Ստիպել են ստանձնել Մարտի 1-ի սպանություններից որեւէ մեկը

05/11/2011

Քաղբանտարկյալ, ՀԱԿ ակտիվիստ Ֆելիքս Գեւորգյանին ձերբակալել են, ամենայն հավանականությամբ` նրա հոր` Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Պետրոս Գեւորգյանի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին երեկ հայտարարել է Ֆ. Գեւորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով` սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գեւորգյանին Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը եւ եւս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչեւ հիմա անգամ պարզ չէ` ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե՞ ոչ. «Նրան խոշտանգել են ոչ միայն բերման ենթարկելիս, այլեւ բաժնում, եւ ստիպել են, որ իր վրա վերցնի 2008թ. Մարտի 1-ի 10 սպանություններից որեւէ մեկը, սակայն, երբ Ֆ. Գեւորգյանը հրաժարվել է` նշելով, որ այդ գործով քաղբանտարկյալ է եղել, նրան ստիպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանքը, խոշտանգումներից հետո նա ընդունել է»,- ասել է նրա փաստաբանը: Նա պատմել է, որ Ֆ. Գեւորգյանին բանտում ենթարկել են կտտանքների։ «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, եւ միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, եւ հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն»,- ասել է Ս. Ոսկանյանը: Փաստաբանն անհիմն է համարում այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գեւորգյանը` ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից` ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված , ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարեւանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երեւանի ինչ-որ խանութի հարեւանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ-որ կատյոլից…»,- նշել է փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Վերջինիս պնդմամբ` Ֆելիքս Գեւորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի եւ խոշտանգումների արդյունքում, եւ միայն պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից: «Ըստ Ֆելիքսի, իրեն ասել են` քո վրա վերցրու, հետո ամեն ինչ լավ կլինի, բայց նա հրաժարվել է: Դրանից հետո նրա վրա են բարդել մի շարք անհիմն գողություններ եւ մահակներով ծեծելուց ու ոտքին շիկացած օղակ դնելուց հետո` ինքնախոստովանական ցուցմունք են կորզել»,- երեկ ասել է Ս. Ոսկանյանը: Նա տեղեկացրել է, որ ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի քննությունն իրականացնում է Մաշտոցի քննչական բաժինը:

Հիշեցնենք, որ Ֆելիքս Գեւորգյանը բերման էր ենթարկվել 2011թ. սեպտեմբերի 29-ին: Այժմ նա գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում: