Չորս ամսական փոքրիկ Վաչագանը կոպերը ճպճպացնելով ննջում է մի սենյակում, որտեղ նույնիսկ իր մայրն ու տատիկն են ցրտից սփրթնել: Քիչ անց շրթունքները ծռմռելով` սովածության նշաններ է ցույց տալիս: Հասկանալով, որ արձագանքող չկա իր քաղցին` մանկական ձայնը տարածվում է շենքով մեկ: Մայրն ու տատիկը խառնվում են իրար: Սեղանին դրված մանկական կերը վերջանում է: Երեխան նյարդային լացից սկսում է կապտել: Ամեն անգամ փոքրիկը քաղցից լաց լինելով` կապտում է, ու մարմինը ձգվում, քարանում է: Տատիկը` Հասմիկն, ասում է, որ հարեւան խանութից այնքան են պարտքով կեր վերցրել, որ աշխատակիցն այլեւս հրաժարվում է «նիսյայով» կեր տալ: Չորս ամսական Վաչագանը վերջին մեկ ամսվա ընթացքում դաժան խոսակցություններ է լսում: Տատիկն ու մայրն ուզում են նրա համար լավ ապագա ստեղծել, բայց այդ ապագայի փնտրտուքը մշտապես ավարտվում է վիճաբանություններով: Հիմա նա ապրում ու քնում է մի մանկասայլակի մեջ, որը տիկին Հասմիկը գտել է Նար-Դոս փողոցի աղբանոցից: Վաչագանն այս վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր ստիպված է լինում լսել իրեն մանկատուն հանձնել-չհանձնելու խոսակցությունները: Տատիկը` տիկին Հասմիկը, դժվար կյանք ապրած կին է ու հասկանում է, որ երեխային պետությունն ավելի լավ ապագա կտա, քան իրենք` մայր ու աղջիկ երկուսով: Աղջիկը` Արմինեն վիրավորված ըմբոստանում է։ «Չեմ տա, մամա, մի՛ ասա, գոնե իրա մոտ ինձ մի ստորացրու: Չեմ տա երեխուս, սպանես էլ` չեմ տա»,- լացակումած ասում է Արմինեն` երեխային մոր ձեռքից կտրուկ խլելով: Մայր ու աղջկա խոսակցությունն այնպես է սրվում, որ Վաչագանը նրանց ձայներից` էլ ավելի բարձր է ճչում: Հասմիկը փորձում է բացատրել իր դաժան մտադրության շարժառիթները. «Ախր հասկանո՞ւմ ես, ես խղճով մարդ եմ: Թոռնիկիս համար կյանքս կտամ, բայց տեսնում ես, չէ՞, երեխեն ինչ պայմաններում ա մեծանում: Ես չեմ, դու ես` ասա` ո՞րն ա ճիշտ: Երեխան պետությանը պետք ա, պետությունը կպահի, որովհետեւ հետո բանակ ա ուղարկելու: Հասկանո՞ւմ ես, մենք տանջում ենք, մենք անգամ մանկական կերը չենք կարողանում ապահովել, որ կշտանա: Էս երեխեն չի կշտանում, ամեն անգամ էնքան ա լացում, որ կապտում ա: Վախենում եմ, հավատա… Ես իրան էլ եմ հասկանում, մայր ա, բայց ինքն ա սխալ թույլ տվել, ու երեխեն մեղավոր չի: Հավատա, որ ուզում եմ երեխայի համար լավ լինի, վախենում եմ…»: Տիկին Հասմիկը պինդ գրկում է թոռնիկին ու սեղմում կրծքին: Արմինեն հասկանում է, որ մայրն անելանելի վիճակից է նման բաներ ասում, բայց ամեն անգամ «մանկատուն» բառը լսելիս` շանթահարվում, վիրավորվում է: Արմինեն 17 տարեկան է` մանկական հայացքով, կյանքից ոչինչ չհասկացող մարդու պես: «Մամաս ա մեղավոր, ինձ չէր թողնում որեւէ մեկի հետ շփվեի: Մարդկանց չէի ճանաչում: Ամբողջ օրը` դպրոց, դպրոցից` տուն: Նույնիսկ չէր թողնում, որ բակ գնայի»,- պատմում է Արմինեն: Հետագայում ծանոթանալով նախկին ամուսնու հետ` Արմինեն սիրահարվում է: Ասում է` սկզբում շատ լավ մարդու տպավորություն է թողել։ «Ժամանակի ընթացքում սկսեցի էնպես սիրել, որ նրա ամեն խոսքին հավատում էի: Ինձ թվում էր` չի կարող մարդը նայել աչքերիդ մեջ ու սուտ ասել: Ես իսկապես սիրել եմ իրան»,- ասում է Արմինեն, ով թեեւ վստահեցնում է, որ հիասթափված է, ու սերը վերածվել է ատելության, այդուհանդերձ, աչքերն այլ բան են ասում: Տիկին Հասմիկը զայրույթից պայթում է` «Հա, ես մեղավոր եմ, ես արգելել եմ, որ մարդկանց հետ շփվի, բայց ես փորձել եմ իրեն պաշտպանել: Հասկանո՞ւմ ես, ես իրան մենակ եմ պահել, ես շատ դժբախտ եմ եղել ու ամեն ինչ արել եմ, որ իմ բախտին չարժանանա: Արի ու տես, որ նորից սխալվել եմ, նորից կրկնել եմ էն սխալը, ինչից ես տառապել եմ: Պիտի թողնեի, որ ճանաչեր մարդկանց ու զգույշ լիներ: Ախր գիտե՞ս ինչ դաժան ա իմ հետ վարվել: Քույրս մահացավ: Քրոջս թաղման ժամանակ դրա հետ փախավ: Ես սգի մեջ, քրոջս հողի տակ էի դնում, իսկ սա էդ, էդ… դրա հետ փախավ»: Մայրն ի սկզբանե դեմ է եղել աղջկա ամուսնությանը եւ մշտապես արգելել է հանդիպել իրենից 19 տարով մեծ այդ տղամարդու հետ: Մորաքրոջ թաղման արարողության օրն Արմինեն սիրած տղամարդու հետ փախել է` հասկանալով, որ այլեւս հարմար ժամանակ չի լինելու մոր հսկողությունից դուրս գալու համար: Քանի որ ամուսինը բնակարան չի ունեցել, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ մի տուն են վարձել եւ ապրել: Ամիսներ անց սկսվել են այն տհաճ պատմությունները, որոնք տիկին Հասմիկը կանխատեսել էր ի սկզբանե։ «Չէր աշխատում, ոչինչ չունեինք: Ապրում էինք ահավոր ձեւով: Հղի էի արդեն… սարսափելի իրավիճակ, անգամ, երբ հիշում եմ, չեմ պատկերացնում` ո՞նց էի դիմանում: Ընկերները կանչում էին, գնում` հարբած գալիս էր: Ասում էի` պիտի աշխատես, էսպես չենք կարա ապրենք: Սկսեց արդեն ծեծել: Մի օր էնպես խփեց գլխիս, որ լսողությունս կորավ: Գնացի բժշկի, ասեցին` հարվածից ա, հետո էլ բորբոքում ա եղել»,- պատմում է Արմինեն, ում տիկին Հասմիկն այդ վիճակում տեսնելով` սարսափել է: Ասում է` աղջկան հայտնաբերել է կապտուկներով, աչքերի տակ սեւացած: Արմինեն, սակայն, շարունակել է հավատալ ամուսնական նորմալ կյանք ունենալու երազանքին: Ամեն անգամ ներել է ամուսնուն ու ամեն անգամ ներելուց հետո ավելի դաժանաբար է ծեծվել: Հարբեցողությունը տեւական բնույթ է կրել: Վարձած բնակարանի մի քանի ամիսների վարձավճարը չմուծելու համար տանտերը սպառնացել է վռնդել նրանց:
Ծննդաբերությունից հետո տիկին Հասմիկն այնպիսի վիճակում է հայտնաբերել աղջկան ու թոռանը, որ այլեւս մտածելու ժամանակ չի ունեցել. «Պատահական գնացի իրենց տուն: Ես զուգագուլպաներ էի վաճառում, որ մի երկու կոպեկ ավելցուկն իրենց տայի: Գնամ` ի՞նչ տեսնեմ… Արմինեին էնպիսի մի ծեծ ա տվել, որ նորածին երեխան գրկից թռել, ընկել ա գետնին: Երեխուս դեմքը կապտած, Վաչիկս գետնին ղժում ա… Մի սոսկալի տեսարան: Ընկերն էլ` տանը: Ընկերն ուզում է երեխուն գետնից վերցնի, բայց չի թողնում: Մի սարսափելի, տանջող իրավիճակ էր: Թոռնիկիս որ չտեսա` գետնին ընկած… Երկուսին վերցրեցի ու բերեցի ինձ մոտ»։ Վերհիշելով կատարվածը` տիկին Հասմիկը լաց է լինում ու փոքրիկ Վաչագանին սեղմում կրծքին: Հիմա Արմինեն ու փոքրիկը ապրում են տիկին Հասմիկի Վարդաշենում գտնվող հանրակացարանի սենյակում: Իսկ սենյակում պարզապես սառնամանիք է: Ամուսնու անմարդկային ծեծից հետո Արմինեն այլեւս չի կարողանում մայրական կաթով կերակրել երեխային` «Կաթը հետ քաշվեց»: 49-ամյա տիկին Հասմիկը դիաբետով հիվանդ է: Աչքերը կուրանում են, մեկ տարվա մեջ մի աչքի տեսողությունից ընդհանրապես զրկվել է: Երբ շաքարը բարձրանում է` դառնում է անկառավարելի: Վերջին անգամ հետազոտվելուց հետո բժիշկը հորդորել է ակնոց կրել. «20.000 դրամ աղքատության նպաստով ենք ապրում: Եթե ես 10.000 դրամ տամ ակնոց առնեմ, էս խեղճ երեխեն ի՞նչ ուտի… Եղունգներս լրիվ փտել, վերքեր են դարձել, կապել եմ, որ հանկարծ ինֆեկցիա չանցնի: Վախենում եմ երեխու համար, հասկանո՞ւմ ես: Եթե ես առողջ լինեի` կյանքի գնով կպահեի: Արմինեին ես միայնակ եմ պահել, բայց ծնողներս ինձ շատ են օգնել: Եթե ես չլինեմ, եթե վաղը մյուս-օրը ես էլ դառնամ անկողնային հիվանդ` ի՞նչ ա լինելու: Խնդրում եմ, գոնե դու ասա, որ ճիշտ ա երեխուն մանկատուն հանձնելը: Հասկանո՞ւմ ես` էս պայմաններում երեխա պահելը մեղք գործելու նման ա: Գոնե վառարան ունենային, փայտով կտաքացնեինք տունը»: Մանկատան անունը հնչեցնելիս` տիկին Հասմիկը կծկվում, ճմրթվում ու փոքրանում է: Արմինեն չարացած աչքերով նայում է մորը: Տիկին Հասմիկը վստահեցնում է, որ արդեն շատ բան չի տեսնում ու վախենում է, որ երեխայի խնամքի հարցում կթերանա: Չի կարողանում հաղթահարել պատասխանատվության այն բաժինը, որը պարտադրված ստանձնել է: Արմինեն խեղճացած ասում է` «Խնդրում եմ` օգնի ինձ, մի թույլ տուր, որ մամաս էդ բառերն ասի: Ես սխալ եմ գործել, ես զղջում եմ, բայց ո՞վ սխալ քայլ չի անում: Մամա՛, ես խոստանում եմ, միշտ քեզ կլսեմ, մամա՛ ջան, միշտ քո ասածով կանեմ, ոնց որ առաջ, մամա ջան, ինչ ասես` կանեմ, ոնց ասես` կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն: Մամա ջան, ախր իմ երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ախր դու էլ ես, չէ՞, սխալվել, բայց ես քեզ չեմ հալածել, ես քեզ չեմ մեղադրել, չէ՞, մամա ջան: Մտածել եմ, որ դու քեզ էնքան ես մեղադրում, որ էլ իմ ասելու կարիքը չկա: Ախր, մամա, ես էլ եմ քո պես, մի տանջի ինձ»: Արմինեն այլեւս չի խոսում, Հասմիկը` նույնպես: Վաչագանն ուտել է ուզում… Այնպես է ճչում, որ նյարդային լացից կրկին սկսում է կապտել: Երեխայի վերջույթներն ահավոր սառել են: Արմինեն, հուզված, երեխային տեղավորում է աղբանոցից գտած մանկասայլակի մեջ: Փոքրիկը չի հանգստանում, ձայնը տարածվել է ամբողջ շենքով մեկ: Հասմիկն ու Արմինեն լռում են, բայց երկուսի մեջ էլ գնում է երեխային մանկատուն հանձնել-չհանձնելու մտքի պայքարը: Արմինեն չի ներում մորը: Հասմիկը չի ներում աղջկան: Վաչագանը երկուսին էլ ներել է: Ուտել է ուզում…