«ՀԱԿ-ը ունի կոնկրետ շահեր եւ հանուն շահի պատրաստ է ընդդիմություն լինել եւ ոչ թե վաճառվել իշխանություններին»,- երեկ ասել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հայտարարությանը, թե իշխանությունները ՀԱԿ-ին 17 մանդատ են խոստացել նոր ԱԺ-ում: «Մենք մանդատի կարիքը չունենք, որեւիցե պայմանավորվածություն որեւիցե մեկի հետ չի եղել: Այ, երբ Սերժ Սարգսյանը կամովի հրաժարական տա, դա կբխի մեր շահերից»,- ասել է նա: Խոսելով վերջին օրերի պաշտոնանկությունների մասին` Լ. Սարգսյանն ասել է. «Ոչ մի անսպասելի բան չեմ տեսնում այս պաշտոնանկություններում, շահերի վրա կառուցված իշխանության հետեւանքը սա պետք է լիներ: Այս պաշտոնանկություններով Ս. Սարգսյանը փորձում է ամրացնել իր դիրքերը»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը, ըստ նրա, պատահական չէր: «Նա չկարողացավ աշխատել իշխանությունների հետ, քանի որ ուներ ռուսամետ դիրքորոշում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, ապա նա, Լ. Սարգսյանի բնորոշմամբ, Քոչարյանի մարդն է ու երբեք էլ աչքի չի ընկել Ս.Սարգսյանի հանդեպ իր հավատարմությամբ, թեեւ ամեն կերպ փորձում էր հակառակն ապացուցել: «Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հավատարմությանը, նա Քոչարյանի հետ համատեղ բիզնես ունի, եւ ցանկացած հնարավորության դեպքում կարող է հրաժարվել Ս.Սարգսյանի հանդեպ իր հավատարմությունից,- հայտարարել է նա` ավելացնելով,- Եթե խոսենք Միքայել Մինասյանի պաշտոնանկությունից, ապա դա կապում եմ Ս. Սարգսյանի ՌԴ կատարած այցի հետ, քանի որ Մ. Մինասյանն արեւմտամետ կողմնորոշում ունի եւ նաեւ մեծ ազդեցություն ունի Ս. Սարգսյանի վրա: Ահա ինչու ՌԴ-ում Ս.Սարգսյանին հուշել են, որ նա վերանայի նրա պաշտոնը: Մոտ ապագայում էլի պաշտոնանկություններ կլինեն` Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանըգ Ս. Սարգսյանը կփորձի ազատվել քոչարյանական կադրերից, որպեսզի ազատվի նաեւ Մարտի 1-ի պատասխանատվությունից»: Նա նաեւ հավելել է. «Եվ հետո, Ս. Սարգսյանը չունի այն կադրերը, որոնցով փոխարինի այս մարդկանց: Ասենք` Նիկոյանը չի կարող Հ. Աբրահամյան դառնալ ԱԺ-ում»: