Բուժիչ նամակներ

07/11/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մեղրատու բույսերի թագուհին

Լորենի մանրատերեւ-TILIA CORDATA

Բոլոր ժողովուրդների մոտ լորենին համարվել է Աստծո կողմից տրված բնության առանձնահատուկ պարգեւ։ Հնէաբանները գտնում են, թե Արեւմտյան Սիբիրում աճող լորենին նախասառցային շրջանի մնացուկային ձեւ է, իսկ Հին Եգիպտոսում լորենու մեղրը հարգի է եղել դեռեւս 6000 տարի առաջ։ Հին Հունաստանում համարել են, որ աստվածային անմահական ըմպելիք «ամբրոզիան» պարունակել է նաեւ լորենու մեղր։

Լորենու հայկական անվանումներն են նաեւ` լորի եւ թմբի։ Բույսի անվանումը գրեթե բոլոր սլավոնական լեզուներում ունի նույն` «սՌտՈ» արմատը։ Բոսնիական եւ Խորվաթական լեզուներում հունիս ամիսն անվանվում է` lipanj, լիտվացիները հուլիս ամիսը անվանում են liepa, լեհերը` lipiek, ուկրաինացիները եւ բելառուսները` սՌտպվՖ։ Լորենու ճյուղը եւ տերեւը պատկերել են դրամի վրա, բույսի անունով կոչվել են քաղաքներ` Լիպեցկ եւ Լայպցիգ։

Լորենիների ենթաընտանիքը միավորում է մոտ 40 տեսակի ծառ եւ թուփ, ըստ գենետիկ հատկանիշների` դասվում է փիփերթազգիների ընտանիքին։ Տարածված են հյուսիսային կիսագնդի բարեխառն եւ մերձարեւադարձային գոտիներում, խոնավասեր եւ լուսասեր են, պահանջկոտ հողի որակի հանդեպ։ Լորենին հեշտությամբ է բազմանում սերմերի միջոցով եւ վեգետատիվ եղանակով։ Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանների միջին լեռնային գոտում հանդիպում են Լորենի կովկասյան եւ Լ. մանրատերեւ տեսակները, վերջինս նաեւ` Ծաղկաձորում եւ Հանքավանում։ Լորենու անտառը հատուկ պետական պահպանության կարիք ունեցող Ազգային հարստություն է։ Արեւելյան Ասիայից մինչեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա, Սկանդինավիա հանդիպում են լորենու տարբեր տեսակներ, առավել շատ` մոտ 15 տեսակ Ասիայում։

Լորենին մեղրատու բույսերի թագուհին է։ Համատարած լորենու անտառը, ի տարբերություն այլ ծառերի, հունիս-հուլիս ամիսներին ծաղկման 12-14 օրվա ընթացքում տալիս է այնքան մեղվաբերք, որ մեղուները նույնիսկ չեն հասցնում ծաղկահյութը հավաքել, մեկ ծառից մեղվաընտանիքը կարող է հավաքել 50 կգ մեղր, իսկ 1 հա-ից` մինչեւ 1 տոննա։ Լորենին երկարակյաց ծառ է, այն ապրում է հարյուրավոր տարիներ, կան 700-900 տարեկան ծառեր, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում պահպանվել է իշխան Վլադիմիր Մեծի (980-1015թթ.) ժամանակակից մի լորենի։ Լորենու ծառն ընդունակ է ծաղկահյութ արտադրել 20-80 տարեկանից սկսած, հասուն ծառի բարձրությունը մոտ է 30 մ, բնի լայնությունը 1-2 մետր է, երբեմն` ավելի։ Լորենու տերեւները սրտաձեւ-սրածայր են, փոքր պտուղները հավաքված են առանձին ընձյուղների վրա, որոնք ունեն յուրահատուկ բարակ, լայն «թեւիկ»։ Բողբոջները ձվաձեւ են, միանման, հարթ ու փայլուն, հատկանշական է, որ յուրաքանչյուր բողբոջ ունի ճիշտ երկու եղջերաթիթեղ։ Ծաղիկները փոքր են, դեղին գույնի, հավաքված կիսավահանաձեւ հովանոցների մեջ, ունեն թաղանթատիպ ծաղկակիցներ։

Ծաղիկները պարունակում են եթերային յուղ, դառնանյութ, դաբաղանյութ, ֆլավոններ, կումարին, սապոնին, մոմ, շաքար, կարոտին, ասկորբինաթթու, միկրո եւ մակրոտարրեր, գլյուկոզիդ հեսպերիդին։

Ծաղիկները հավաքում են, երբ դրանց մի մասն արդեն բացվել է, իսկ մնացածը նոր է սկսում բացվել. յուրաքանչյուր ծաղիկ ապրում է 4-6 օր։ Պետք է հավաքել արեւոտ եղանակին` ժամը 10-14-ը, ծաղկաբույլը կտրեք ծաղկակիցի հետ, փռեք թղթի վրա, ծածկեք թանզիֆով` մինչեւ չորանա։

Ծաղիկների պատրաստուկներն օգտակար են հոդատապի, ռեւմատիզմի, նեւրոզի, ընկնավորության, երիկամներում քարերի առկայության դեպքում։

Մանրացրած տերեւը եւ բողբոջը ունեն հակաբորբոքային, ցավազրկող, փափկեցնող հատկություն, օգտակար են այրվածքի, չիբանի, կրծքագեղձի բորբոքման բուժման համար։

Մատղաշ ճյուղերի կեղեւը մթերում են ձմռանը, այն պարունակում է մեծ քանակությամբ խեժ, ունի լեղամուղ հատկություն, օգտակար է նաեւ հոդատապի, թութքի, այրվածքի դեպքում։

Փայտանյութից ստանում են խեժ, որը քսում են էկզեմայով վնասված մաշկին, հազի բուժման համար թիակների մեջտեղն ամրացնում են խեժով մշակված լաթ, որը փոխում են 2-3 օրը մեկ։ Բուժիչ հատկություն ունի նաեւ փայտանյութի մոխիրը։

Վերջապես լորենին օժտված է հզոր դրական էներգիայով, որն օգտակար է դեպրեսիայի, հոգեկան անհանգստության, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։

Լորենին կարող է առաջացնել անհատական անընկալունակություն, երկարատեւ օգտագործելիս կառաջացնի տեսողության թուլացում, նաեւ կարող է բացասական անդրադառնալ սրտի աշխատանքի վրա։

Մեղրն անգույն կամ բաց դեղնավուն է, թափանցիկ, տարբերվում է հաճելի (լորենի ծաղիկը հիշեցնող) բուրմունքով, շատ քաղցր, սակայն ունի որոշ դառնահամություն։ Բյուրեղացած մեղրի (7 ամիս հետո) գույնը սպիտակ է, աննշան ոսկեգույն կամ բաց սաթե երանգով, պարունակում է 36 տոկոս գլյուկոզա, 39% լեւուլյոզա։

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս մեղրը` անգինայի, լարինգիտի, բրոնխիտի, բրոնխային ասթմայի, ստամոքսաբորբի եւ կոլիտի, երիկամների եւ լյարդի հիվանդությունների դեպքում։ Թարախային վերքերի, այրվածքի, էկզեմայի, կրծքագեղձի բորբոքման դեպքում մեղրն օգտագործվում է որպես քսուք։

Լորենու մեղրը ունի հակամանրէ, խորխաբեր, հակաբորբոքային, հանգստացնող, թույլ լուծողական հատկություն։

Դեղատոմսեր

Հազ- Սխտորի քերվածքը խառնեք մեղրի հետ (1։1), խմեք 1 ճ/գ գոլ ջրով` քնելուց առաջ։

Ստոմատիտ- 1 ճ/գ երիցուկի չոր ծաղիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրով, երբ գոլանա, քամեք։ Խառնեք 1 /թգ մեղր, կատարեք ողողում։

Ստամոքսի խոց- Աղացեք գարնանը հավաքած կռատուկի արմատը, զտեք հյութը, խառնեք մեղրի հետ (1։1)։ Թրմեք 3 շաբաթ տաք տեղում, փակ, ապակե տարայի մեջ, քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։

Հեպատիտ- Խառնեք հավասար քանակությամբ երիցուկի, սրոհունդի, անթառամի ծաղիկները, կեչու բողբոջը։ Հումքի 1ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 500 մլ եռջրով։ Խմեք 200 մլ, օրը 2 անգամ, սնվելուց 2 ժամ հետո կամ 30 րոպե առաջ` 1 թ/գ մեղրի հետ։

Կոնյուկտիվիդ- 200 մլ ջրի մեջ (40-50 աստիճան) լուծեք 1 ճ/գ վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ եւ 1 թ/գ մեղր։ Լվացեք աչքերը, դրեք թրջոցներ։

Անգինա- Խառնեք սոխի հյութ եւ 2 ճ/գ մեղր։ Քսեք նշագեղձերին, թրջեք լուծույթի մեջ, մանանեխի սպեղանի դրեք ոտնատակերին եւ մեկ ժամից հագեք բրդե գուլպաներ։

Թոքախտ- Վեց հատ սպիտակ կեղեւով հավի ձուն դրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք 300 մլ կիտրոնի հյութ, փաթաթեք թանզիֆով եւ մուգ ստվարաթղթով, 7-10 օր դրեք հով, չոր, մութ տեղ։ Կեղեւը լուծվելուց հետո ավելացրեք 300 գ հեղուկ մեղր, 150 մլ կոնյակ։ Լուծույթը պահեք հով, մութ տեղում։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, անմիջապես սնվելուց հետո։ Շատ հին, դարերով փորձված դեղատոմս է։

Կլիմաքս- Թրմեք 1 ճ/գ ծաղիկը 200 մլ եռջրում, խմեք օրվա ընթացքում։ Կատարեք տարին երկու անգամ` 1 ամիս տեւողողությամբ։

Այդ շրջանում առաջացած նեւրոզի դեպքում- Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած դաղձի տերեւ, օշինդրի խոտ, հոռոմ-սամիթի պտուղ, լորենու ծաղկաբույլ, բեկտենի սովորականի կեղեւ։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Թրմեք 10 րոպե, քամեք, թանզիֆով զտեք հումքը, խմեք 200-ական մլ` առավոտյան եւ երեկոյան։

Կանացի անպտղության դեպքում` թուրմը խորհուրդ է տրվում խմել այծի կաթի հետ։

Լորենու ածուխ- Չորացրեք բնափայտի կտորները ջեռոցում, այրեք խարույկի վրա, մանրացրեք ածուխը (օրինակ` սրճաղացով)։ Ածուխը կարող է ադսորբացնել (կապել) իր քաշից 90 անգամ ավելի ծանր վնասակար նյութեր։ Կիրառում են սննդային թունավորման, թոքախտի (այծի կաթի հետ), աղեստամոքսային հիվանդությունների, լուծի դեպքում, ցանում արյունահոսող վերքերին։

Խմեք 1-ական թ/գ, օրը 2-3 անգամ` ջրի հետ։