Կողմ, դեմ, ձեռնպահ

18/11/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձորցիներից շատերը չեն հավատում, թե իրենց մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: «Միեւնույն է, ինչպես ուզեն, այնպես էլ կներկայացնեն արդյունքները: Քաղաքապետին ո՞նց անցկացրին: Նույն կերպ «այո»-ն կանցկացնեն»,- ասում են դեռեւս ՏԻՄ ընտրությունների արդյունքների «շոկից» դուրս չեկածները, որոնց ենթադրությունը կարելի է հիմնավոր համարել, եթե նկատի ունենանք, որ արդեն իսկ պատվիրված հարցումներ են անցկացվում եւ «այո»-ի օգտին 60% ձայներ գրանցում:

Անկախ նրանից` հանրաքվեին կմասնակցե՞ն, թե՞ ոչ, մարդկանց մի մասը, ովքեր արտերկրում հարազատներ ունեն, կողմ են նախագծով առաջարկվող երկքաղաքացիությանը: «Իսկ մի՞թե երկքաղաքացիության կետը բավարար պայման է՝ «այո» ասելու համար, եթե «ոչ»-ի համար ավելի լուրջ պատճառներ կան»,- զարմանում է 1995 թվից ԱԻՄ անդամ, փաստաբան Անահիտ Ալոյանը: Ի տարբերություն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) անդամը դեմ է սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ նրանում տեղ գտած մի շարք կետերի համար, որոնց թվում են՝ «հողը օտարերկրյա քաղաքացուն վաճառելու հնարավորությունը, երկքաղաքացիության իրավունքը»: Ալոյանի համոզմամբ, առաջարկվող նախագիծը նաեւ ազատություններ է տալիս, այսպես կոչված, «աղանդներին» եւ «սեռական փոքրամասնություններին»: «Հետո՞ ինչ, թե Հայրիկյանը կողմ է նախագծին, ես, որպես քաղաքացի, կարող եմ իմ սեփական կարծիքն ունենալ»,- պարզաբանում է վերջինս:

Կենսաթոշակառու, Կանանց հանրապետական խորհրդի անդամ Հենրիետա Մխիթարյանը կողմ է երկքաղաքացիությանը, սակայն մտադիր չէ կատարել իր քաղաքացիական պարտքը եւ քվեարկության գնալ` որպես «վրեժխնդրության» յուրօրինակ ձեւ, քանզի դատական 3 ատյաններում, արդեն 2 տարի է, չի կարողանում պաշտպանել իր ոտնահարված իրավունքները:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման հարցում, թերեւս, ամենաշահագրգիռը հասարակական այն կազմակերպություններն են, որոնք հույս ունեն այդ առթիվ դիտորդական առաքելություն անցկացնելու համար դրամաշնորհային գումարներ ստանալ, եւ, ըստ այդմ էլ, փորձում են համոզել, որ մարդկանց ձայնն անպայման նշանակություն կունենա ընտրության արդյունքների վրա: Իսկ որոշ քաղաքացիներ արդեն իսկ տաք-տաք հետաքրքրվում են, թե «Տեսնես «այո»-ի համար է՞լ են ընտրակաշառք բաժանելու»: