվել էր, որ այդ ամենը գողացված է, եւ նա երկրորդ անգամ կալանավորվեց։ Արթուրը իր քույրերի հետ մնաց մանկատանը, սովորեց եւ ավարտեց դպրոցը։ Իսկ մի գիշերով «ժամանեց» մանկատուն, կատարեց իր «գործը»։ Կոտրելով լուսամուտի ապակին` նա թափանցել էր հայոց լեզվի եւ գրականության դասասենյակ եւ չհրկիզվող պահարանից հափշտակել մեծ գումար։ Ճիշտ է, դրամը հայտնաբերվեց, եւ Արթուրն էլ ընդունեց իր մեղավորությունը, բայց… ինչքան եմ խորհել այդ քայլին դիմելու դրդապատճառների մասին։
Զրուցում եմ Կարենի, Վազգենի եւ Սերգեյի հետ, նրանք, մանկատնից հետո, տեղափոխվեցին սովորելու Դավիթաշենի ուսումնարանում, սակայն հետո ուսումնարանի «աչալուրջ» մանկավարժները դատարանում վկայություններ էին տալիս երեխաների դեմ այն մասին, որ գիշերով խոհանոցից սննդամթերք էին գողացել, իսկ այն կատարել էին, քանի որ ձմեռային արձակուրդին ուսումնարանի ճաշարանը փակ է, իսկ երեխաները հացի խնդիր ունեին։ Այդ ամենի համար նրանք ստացան տարբեր չափի պայմանական պատիժ։ Լսելով ծնողի կողմից լքված ու մոռացված, որբության դեմ ընդվզող այս պատանիներին` չեմ կարող միանշանակ դատապարտել նրանց, չեմ կարող, որովհետեւ հաճախ կյանքն է ստիպել, որպեսզի նրանք մի օր սայթաքեն։
Եթե մեր ծնողները մեկ կամ երկու տարի ժամանակով մեզ հանձնում են մանկատուն եւ հետագայում չեն բարեհաճում կատարել իրենց ծնողական պարտականությունները, ապա նման ծնողներին ընդհանրապես պետք է զրկել ծնողական իրավունքից, իսկ այն ընտանիքները, որոնք որդեգրման ցանկություն են հայտնում, պետք է առանց քաշքշուկի դա անեն. չէ՞ որ այս դեպքում կշահի երեխան, ուրեմն` նաեւ պետությունը։ Ի՞նչ անեն այն երեխաները, ովքեր մանկատան սառնաշունչ պատերի ներսում ջանում են մտապահել իրենց մայրերին, ամեն օր, ամեն ժամ հիշողությամբ վերականգնում են նրանց դիմագծերը, որ չմոռանան, որ հետո գտնեն նրանց։
Ախր ո՞ր մեղքի համար է Սիրանուշ Ստեփանյանն իր աղջնակին` Գայանեին, 1990-ի դեկտեմբերին երկու տարի ժամանակով մանկատուն նետել։ Այդ օրից ի վեր` ավելի քան 14 տարի, չի այցելել աղջկան։ Հանձնել է ու մոռացել…
Ժանետային երկու տարով մանկատուն է հանձնել Էմմա Թեոդորյանը, իսկ մեկ տարի անց հայտնվել է այնտեղ` ժամկետը երկարաձգելով եւս երկու տարով։ Քանի՜ երկու տարի է անցել, մայր կոչվածն էլ այսօր «կորած է», ասես գոլորշիացել է։ Իսկ Արմե՞նը, Վաչի՞կը, Յուրի՞կը, Անահի՞տը, Թագուհի՞ն։ Նրանց ինչպե՞ս որդեգրեն, եթե նրանց էլ են ժամանակավոր հանձնել բախտի քմահաճույքին` ընդմիշտ զրկելով որդեգրվելու հնարավորությունից։
Եթե փորձեք ծանոթանալ մանկատան երեխաներին, դժվար չէ նկատել, որ մեծամասնության ծնողները հարուստ, իրենց կյանքն ապահոված մարդիկ են, բացառությամբ որոշ դեպքերի։ Եվ տարօրինակ է` նրանք ոչ միայն իրենց կատարած քայլի համար չեն զղջում, այլեւ շարունակում են ապրել առանց խղճի խայթի։
Ցավ ի սիրտ եմ ասում` ապօրինի երեխաներ չեն լինում, լինում են ապօրինի ծնողներ։ Մի՞թե ժամանակը չէ, որ վերանայվեն որդեգրման կարգի մասին որոշումները։ Չէ՞ որ մանկատան երեխաներն էլ ապրելու, ծնողի քաղցրությունը զգալու իրավունք ունեն։