Վարդանանց փողոցի նախկին կոշիկի տան շենքի բակում, անցորդների աչքից հեռու Արոյի օբյեկտը` լահմաջոյանոցը, մշտապես հաճախորդներով լիքն է։ Հաճախորդները գիտեն, որ այստեղ կարելի է էժան լահմաջո ուտել, թան խմել եւ, որ սա միակ տեղն է, ուր կարելի է դրսից խմիչք բերել։ Բիզնեսի սկիզբը դրվեց 94 թվին, երբ, ինչպես ինքն է ասում, մի տարի ընտանիքը սոված մնաց։
«Էլ ճար չկար ապրելու, սոված էինք մնում, մի ծանոթ ունեմ, ասում ա՝ Արայիկ, արի լահմաջո սարքի։ 15 դոլար պարտք արի կնոջս հորքուրի տղուց, երկու դոլար էլ նրա կինը տվեց, տենց սկսեցինք շինել, տան մեջ ենք պատրաստում, թույլատրություն չկա, կինս թխում էր իր ընկերուհու հետ, ես տանում էի վաճառում, օրը 4 անգամ դուս էի գալիս, գիշեր-ցերեկ։ Առավոտը դուս էի գալիս, իրիկունը 2-ին տուն գալիս»։
57-ամյա Արա Թորոսյանը խորհրդային տարիներին եղել է խոհարար։ Խոհարարական բնագավառում հասել է համարյա իր ձգտած բարձունքներին. «Սկեցինք աման լվալով, պոլեր լվալով։ Հետո պովր։ Երազեցի ինտուրիստ աշխատել, ընդունվեցի, համ ռոճիկն էր բարձր, համ շեֆ պովրն էր օրը 10 ռուբլի տալիս, համ կանչում էին հարսանիքի ուտելիքը պատրաստելու»։
Մինչ Խորհրդային Միության քանդվելը 11 տարի հանգստյան սեզոնին խորոված է սարքել Ազովի ծովի ափին. «Մինչեւ 90 թ. աշխատեցի։ Նացիոնալիզմը որ սկսեց, կոմունիստի ուբիրայտես, ճանապարհները փակվեցին։ Որտեւ մենակ ստեղ չէր սկսել, բոլոր տեղերն էլ շարժում սկսվեց, ու գործը կայնավ»։
Աշխատում է տարբեր վետերոկներում։ Ամեն տեղից տարբեր պատճառներով հեռացնում են. «Տենց ա, վետերոկում աշխատում ես, մի բան դուր չեկավ շեֆին, ասում ա` բարի ճանապարհ»։ Ու ստիպված որոշում է սեփական գործ սկսել։
Արայիկի մայրը ուսուցչուհի է եղել, հպարտանում է, որ Կարեն Դեմիրճյանին է դաս տվել։ Նրա հարազատները բարձրագույն կրթություն են ստացել, միայն ինքն է, որ դպրոցում լավ չի սովորել ու բարձրագույն կրթություն չի ստացել։ Ավարտել է խոհարարական տեխնիկում։ Սովետի փլուզումը խլեց նրա մասնագիտական աշխատանքը, նոր ժամանակները նրան հնարավորություն տվեցին բացել իր մեջ գործարարի հատկությունները։ Լահմաջո պատրաստելը նրա պրակտիկայում չկար։ Դեռեւս խորհրդային տարիներին Երեւանում տարածված արաբական կերակուրը, այդ հայկական ֆաստֆուդը կամ պիցցան մեծ պահանջարկ ուներ։ Արայիկը առաջիններից էր, որ վերակենդանացրեց լահմաջոն։ Որոշ չարչարանքից հետո յուրացնում է լահմաջոյի պատրաստման տեխնոլոգիան, որ միայն նրա լահմաջոյին է բնորոշ: Նա միակն է մնացել, որ լահմաջոն պատրաստում է թավաների մեջ, երբ ուրիշները դրա համար մեծ էլեկտրական վառարաններ են օգտագործում։ «Ես իմ անելիքը գիտեմ»,- ասում է նա ու չի պատրաստվում արտադրության եղանակը արդիականացնել, քանի որ սա սիրում են հաճախորդները։
«Հայկական կերակուրներ չկան, ինչ անեմ, ես էլ արաբականն եմ պատրաստում, ժողովուրդը էս ա սիրում։ Ուրիշ բան չեմ էլ ուզում սարքեմ, մենակ լահմաջո։ Ճիշտ ա, հայերը ճաշատեսակներ չունեն, բայց օտարներինը նրանցից լավ են պատրաստում։ Քիշինեւում ընենց բորշչ էի սարքել, որ շշմել էին, ասում էին՝ յա, արմյանի տակ խառաշո բորշչ ումեյուտ գատովիծ, ասում էի` կագդա արմյանի բորշչ գատովիլի, վի նա լապախ խադիլի»։
Երեւանի կենտրոնի մարդաշատ տեղերում հաճախ եղողները տեսած կլինեն Արայիկին, որ սայլակը առաջը գցած հարյուր դրամով լահմաջո է վաճառում։
Լահմաջոյով լիքը սայլակը քշելով` նա շրջում էր Վերնիսաժով, Ռոսիայի տոնավաճառով, շուկաներով, Տիգրան Մեծ փողոցի չենջի կրպակների եւ այլ տեղերով, քաղաքական միտինգների ժամանակ` օպերայի հրապարակով. «Դե, թաղերի միջով գնում ես, ամեն թաղ իրա նայողն ունի՝ թաղը նայող աֆտարիտետներ, որ իրանց տերիտորիան ա, սաղ ախպերություն ա, մենք էլ հարիֆ ենք, մեջները ընկած։ Օրգանն էլ մյուս կողմից։ Հյուրասիրելով թողեցին վաճառել»։
Նրա համար նոր երեւույթ չէր առեւտուրը։ Մանկության տարիներին ֆուտբոլի մարզադաշտում շրջում էր երկրպագուների մեջ ու թեյնիկով ջուր վաճառում։
Սովը հաղթահարելու համար սկսած գործը դարձավ եկամտաբեր բիզնես, ու հնարավորություն տվեց նրան բակում կառուցել իր երկհարկանի լահմաջոյանոցը, որտեղ 7 հոգի են աշխատում։
Նա մինչեւ վերջերս շարունակում էր սայլակով դուրս գալ փողոց, սակայն որդու պահանջով դադարեցրեց. «Ինձ սայլակն ա հարստացրել, դրա համար էլ չեմ ուզում նրանից հրաժարվել, բայց տղես անընդհատ ասում էր՝ այ պապ, ամոթ ա։ Վերնիսաժում դեռ ինձ սպասում են, ասում են` Արայիկ, խի չես լահմաջո բերում»։ Տասը տարվա ընթացքում նրա լահմաջոն 80 դրամից դարձել է 100, որ ամենաէժաններից է Երեւանի լահմաջոյանոցների մեջ։
Արոյի լահմաջոյանոց առաջին անգամ մտնողին թվում է, թե եկել է կրոնական սրահ կամ հավատացյալի օբյեկտ. պատերից կախված են ավետարանական թեմաներով նկարների պարզունակ ու սիրողական արված պատճեններ. Քրիստոսի խաչելություն, Մարիամ եւ մանուկ Հիսուս, Քրիստոսը քարոզելիս եւ այլն։
Բայց Արայիկը որեւէ կրոնական կազմակերպության մեջ չի մտնում։ Կրոնական թեմաներով նկարներ առնելը նրա հոբբին է։ Ավետարան չի կարդացել, բայց հավեսով բացատրում է նկարների իմաստը։
Ավետարանական թեմաների վերաբերյալ իր մեկնաբանությունները չեն բռնում ավանդականին. ցույց է տալիս խաչված Հիսուսի կողքի վերքը ու բացատրում, որ նիզակով խփող զինվորը քրիստոնյա էր, խփել է, որ Հիսուսը շուտ մեռնի, շատ չտանջվի. «Ինչ բան ա քրիստոնեությունը, եթե ինքնուս սիրում ես մարդկությունը, կերակուր պատրաստել ու չես խաբում, մտնում ես ընկերոջ տուն` շնություն չես անում, կլնես քրիստոնյա, էլի»։ Պատմում է, որ հաճախորդներից մեկը իրեն շնորհակալություն է հայտնել, քանի որ պատրաստվել էր մարդ սպանել, բայց լահմաջոյանոցում նկարները տեսել էր ու հրաժարվել այդ մտքից։
Արայիկի մյուս հոբբին աղավնիներն են։ Երկրորդ հարկում լահմաջո պատրաստելու երկրորդ խոհանոցն է, դիմացը հաճախորդների սեղաններն են, կողքը աղավնիների բունը, որտեղ 60 աղավնի կա։ Երկրորդ հարկի հաճախորդները հաճախ լահմաջոն ուտում են աղավնիների թեւերի թփթփոցի տակ։ Ղուշբազությունը ժառանգություն է մնացել հորից. «Աղավնի պահելը նարկոտիկի պես բան ա։ Չես կարում կտրվես։ Հետո ամեն աղավնի իր պատմությունը ունի, մի մասը հորս պահածների ժառանգներն են։ Հո հավ չի՞, որ պատմություն չունենա»։
Ֆրանսահայ բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը բանաստեղծություն է գրել լահմաջոյանոցի մասին. «Շուարած եմ… Ո՞ւր կը գտնուիմ… Չէ՛, ո՛չ հեռավոր վանքի մը մեջ, ո՛չ ալ մոտակա եկեղեցիի մը կամ մատուռի մը մէջ, այլ պարզապես սա մայրաքաղաքին կեդրոնական փողոցի մը կամարե մը անցնելով, բակերե՜ն բավիղներեն եկեր եմ, եկեր ենք ժողովրդական հասարակ մեկ ճաշարան, ուր ոտք չեն կոխած սփյուռքահայ զբոսաշրջիկները։ Վերջին ընթրիքի համե՜ստ սեղան՝ պնակ մը մեջը վրա վրայի դիզված լեհմեճո՛ եւ մե՜ծ սափորով պաղ դա՜ն, եւ Հիսուսնե՜ր՝ նստած, կանգնած ու խաչված, Մարիամնե՜ր։ Աստուածային ընտրանի թռչունները՝ աղունակները տանիքին վրա ղու ղու ղո՜ւ ղու ղու կերթա՜ն կուգան…»։
Արայիկը օրական արտադրում է 300-1000 լահմաջո։ Կախված տարվա եղանակից` լահմաջոյի պահանջարկը փոխվում է։ Ձմռանը ավելի շատ է վաճառվում։ Վերջերս նրա երկու տեսականիոց (լահմաջո, թան) ճաշացուցակին ավելացել է երրորդը՝ լցնովի գարեջուրը, եւ հաճախորդները էլ կարիք չունեն կողքի կրպակից գարեջուր բերելու։