Բանկիրի 8-ամյա որդին հորը հարցնում է. «Պապ, ես հասկանում եմ, որ քո գործը փող վերցնելն ու հետո վերադարձնելն է։ Բայց չեմ հասկանում՝ դրանից դու ի՞նչ օգուտ ես ստանում»։ Հայրը պատասխանելու փոխարեն` բացում է սառնարանը, վերցնում մի կտոր ճարպ (սալ), ցույց տալիս որդուն, հետո դնում տեղն ու հարցնում՝ հիմա հասկացա՞ր։ Տղան, թե՝ ոչ։ «Նայիր, ճարպը վերցրեցի, հետո նույն կերպ դրեցի տեղը։ Բայց մատներս յուղոտվեցին»։
Պատկերավոր ասած՝ մատների վրա մնացած յուղն առեւտրային բանկերի շահույթն է, որը գոյանում է հիմնականում տոկոսավճարներից։ Պարզապես բանկերի դեպքում «յուղը» մի քիչ ավելի շատ է լինում։ Օրինակ՝ Հայաստանում առեւտրային բանկերի շահութաբերությունը կազմում է 10-11%։ Այս մասին օրերս հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ բիզնեսի որոշ ոլորտներում շահութաբերությունն ավելի բարձր է։
Ինչեւէ, բանկային համակարգն այն ոլորտներից է, որտեղ շահույթ ցույց տալն ինչ-որ տեղ անհրաժեշտ է բանկի հեղինակության համար։ Սակայն կառավարությունում, ըստ ամենայնի, այն կարծիքին են, որ առեւտրային բանկերը հակված են նվազեցնելու իրենց շահույթը՝ ավելի քիչ շահութահարկ մուծելու համար։ Հենց դրա համար էլ հայտնի (բայց դեռեւս անհայտ մանրամասներով) հարկային փաթեթով նախատեսվում է փոփոխություն, որը վերաբերում է բանկերի հիմնական միջոցների վերագնահատմանը։ «Ի տարբերություն իրական հատվածի, բանկերն ունեին արտոնություն, այսինքն` կարողանում էին ինքնուրույնաբար վերագնահատել իրենց հիմնական միջոցները, որն ազդում էր շահութահարկի բազայի գնահատման վրա: Այսօր մենք բանկային համակարգի այդ արտոնությունը վերացնում ենք, եւ նրանք նույնպես պարտավոր են լինելու օգտվել մասնավոր մասնագիտացված կառույցների ծառայություններից»,- օրերս ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Թե ինչ կտա այս փոփոխությունը եւ որքանով կավելացնի բանկերի շահութահարկի բազան՝ դժվար է ասել։ Բանն այն է, որ բանկերն այսօր էլ որոշ դեպքերում օգտվում են մասնավոր մասնագիտացված կառույցներից, սակայն դա կրում է ձեւական բնույթ։ Օրինակ՝ վարկավորման ժամանակ գրավադրվող անշարժ գույքի գնահատումը պարտադիր կատարվում է առանձին, անկախ գնահատողի կողմից (սովորաբար՝ անշարժ գույքի գործակալությունների)։ Սակայն «անկախ» գնահատողները, որպես կանոն, ասենք` բնակարանի համար այնպիսի արժեք են որոշում, որը ձեռնտու է բանկին` բնականաբար, չնեղացնելով իրենց մշտական պատվիրատուին։ Ամենայն հավանականությամբ, նույն բանը տեղի կունենա նաեւ այս դեպքում։
Իսկ ինչո՞ւ է կառավարությունը բանկային ոլորտի համար նախատեսել միայն մեկ փոփոխություն։ Մի՞թե բանկային համակարգում ամեն ինչ փայլուն է, եւ մնում էր բարելավել միայն հիմնական միջոցների վերագնահատման հարցը։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «100 քայլ» ծրագրի 20-րդ կետը վերաբերում էր բանկային համակարգին, վարկային կազմակերպություններին ու ներդրումային հիմնադրամներին։ Ընդ որում, հիմնական առաջարկները ոչ թե վերահսկողության խստացման, այլ մեղմացման ուղղությամբ էին։ Օրինակ՝ նախկին վարչապետն առաջարկում է մեղմացնել բանկերի գրանցման պահանջները եւ հիմնական կապիտալի նվազագույն չափը սահմանել 1.5 միլիարդ դրամ՝ ներկայիս 2.4 միլիարդի փոխարեն։ Նա նաեւ նշել էր, որ պետք է բացառել ֆինանսական համակարգի գերլիկվիդայնությունը, քանի որ ԿԲ-ի կողմից հաստատվող հաշվարկային տոկոսադրույքներն ու բանկային ոլորտում առկա հսկայական ռեսուրսները պարզապես վատնում են հասարակության ֆինանսական ռեսուրսները։ Հ. Բագրատյանը համոզված է, որ այդ միջոցառումների շնորհիվ կտրուկ կբարձրանա վարկային ռեսուրսների մատչելիությունը։ Բագրատյանը նշել էր նաեւ, որ «100 քայլով» թվարկված խնդիրների լուծումը թույլ կտա բանկերի ընդհանուր ակտիվները հասցնել ՀՆԱ-ի 70%-ին։ Ամեն դեպքում, կառավարությունը Հ. Բագրատյանի առաջարկած քայլերից ոչ մեկը կարծես չի պատրաստվում իրականացնել (բանկային ոլորտում)։ Թերեւս, կարծում են, որ բանկային համակարգն առանց այն էլ դինամիկ զարգանում է։ Օրինակ` ԿԲ նախագահը նշել էր, որ բանկերի ակտիվներն այս պահին հասել են ՀՆԱ-ի 54%-ին, այնինչ 2008թ. այդ ցուցանիշը եղել է 28%։ Իհարկե, չի նշվել, որ այդ ցուցանիշի բարելավման գործում իր դերն է խաղացել նաեւ այն, որ 2009-ին ՀՆԱ-ն երկնիշ անկում ունեցավ։ Ա. Ջավադյանը խոսել է նաեւ վարկավորման հարցում առաջընթացի մասին։ Մասնավորապես՝ վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2008թ. 16%-ից աճել է մինչեւ 28%-ի։ Այս դեպքում նույնպես էական դեր է խաղացել ճգնաժամը, մի կողմից` ՀՆԱ-ի կրճատման, մյուս կողմից՝ արտաքին աշխարհից ներգրավված հսկայածավալ ֆինանսական միջոցների կողմից։
Ինչեւէ, ԿԲ նախագահը կարծես ավելի հակված է, որ վարկավորումը կատարվի սեփական ռեսուրսների հաշվին եւ ազգային դրամով։ «Եթե մեր քաղաքացիներն իրենց ավանդները բանկում պահեն հայկական արժույթով, ապա մեր բանկերի հնարավորությունները` դրամով վարկ տալ` կմեծանա: Այս պահին 30 տոկոսն է ավանդների պահվում հայկական արժույթով, 70 տոկոսը արտարժույթով է»,- ասել է Ջավադյանը։ ԿԲ նախագահի նշած թվերը պաշտոնական վիճակագրության հետ համադրելի են. ըստ ԱՎԾ-ի տվյալների, 2011թ. սեպտեմբերի դրությամբ առեւտրային բանկերում ավանդների ընդհանուր գումարը կազմել է 876.9 միլիարդ դրամ, որից ընդամենը 266.9 միլիարդն է դրամով (30%)։ Երբ դիտարկում ենք միայն ռեզիդենտներին (ԿԲ նախագահն, ի վերջո, խոսում էր ՀՀ քաղաքացիների մասին), ապա դրամով պահվող ավանդների տեսակարար կշիռն ավելի մեծ է՝ 37% (256.8 միլիարդ՝ ընդհանուր 685 միլիարդի մեջ)։
Միեւնույն ժամանակ, վարկավորման ծավալները գերազանցում են 1.1 տրիլիոն դրամը։ Սա ցույց է տալիս, որ մեր բանկային համակարգը (թերեւս, ոչ իր մեղքով) լիարժեք չի կատարում ռեսուրսների վերաբաշխման իր գործառույթը։ Այսինքն՝ տնտեսության վարկավորմանը ՀՀ բնակչությունը մասնակցում է կիսով չափ։ Մյուս կեսն իրականացվում է արտաքին աղբյուրների հաշվին։ Վերադառնալով ավանդներին՝ նշենք եւս մի նրբերանգի մասին։ Պաշտոնական վիճակագրությունն ավանդների մեջ ներառել է նաեւ ցպահանջ ավանդներն ու հաշիվները։ Սակայն դասական իմաստով՝ ավանդ ասելով` պետք է հասկանալ ժամկետային ավանդները։ Հենց ժամկետային ավանդներն են դիտվում որպես խնայողություն, որոնք կարող են դառնալ վարկավորման աղբյուր։ Այ, եթե ժամկետային ավանդների մեծ մասը լինեին դրամով եւ երկար ժամկետներով, ապա հնարավոր կլիներ մեծացնել դրամով երկարաժամկետ վարկավորման ծավալները։ Սակայն ժամկետային ավանդների դեպքում վիճակն ավելի տխուր է. ընդհանուր 428 միլիարդ դրամի ժամկետային ավանդներից դրամով է ընդամենը 26.7%-ը (114.6 միլիարդը)։
Փաստորեն, ԿԲ-ի համար ցանկալի կլիներ, որ մարդիկ նախ` վստահեին բանկերին, եւ երկրորդ՝ վստահեին դրամին։ Այսինքն՝ կատարեին խնայողություններ ազգային արժույթով։ Սակայն Ա. Ջավադյանն այս հարցում բավականին զգուշավոր է դարձել եւ ուղիղ տեքստով նման կոչ չի անում։ Պատճառներից մեկն այն է, որ ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ է 2009թ. մարտի 2-ը, երբ հայկական դրամը 1 օրում արժեզրկվեց 25%-ով։ Ի դեպ, այն ժամանակ ԿԲ-ն արժեզրկումից օրեր առաջ բնակչությանը կոչ էր անում խնայողությունները պահել դրամով։
Իսկ այժմ, նախկին դառը փորձին գումարվում է այն, որ դրամը սկսել է սահուն արժեզրկվել եւ արդեն մոտենում է 1 ԱՄՆ դոլարը 380 դրամ մակարդակին։ Ասում են, չէ՞, թեյից վառվածը թանն էլ է փչելով խմում։ Այնպես որ, մոտ ապագայում դրամային ավանդների աճ դժվար թե լինի։ Առավել եւս, որ ազգային արժույթին վստահելու համար հասարակությունը պետք է նախ` վստահի իշխանությանը։ Իսկ դա այսօր բավականին դժվար խնդիր է՝ հատկապես վերջին պաշտոնանկությունների պարագայում։