Երեկ տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, կոլեգիայի նիստում մասնավորապես քննարկվել են 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում թույլ տրված խախտումներին եւ դրանց առթիվ ձեռնարկված դատախազական ներգործության արդյունքներին, 2011թ. գարնանային զորակոչի ընթացքում «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման եւ այդ բնագավառում կատարված դատախազական աշխատանքների վիճակին վերաբերող հարցեր: Բացի այդ` զեկուցվել են 2010թ. ընթացքում խուլիգանության դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատավարական ղեկավարման, դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության, ինչպես նաեւ` 2010թ. եւ 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման վիճակի ուսումնասիրության արդյունքները: Քննարկման արդյունքներով` կոլեգիան կկայացնի համապատասխան որոշում` արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ` նախանշելով դրանց հիմնական ուղղությունները: