Ֆրանսիան եվրոպական թիվ մեկ ներդրողն է Հայաստանում։ Մեր երկրում այսօր գործում են ավելի քան 150 ֆրանսիական ընկերություններ։ Փոխադարձ հետաքրքրությունը բավականին մեծ է, մեծ է նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը։ Այդուհանդերձ, մինչ օրս ՀՀ-ում չկար որեւէ կազմակերպություն, որը կմիավորեր հայաստանյան շուկայում գործող ֆրանսիական ընկերություններին, կներկայացներ նրանց շահերը եւ հանդիպման վայր կդառնար ինչպես ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների, այնպես էլ Ֆրանսիայում կամ Հայաստանում գործող մյուս ընկերությունների համար: Հիմնադիրների խոսքերով, նման կառույցի բացակայությունն իրեն խիստ զգացնել էր տալիս, եւ այդ բացը լրացվեց 2011թ. սեպտեմբերին. ստեղծվեց Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը (CAFA)։ Ակումբի գործունեության, եւ ընդհանրապես, հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների շուրջ զրուցեցինք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի, Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Փինարբասիի եւ ակումբի գործադիր տնօրեն Ասյա Կիրակոսյանի հետ։
– Առաջին հարցս, թերեւս, ուղղեմ պրն Փինարբասիին։ Գիտեմ, որ Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը երիտասարդ կառույց է, ընդամենը 2 ամսվա պատմություն ունի։ Ո՞ւմ նախաձեռնությունն էր, ովքե՞ր են հիմնադիրները, ի՞նչ ծրագրեր եւ հեռանկարներ ունեք։
Արման Փինարբասի – Նման ակումբ ստեղծելու գաղափարը եւ ցանկությունը վաղուց կար, սակայն այնպես էր ստացվել, որ ֆրանսիական ընկերություններից յուրաքանչյուրը մտածում էր, որ լավ կլինի, եթե ինչ-որ մեկը նախաձեռնի դա։ Այսինքն՝ առաջին քայլը ոչ ոք չէր անում։ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանը Հայաստան գալուն պես անմիջապես զգաց նման կառույցի պակասը, իր նախաձեռնությամբ հավաքեց մեզ բոլորիս եւ հարցրեց՝ ինչո՞ւ նման կառույց չեք ստեղծում։ Պատասխանեցինք, որ ցանկությունը բոլորիս մոտ էլ կա, սակայն չենք կարողանում իրար մեջ դա կազմակերպել։ Նա մեզ օգնեց այդ կազմակերպչական հարցերում, ոչ միայն գաղափարներով, այլեւ՝ ոգեւորությամբ, էներգիայով։ Միասին մի քանի ժողով արեցինք։ Մեզ ուղղություններ հուշեց, թե ինչպես սկսենք առաջին քայլերը։ Մենք մեզ համար նաեւ ժամկետ էինք որոշել` կազմակերպչական հարցերը լուծել մինչեւ Ֆրանսիայի նախագահի այցը։ Եվ այդպես էլ եղավ։
– Այսինքն՝ գաղափարը Ձերն էր, նախաձեռնությունը` պրն դեսպանինը։
Արման Փինարբասի – Գաղափարը աշխարհում վաղուց կա, պարզապես նախաձեռնողականությունն էր պակասում։ Պրն դեսպանը դա զգալով՝ ստանձնեց «կատալիզատորի» դերը։ Եվ նշեմ, որ նա համաձայնեց ստանձնել ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը։
– Պրն Փինարբասի, Դուք աուդիտով եք զբաղվում, եւ, բնականաբար, բոլորից լավ կարող եք ասել՝ հայաստանյան բիզնեսը որքանով է մրցունակ, թափանցիկ։ Հայաստանի բիզնես միջավայրը որքանո՞վ է գրավիչ օտարերկրյա ներդրողների համար` ընդհանրապես, եւ ֆրանսիացիների համար` մասնավորապես։
Արման Փինարբասի – Այսպես պատասխանեմ հարցին։ Հայկական շուկան, այո, թափանցիկ է եւ գրավիչ։ Սակայն կարող է լինել ավելի թափանցիկ եւ ավելի գրավիչ։ Ինչ խոսք, 1998-ի համեմատ` պայմաններն ավելի լավն են, ճանապարհ կա անցած, եւ այսօր կարելի է նորմալ աշխատել։ Այսօրվա վիճակը կարող ենք համարել ընդունելի, սակայն դեռ ճանապարհ կա անցնելու։ Օրինակ` մեր ընկերությունը 1998 թվականից Հայաստանում է։ Եթե մնում ենք, ուրեմն նորմալ է։ Ոչ ոք ստիպողաբար չի մնում։ Այդ 150 ընկերություններից ոչ մեկը չէր մնա այստեղ, եթե չկարողանար աշխատել, շահույթ ունենալ։ Որքան ավելի մեծ ուշադրություն դարձվի ներդրումային քաղաքականությանը, որքան մեծ լինի աջակցությունը բիզնեսին, այնքան ավելի շատ ներդրողներ կգան, եւ վիճակն էլ կբարելավվի։ Մեր ակումբի նպատակն էլ հենց դա է՝ նպաստել այդ զարգացմանը, նպաստել, որ դաշտը դառնա ավելի թափանցիկ, ավելի գրավիչ եւ մրցունակ։
– Ակումբը պատրաստվո՞ւմ է մոտ ապագայում կոնկրետ քայլեր անել։ Օրինակ՝ առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարությանը՝ բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։
Արման Փինարբասի – Այս պահին որոշ գաղափարներ ունենք։ Սակայն չենք ուզում շտապել, քանի որ դեռ կազմավորման փուլում ենք։ Ցանկանում ենք ամբողջությամբ կազմավորվել, այդ գաղափարները քննարկել բոլոր անդամների հետ (այդ թվում` ապագա), նրանցից լսել իրենց գաղափարներն ու առաջարկությունները։ Այսինքն՝ ցանկանում ենք ունենալ ամբողջական տեսակետ, բոլորի կարծիքները հաշվի առնելով։ Հիմա այդ ճանապարհի վրա ենք։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ առաջարկների եւ ցանկությունների մեծ մասը վերաբերում են հարկային միջավայրին, մաքսային գործընթացների պարզեցմանը եւ ընդհանրապես՝ բիզնես միջավայրի բարելավմանը։
– 150 ընկերություններից քանի՞սն են այս պահին հանդիսանում Ձեր ակումբի անդամ։
Արման Փինարբասի – Այսօր ունենք մոտ 15 անդամ։ Մինչ այս պահը կարելի է համարել առաջին փուլը։ Մենք ոչ գովազդ ենք արել, ոչ քարոզարշավ, որ անդամակցեն մեր ակումբին։ Ցանկանում էինք կայանալ, կառույցը ճիշտ հիմքերի վրա դնել, նոր շարժվել առաջ։ Երկրորդ ալիքով, կարծում եմ, ակումբին կանդամակցեն մեծ թվով ընկերություններ։ Այդ հարցերին թերեւս ավելի լավ կպատասխանի ակումբի տնօրենը՝ Ասյա Կիրակոսյանը:
Ասյա Կիրակոսյան – Ինչպես արդեն նշվեց, ակումբում այսօր ունենք մոտ 15 ընկերություններ, որոնք հիմնականում խոշոր ընկերություններ են՝ «Օրանժ Արմենիան», Պեռնո Ռիկարը, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Գրանդ Թորնթոն Հայաստանը, Հայջրմուղկոյուղին, «Մայրենի լեզու» կազմակերպությունը, Բյուրո Վերիտասը, Ինտրաքոլը, Բաղդասարով Կրիստալ Գրուպը, «Եվրոպա» Հյուրանոցը, Սաբերատուր Սեւանը, ԱԲ-ՍԱԴ ընկերությունը, եւ այլն։ Ընկերությունների մեծ մասի ղեկավարները հանդիսանում են մեր հոգաբարձուների խորհրդի անդամներ։ Շրջանակը գնալով մեծանում է։ Պատրաստվում ենք առաջիկայում հանդիպել անդամների հետ՝ տեսնելու համար, թե որոնք են ընկերությունների հոգսերը, սպասելիքները։ Հանդիպումներ են կազմակերպվել եւ շարունակելու են կազմակերպվել պետական մարմինների հետ, օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարության։ Կընդգրկվեն նաեւ խոշոր միջազգային կառույցներ, ինչպես, օրինակ, Համաշխարհային բանկը, Եվրոպական հանձնաժողովը։ Հուսով եմ, որ ակումբն իսկապես կկարողանա լիարժեք կատարել իր հիմնական ֆունկցիան։ Այն է՝ կապող օղակ հանդիսանալ ֆրանսիացի եւ հայաստանցի գործարարների միջեւ։ Նկատի ունեմ նաեւ այն գործարարներին, որոնք դեռ Հայաստանում չեն, սակայն հետաքրքրություն ունեն։ Այսինքն՝ ակումբը դառնալու է այն մեկ պատուհանը, որը հեշտացնելու է նրանց մուտքը Հայաստան՝ ինֆորմացիայի, խորհրդատվության եւ տարբեր ուրիշ առումներով։
– Դա երկկողմանի՞ բնույթ է կրելու։ Այսինքն՝ նույն ծառայությունները մատուցելու եք նաեւ ֆրանսիական շուկայով հետաքրքրվող հայաստանցի գործարարների՞ն։
Ասյա Կիրակոսյան – Ինչ խոսք, այդպես էլ լինելու է։ Ցանկացած հայ գործարարի, որը հետաքրքրված է եվրոպական եւ, մասնավորապես, ֆրանսիական շուկայով, մենք օգտակար կլինենք ինչով կկարողանանք։ Իհարկե, դա կվերաբերի միայն այն գործարարներին, ովքեր կհանդիսանան ակումբի անդամ։ Ոչ անդամներն էլ անուղղակիորեն տեղյակ կլինեն ակումբի գործունեության մասին, եւ միգուցե նրանց մոտ էլ ցանկություն առաջանա միանալ մեր ակումբին։ Մեր դռները բոլորի առջեւ բաց են, խիստ չափանիշներ չկան, անհրաժեշտ է պարզապես հետաքրքրված լինել Ֆրանսիայով եւ ֆրանսիական շուկայով։
– Հարցս ուղղեմ պրն դեսպանին։ Պրն Փինարբասին նշեց, որ Հայաստան գալով՝ Դուք զգացել եք նման ակումբ ստեղծելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսել, որ ակումբը կարող էր ստեղծել իր անդամների համար։ Կամ՝ ի՞նչ խնդիրներ, որ կարելի է այս կառույցի միջոցով հաղթահարել։
Դեսպան Ռենո – Պրն Փինարբասին նշեց, որ Հայաստանում գործունեություն են ծավալում 150-ից ավելի ֆրանսիական ընկերություններ, եւ ժամանակը եկել էր` ի մի բերել, համախմբել այդ ընկերություններին, որպեսզի նրանք ավելի կազմակերպված եւ ավելի տեսանելի ծավալեին իրենց գործունեությունը։
– Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Երեւանում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահը նշեց, որ հատուկ անդրադարձ է եղել առեւտրատնտեսական հարաբերություններին, եւ պրն Սարկոզին պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել՝ խթանելու համար ֆրանսիական ներդրումները Հայաստանում։ Կոնկրետ ո՞ր ոլորտները կարող են դառնալ ֆրանսիական կապիտալի հետաքրքրության առարկա։
Դեսպան Ռենո – Այո, տնտեսական համագործակցությունը նախագահների շոշափած առանցքային թեմաներից մեկն է եղել։ Փորձը ցույց է տվել, որ ֆրանսիացիները եւ հայերը սիրում են իրար հետ աշխատել եւ գիտեն՝ ինչպես աշխատեն։ Իսկ Հայաստանում արդեն իսկ գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների ներկայությունը խոսում է այն մասին, որ այստեղ իսկապես աշխատելը հեշտ կլինի։ Ֆրանսիական ընկերությունները ներգրավված են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ արդյունաբերություն, աուդիտ, բանկային համակարգ եւ այլն։ Իսկ ֆրանսիացի ներդրողներին Հայաստան բերելու գործում առաջին քայլը թերեւս դիմելն է ֆրանսիացի գործարարներին, հաշվի առնելով Հայաստանում հաստատված ընկերությունների հաջողությունները, հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ եւ փորձել մուտք գործել հայկական շուկա։ Նաեւ պետք է հաշվի առնել ՀՀ իշխանությունների ցանկությունը՝ տեսնել ավելի մեծ ֆրանսիական ներկայություն, մանավանդ, ենթակառուցվածքներին առնչվող խոշոր ծրագրերում՝ լինի դա երկաթուղային ոլորտը, ավտոճանապարհային շինարարության թե էներգետիկայի ոլորտները։ Այս ոլորտներում մասնագիտացած լուրջ ընկերություններ կան Ֆրանսիայում։ Կա նաեւ հետաքրքրություն այդ ընկերությունների կողմից՝ թեկուզ սկզբնական շրջանում ուսումնասիրություններ անցկացնելու եւ ներգրավվածության նպատակահարմարությունը գնահատելու առումով։ Կցանկանայի խոսել նաեւ արտաքին առեւտրի մասին, քանի որ այստեղ բավականին շեղում կա։ Մի կողմից, Ֆրանսիան Հայաստանի ամենախոշոր ներդրողներից է, մյուս կողմից՝ շատ ցածր տեսակարար կշիռ ունի Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ։ Մեր նպատակն այն է, որ արտաքին առեւտրի մակարդակը բարձրացնենք եւ համապատասխանեցնենք այն մակարդակին, որն առկա է ներդրումների մասով։ Եվ այս առաքելությունն իրականացնելու համար արդեն իսկ իր դերակատարությամբ հանդերձ` Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբը լավագույնս կոչված է այդ բացը լրացնելու համար։ Արտաքին առեւտրի հարցում մեր դիրքորոշումը դրական է, որովհետեւ տեսնում ենք, որ այստեղ զարգացման պոտենցիալ կա։ Եվ այն իրողությունը, որ Հայաստանում Ֆրանսիայի նկատմամբ իսկապես կա առանձնահատուկ, ջերմ վերաբերմունք, կարծում եմ, կարեւոր հաղթաթուղթ է արագ տեղաշարժ գրանցելու համար։
– Տեղի գործարարները այդ անհամամասնությունը եւ արտաքին առեւտրի ցածր մակարդակը պայմանավորում են նաեւ տեխնիկական պատճառներով, այդ թվում՝ վիզային ռեժիմով, որը սահմանափակում է տեղաշարժի, շփման, գործարար կապերի հաստատման հնարավորությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանը որքանո՞վ է մոտեցել Եվրոպային, որքանո՞վ է իրատեսական մոտ ապագայում տեղաշարժման սահմանափակումների մեղմացումը։
Դեսպան Ռենո – Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ տնտեսական հարաբերությունների վրա։ Հայաստան-ԵՄ ասոցիացման համաձայնագիրն արդեն ավելի է կոնկրետանում, նյութականանում։ Այդ համաձայնագիրը մինչեւ տարվա վերջ անկասկած կստորագրվի։ Արդեն իսկ «կանաչ լույս» է տրված մուտքի վիզաների տրամադրման պարզեցման գործընթացին։ Դա ավելի դյուրին կդարձնի հայաստանցիների շփումները ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ԵՄ այլ երկրների հետ։
Իսկ մեր հարաբերություններին նոր թափ կհաղորդվի եկող տարվանից, երբ ազատ տնտեսական գոտիների գաղափարն արդեն լիարժեք կյանքի կոչված կլինի։ Այնպես որ, համատեքստը ճիշտ է ընտրված, իսկ Հայ-Ֆրանսիական գործարարության ակումբի հիմնումն էլ ճիշտ ժամանակին եկավ եւ տեղ զբաղեցրեց այս ամբողջ համատեքստում։