«Ապրանքի պիտանելիսության ժամկետի վրա «սկոչով մեկ այլ պիտակ էին փակցրել»,- ասում է «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը

08/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Անցած շաբաթ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչությունը Ձեր գլխավորած ասոցիացիայի ներկայացուցիչների հետ համատեղ հերթական ծրագրային շրջայցերն էր կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու եւ դրանց վաճառքը բացառելու նպատակով: Ի՞նչ է փոխվում այդ «հերթական» շրջայցերի արդյունքում, երբ հայաստանյան սպառողը շարունակում է բախվել նույն խնդիրների հետ, այլ կերպ ասած` իրավիճակը, կարծես, մնում է նույնը:

– Առաջնահերթ փոխվում է հասարակության ուշադրությունը գերատեսչական մարմինների աշխատանքի նկատմամբ: Իհարկե, դժվար է ասել, թե այդ վերաբերմունքը որքանով է փոխվել, բայց, կարծում եմ` որոշակի առաջընթաց կա: Ստուգայցերի արդյունքում տուգանվել են առեւտրով զբաղվող 17 սուբյեկտներ, իսկ տուգանքը կազմում է 50-100 հազար դրամ: Տուգանվել են «Էդմանս», «Գոլդեն մարկետ», «Բարի Սամարացի», «Վարդան եւ Մոնիկա», «Արաքս Էդիտ», «Ուրարտու», «Բյուրակն», «Էլանժ», «Նոր զովք», «Վահան-Սաթեւ», «Էյջ-Էյ-Փի թրեյդ» ՍՊԸ-ները, «Սթար դիվայդ» ՓԲԸ-ն, ինչպես նաեւ 4 անհատ ձեռնարկատերեր` Հրանտ Խաչատրյան, Նաիրա Արշակյան, Վիլիկ Կոստանյան եւ Նարինե Տոնոյան:

– Իսկ քանի՞ օլիգարխի խանութ է տուգանվել, թե՞ դարձյալ այդ հարվածի տակ ընկնում են փոքր ու միջին բիզնես ունեցող ձեռնարկատերերը:

– Ես չեմ կարող ասել, թե ովքեր են վերոնշյալ սուբյեկտների սեփականատերերը: Կարող եք ինքներդ հետաքրքրվել, թե որ սուբյեկտն ում է պատկանում: Ստուգայցերն անցկացրել ենք Երեւանի Կենտրոն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջաններում: Տվյալ փուլում ուսումնասիրել ենք այդ համայնքների խանութները, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով: Կարող եմ նշել, որ պիտանելիության ժամկետի խախտումներ եղել են կաթնամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի, զովացուցիչ ըմպելիքի եւ բաժակով վաճառվող սառը սուրճի ապրանքատեսակներում: Կաթնամթերքը` որպես արագ փչացող ապրանք, գերակշռում էր խախտումների ցուցակում, մասնավորապես, ժամկետանց էին թթվասերը, յոգուրտը, կարագը, կաթնաշոռը, մսամթերքից` սուջուխը: Մեր հիմնական դժգոհությունն այն է, որ բացի ակնհայտ ժամկետանց ապրանքներից, ավելի շատ տարածված է մի մոլորության ձեւ, երբ նշվում է ինչ-որ ամսաթիվ, բայց շատ դժվար է իմանալ, թե դա ի՞նչ է նշանակում, այսինքն` դա արտադրությա՞ն, թե՞ պիտանելիության ժամկետն է: Մինչդեռ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում հստակ ամրագրված է, որ արգելվում է վաճառել այն սննդամթերքը, որի վրա հայերենով մակնշված չեն արտադրության տարեթիվն ու պիտանելիության ժամկետը: Բացի դրանից, կարեւոր են նաեւ մի քանի այլ ցուցանիշներ, ինչպես, օրինակ, ապրանքի էներգետիկ արժեքը, բաղադրությունը, զտաքաշը, եւ այլն, այլ կերպ ասած` այս ցուցանիշերի որոշ մասը վտանգ է սպառնում մարդու առողջությանը, իսկ մյուս մասը` գրպանին: Ընդ որում` նշյալ ցուցանիշների ցանկում ներառված է նաեւ արտադրողի տվյալների մասին տեղեկությունը, որն օգնում է մարդկանց ճշգրիտ տեղեկատվություն ստանալ: Մեր ձեռներեցները պատկերացնում են, որ դա միայն բողոքներ ստանալու ձեւ կլինի, այնինչ կարող են լինել նաեւ առաջարկներ:

– Պիտանելիության ժամկետի խախտումները որքա՞ն էին օրերի հարաբերակցության տեսակետից:

– Ժամկետները հիմնականում խախտվել են 5-10 օրով, բայց կար նաեւ մի բացառիկ դեպք, երբ ժամկետը խախտվել էր 30 օրով: Որքան հիշում եմ` դա բաժակով սառը սուրճն էր: Կրկին ուզում եմ շեշտել այն մոլորությունը, երբ պիտանելիության պիտակը հնարավոր չէ կարդալ մանր տառաչափի պատճառով, եղել են նույնիսկ դեպքեր, երբ ապրանքի պիտանելիության ամսաթվի վրա սկոչով փակցրել էին մեկ այլ պիտակ, ինչը խիստ պատժելի արարք է:

– Պարոն Պողոսյան, բավական տարածված է նաեւ ապրանքի պիտանելիության ժամկետի պիտակները փոխելը: Տվյալ պարագայում ինչպե՞ս վերահսկել այդ երեւույթը:

– ՀՀ «Սննդամթերքի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք կիրառման ուժ կստանան 2012թ. հունվարի 1-ից: Համաձայն այդ օրենքի` պատժամիջոցները կիրառվելու են հենց այդ ժամանակից սկսած: Անկեղծ ասած, ես որոշակի միտումներ տեսնում եմ, բայցեւ չեմ կարող ասել, թե դիտավորյալ են պիտակները փակցրել ամսաթվի վրա եւ այլն: Միգուցե դա նաեւ պատահակա՞ն է եղել: Կարծում եմ` այս պարագայում կարեւոր է ոչ թե պատժի դաժանությունը, այլ` զգուշացումը: Դրանք, մասնավորապես, գրանցվել են փաթեթավորված հրուշակեղենի, կաթնամթերքի դեպքում:

– Այնուամենայնիվ, օրեր առաջ երեւանյան խանութներից մեկում ինքս ականատես եղա մի դեպքի, երբ հավկիթի վրա արտադրության ժամկետը մակնշված էր մի քանի օր շուտ: Ընդ որում` խանութի վաճառողուհին այս փաստն ընդունեց հումորով` ասելով, թե` «վայ, հավերն այդ ձվերը կածեն մի 3 օրից»: Տվյալ դեպքում ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը:

– Մեր ցավոտ խնդիրներից մեկը ձվի շուկան է: Տարիներ շարունակ ահազանգել ենք, որ ձուն ընդհանրապես չի մակնշվում: Այդ մասին ինքս էլ հայտարարություններ եմ արել տարբեր ամբիոններում` նշելով, որ Հայաստանում մակնշված ձու կա միայն «Սպառողների ասոցիացիայի» չհրկիզվող պահարանում: Չնայած դրան, կարծում եմ` տարեցտարի այդ խնդիրները լուծումներ են ստանում, եւ այսօր հազվադեպ են դեպքերը, երբ վաճառքի հանված հավկիթները չեն մակնշվել: Միեւնույն ժամանակ, մեր ուշադրությունը պետք է սեւեռենք նաեւ առանձին դեպքերի վրա: Օրենքի պահանջը հետեւյալն է` եթե հավկիթը վաճառվում է հատով, ուրեմն` պետք է նշվի արտադրության ժամկետը, իսկ փաթեթավորման դեպքում պետք է նշվեն թե՛ արտադրության, թե՛ պիտանելիության ավարտը: Ընդհանրապես ռուսական եւ եվրոպական ապրանքների պարագայում միշտ հստակ նշվում են արտադրության եւ պիտանելիության ժամկետները, այնինչ Հայաստանում դա գրեթե չկա, ավելին` սպառողը երբեմն ստիպված է լինում փնտրել այդ ժամկետը ու չգտնել, քանի որ շատ հաճախ դա գրվում է գրիչով, որը արագ մաքրվում է:

– Այսինքն` Հայաստանում սպառողը պաշտպանված չէ՞:

– Համաձայն եմ այն դիտարկմանը, որ մեր սպառողը պաշտպանված չէ: Հասարակական կազմակերպությունների խնդիրը ահազանգելն ու ուշադրություն հրավիրելն է առաջացող հարցերի նկատմամբ: Մեր ջանքերը պետք է զուգակցվեն պետական մարմինների աշխատանքի հետ, եւ համատեղ ուժերով կարող ենք գտնել խնդիրների լուծման բանալին: Իսկ այսօր նման համագործակցություն չկա: 2 տարի առաջ Սննդի որակի տեսչության հետ համատեղ ստուգայցեր կազմակերպեցինք վաճառքի տարբեր օբյեկտներում: Մեր բանավոր պայմանավորվածության համաձայն` հաջորդ տարի այս ստուգայցերը պետք է կազմակերպեինք արտադրություններում: Մինչ օրս մենք սպասում ենք դրան:

– Իսկ մի՞թե այս ամենը Կառավարության թողտվության հետեւանքով չէ:

– Հաճախ կատարվող կառուցվածքային փոփոխությունները ետին պլան են մղում այն, ինչ մենք ուզում ենք անել սննդի անվտանգության պարագայում: Յուրաքանչյուր վերակառուցում տեւում է մոտ 6 ամիս, եւ դրա հետեւանքով` ունենում ենք ժամանակի կորուստ: Կարծում եմ` մոտ ապագայում օրենսդրորեն կփոխվի իրավիճակը, եւ սննդամթերքի անվտանգության ստուգումներ կանցկացվեն տարին ոչ մեկ անգամ, ընդ որում` այսօրվա դրությամբ, սննդամթերքի ոլորտում ստուգումները թույլատրվում են տարին մեկ անգամ: Մյուս կողմից պետք է մտածել նաեւ արտադրողների մասին, ովքեր եւս ճնշման տակ են, քանի որ այսօր ստուգող կազմակերպությունների թիվը մոտ 17 է: Իսկ ոչ պակաս կարեւոր է նաեւ սպառողների վերաբերմունքն ու արձագանքը, ովքեր պետք է չզլանան ահազանգել եւ հայտնել կատարված խախտումների մասին: